Հանրային հեռարձակողի խորհուրդը հուլիսի 29-ին երկրորդ անգամ կփորձի ընտրել Հանրային ռադիոյի նոր տնօրենին։
Ռադիոյի տնօրենի թափուր հաստիքի համար անցկացված առաջին մրցույթի ժամանակ խորհրդի անդամները դեմ էին քվեարկել բոլոր չորս մասնակիցներին։ Այս անգամ մրցույթին մասնակցում է ութ թեկնածու։ Նրանցից երեքը՝ Գարեգին Խումարյանը, Բելա Հովհաննիսյանը և Մհեր Մարգարյանը մասնակցել էին նաև հունիսին անցկացված մրցույթին։
Առաջիկա մրցույթի անցկացման մասին երեկ ֆեյսբուքյան գրառմամբ իր մտահոգությունն էր հայտնել Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը։ Նա գրել էր, որ հիմնավոր կասկած ունի, թե ընտրությունների արդյունքն արդեն որոշված է և մրցույթում առաջադրված թեկնածուներից հաղթող է ճանաչվելու Արմեն Քոլոյանը։
«Պետք է պարզել, թե հուլիս ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում շենքում աշխատող որ պաշտոնյան է ստորագրել Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի և Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածու Արմեն Քոլոյանի անցագրերը, ում առանձնասենյակ են նրանք միասին բարձրացել, և ինչ է տեղի ունեցել այդտեղ»,- գրել է Խումարյանը։
Նա Հանրային հեռարձակողի խորհրդից պահանջել էր դադարեցնել մրցույթը և նորը հայտարարել, իսկ մասնակից թեկնածուներին էլ առաջարկել էր հետ վերցնել մասնակցության իրենց հայտերը կամ պատրաստվել դատական գործընթացների։
Խումարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկվա գրառումից հետո դեռևս ոչ մի արձագանք չկա։
Ազատություն ռադիոկայանի աշխատակից Արմեն Քոլոյանը Media.am-ին ասաց, որ արձակուրդում է ու այս պահին չի մեկնաբանում իր մասնակցությունը Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին։
Նախորդ մրցույթի մասնակիցներից Մհեր Մարգարյանն էլ, անդրադառնալով Խումարյանի գրառմանն ասաց, որ ինքն անձամբ չունի ինֆորմացիա, որ հաղթող թեկնածուի վերաբերյալ կան կուլիսային պայմանավորվածություններ։ Դա է պատճառը, որ չի պատրաստվում հետ վերցնել իր հայտը։
Մհերը 2003 թվականից աշխատում է Հանրային ռադիոյում, այժմ ղեկավարում է տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը։ Նախորդ մրցույթից հետո վերանայել ու փոփոխել է իր ներկայացրած զարգացման հայեցակարգը։ Կարծում է, որ այժմ այն ավելի մրցակցային է։
«Այն, որ հունիսին անցկացված մրցույթի ժամանակ հանձնաժողովի բոլոր անդամները դեմ էին քվեարկել բոլոր թեկնածուներին, բավարար պատճառ չէր, որ ես նորից չներկայացնեի իմ թեկնածությունը։ Այս անգամ ևս ես մասնակցում եմ ավելի որակյալ, ավելի մրցունակ Հանրային ռադիո ունենալու համար»,-ասում է Մհեր Մարգարյանը։
Հնարավոր կուլիսային պայմանավորվածությունները, ինչի մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր Գարեգին Խումարյանը, չեն զարմացրել թեկնածուներից լրագրող, խմբագիր, հանրային կապերի մասնագետ Բելա Հովհաննիսյանին։
«Գրեթե միշտ էլ հենց այդ կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում են ընտրվել Հանրային ռադիոյի տնօրենները»,- ասում է Բելան։
Բելան հույս ունի, որ թեպետ հանձնաժողովականները չունեն իրեն ընտրելու հրահանգ, բայց երկրորդ անգամ կունենան համարձակ որոշումներ կայացնելու ուժ, կլինեն անաչառ և օբյեկտիվ։
Թեկնածուների ցանկում է նաև 2003 թվականից Հանրային ռադիոյում աշխատող Նազելի Օհանյանը։ Նա Հանրային ռադիոյի «Վերնատուն» հաղորդման հեղինակն է։ ինչպես նաև Բուն TV-ում վարում է «Կոֆե՞ Կենտրո՞ն» հաղորդումը։
«Մրցույթին մասնակցում եմ, որովհետև կարծում եմ ռադիոյին փոփոխություններ են պետք։ Արժեհամակարգային փոփոխություններից մինչև կադրային փոփոխություններ։ Կարծում եմ մրցույթում հաղթելու դեպքում կարող եմ իրականացնել այդ փոփոխությունները»,- ասում է Նազելին։
Ռադիոլրագրողը նշում է, որ վստահում է հանձնաժողովականներին ու պատրաստ է ընդունել նրանց ցանկացած որոշումը։
Հանրային ռադիոյի «Մեդիաաշխարհ», «Անկախության պատմություն», «Հասարակ գիտություն» հաղորդումների հեղինակ Միքայել Յալանուզյանն էլ է թեկնածուների շարքում։ Ներկայումս եթեր հեռարձակվող «Հասարակ գիտություն» հաղորդաշարի ընթացքում իր հյուրերի հետ նա զրուցում է քաղաքագիտությանը, սոցիոլոգիային և հարակից գիտություններին վերաբերող գիտական հոդվածների և գրքերի մասին։
Յալանուզյանը նաև «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի orbeli.am կայքի խմբագիրն ու համակարգողն է։ Նա այս փուլում հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ և ներկայացնել ռադիոյի զարգացման իր տեսլականը։
Ռադիոյի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև լրագրող, «Հրապարակ» օրաթերթի թղթակից, հրապարակախոս Լուսինե Պետրոսյանը։ Նա լրագրության ոլորտում է 1990-ականներից սկսած։ Առաջին հրապարակումները եղել են «Հայաստանի Հանրապետություն» և «Ազգ» օրաթերթերում, թղթակցել է նաև «Առավոտ»-ին։
Լուսինեն Հանրային ռադիոյի տնօրեն է ուզում դառնալ իր համար երկու հիմնական խնդիր լուծելու համար։
«Ես շատ կարևոր եմ համարում Հայաստանի եվրոինտեգրման գործընթացը։ Այս գործընթացը լայն հասարակության համար շատ անհասկանալի է։ Իմ նպատակն է հասկանալի և որակյալ հաղորդումների ու լուսաբանումների միջոցով այդ գործընթացը հասարակության համար դարձնել ավելի ընկալելի։ Երկրորդը՝ հայոց պատմությանը և հայոց լեզվին վերաբերող հաղորդաշարերի քանակն ավելացնելն է։ Քանի որ, եթե մարդը չգիտի իր պատմությունը չի կարող ճիշտ որոշումներ ընդունել ներկայի ու ապագայի համար»,- ասում է Լուսինե Պետրոսյանը։
Անդրադառնալով ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ Լուսինեն ասում է, որ որևէ թեկնածուի նկատմամբ շահագրգռություն ունենալը դեռ չի նշանակում, որ հենց նա պետք է դառնա հաղթող, նրա կարծիքով որոշիչ դերակատարում ունեն թեկնածուների ներկայացրած զարգացման հայեցակարգերն ու նրանց աշխատանքային կենսագրությունը։ Նախքան մրցույթի ավարտը, որևէ գործողության դիմելը Լուսինեի կարծիքով տրամաբանական չէ։
Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուներից է նաև հեռուստատեսության երկարամյա աշխատակից Հակոբ Ռուբինյանը։ ԱՄՆ-ում բնակվող լրագրողի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։
Ռուբինյանը լրագրողական գործունեությունը սկսել է 1980-ականների վերջից։ Աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում, Արմենիա, Պրոմեթևս, Շանթ հեռուստաընկերություններում։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: