2024.06.03,

Նյուսրում

Ովքեր են Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնի հավակնորդները 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

2 օրից՝ հունիսի 5-ին, հայտնի կդառնա Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի անունը։ 

Հանրային հեռարձակողի խորհուրդը մայիսի 22-ին էր հրապարակել թափուր պաշտոնի համար դիմած թեկնածուների ցանկը։ Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին դիմել էին Գարեգին Կորյունի Խումարյանը, Բելա Հրաչիկի Հովհաննիսյանը, Մարիամ Վոլոդիայի Մանուկյանը և Մհեր Մարտիրոսի Մարգարյանը։  

Media.am-ը զրուցել է նրանց հետ։ Փորձել պարզել, թե մասնագիտական ինչ ճանապարհ են անցել, հաղթելու դեպքում էլ ինչպե՞ս են պատկերացնում Հանրային ռադիոյի զարգացումը առաջիկա 5 տարիների ընթացքում։ 

Գարեգին Խումարյան 

Գարեգին Խումարյանը 2019 թվականից մինչև 2024 թվականը ղեկավարել է Հայաստանի հանրային ռադիոն, եղել է Լրատվական ռադիոյի ծրագրերի տնօրենը։ Խումարյանը 2013 թվականից Հայաստանի լրագրողների միության անդամ է։  

Հանրային ռադիոյի նախկին տնօրենն ասում է, որ ինքը մրցույթին մասնակցելու որոշումը կայացրել է Հանրային ռադիոյի աշխատակիցների հետ միասին։  

«Աշխատակիցների հետ ընդհանուր ժողովի ժամանակ, ես իմ գործընկերներին ուղիղ հարց տվեցի, թե ինչպես են վերաբերվում իմ վերաառաջադրվելու երևույթին, ուզում են աշխատել նոր տնօրենի հետ, թե ցանկանում են ինձ հետ շարունակել աշխատանքը։ Մենք անցկացրեցինք փակ գաղտնի քվեարկություն և աշխատակիցների 99,7 % -ից ես ստացա դրական պատասխան, ստացա նրանց աջակցությունը»,- ասում է Հանրային ռադիոյի նախկին տնօրենը։  

Գարեգին Խումարյան։ Լուսանկարը՝ Հանրային ռադիոյի կայքից

Գարեգին Խումարյանն ասում է, որ մրցույթում հաջողելու դեպքում առաջիկա 5 տարիներին ներդնելու է բոլոր ջանքերը, որպեսզի Հանրային ռադիոընկերությունը դառնա Հայաստանի ամենավստահելի լրատվամիջոցը։  

Անդրադառնալով Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից հնչեցրած քննադատություններին՝ հունվարի 31-ին ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցին վերաբերող իր հոդվածի վերաբերյալ, ասում է․ այս փուլում չի ուզում որևէ գնահատական տալ, արդյոք միջադեպը կազդի ընտրության արդյունքների վրա, թե՞ ոչ։  

Բելա Հովհաննիսյան  

Բելա Հովհաննիսյանը սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին աշխատել է Հանրային հեռուստաընկերության «Մայրաքաղաք» ծրագրում։ Հետագայում աշխատել է Հանրային հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծառայությունում, Արմենիա հեռուստատեսությունում՝ որպես քաղաքական լրագրող։ Եղել է Երկիր թերթի քաղաքական բաժնի պատասխանատուն։ Աշխատել է նաև Հանրային ռադիոընկերությունում, որպես հասարակական-քաղաքական հաղորդումների պրոդյուսեր։ Հետագայում աշխատել է որպես հասարակայնության հետ կապերի և լրատվական դաշտի հետ համագործակցության ոլորտի պատասխանատու մի շարք կառույցներում։ 

Մինեսոտայի Համալսարանում մասնակցել է News Production թեմայով վերապատրաստման դասընթացների։  

Բելա Հովհաննիսյան։ Լուսանկարը՝ Բելա Հովհաննիսյանի անձնական արխիվից

Բելան ասում է, որ կարևորելով մեդիայում պրոֆեսիոնալիզմը, որոշել է ուժերը փորձել այս մրցույթում։  

«Իմ ներկայացրած զարգացման հայեցակարգում ես նշել եմ, որ պետք է ունենանք մրցունակ հանրային ռադիո, ոչ միայն հայաստանյան մեդիադաշտում այլ նաև միջազգային։ Այդ ճանապարհին ինչպես կարևոր են տեխնիկական ռեսուրսները, այնպես էլ շատ մեծ է ստեղծագործական թիմում պրոֆեսիոնալ մասնագետների մասնակցությունը»,- ասում է Բելան։ 

Մհեր Մարգարյան  

Մհեր Մարգարյանը տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է։ 2003 թվականից աշխատում է Հանրային ռադիոընկերությունում։ Ղեկավարում է տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը։  

2013-ին Երևանի պետական մանկավարժական համալսարանի առաջարկությամբ մասնակցել է առաջին համալսարանական ռադիոյի հիմնմանը։ 

2015 թվականից զբաղեցնում է հանրապետական սփռում ունեցող առաջին մասնավոր ռադիոընկերության՝ Երևան FM-ի տնօրենի պաշտոնը։  

2016-ից զուգահեռաբար աշխատում է Ռադիո Մարշալ և Ռադիո Շանսոն Երևան ընկերություններում՝ որպես փոխտնօրեն։  

Մհեր Մարգարյան։ Լուսանկարը՝ Մհեր Մարգարյանի անձնական արխիվից

Մհերը 2019 թվականին էլ է մասնակցել Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին։ 

Արդեն երկրորդ անգամ մասնակցելով՝ նպատակ ունի տարիների ընթացքում իր կուտակած փորձառությունն ու գիտելիքը ներդնել ավելի զարգացած ու կայացած հանրային ռադիո ունենալու համար։  

«Երբ ուսումնասիրում եմ եվրոպական երկրների հանրային ռադիոների գործունեությունը նախանձ է մոտս առաջանում։ Մենք, ունենալով նույն կարգավիճակը, զիջում ենք նրանց։ Իմ նպատակն է, որ մեր ռադիոընկերությունը համաչափ զարգանա և դառնա նշաձող սահմանող»,- ասում է Մհեր Մարգարյանը։  

 Մարիամ Մանուկյան  

Մարիամ Մանուկյանը քաղաքում չլինելու պատճառաբանությամբ հրաժարվեց հարցազրույցից։ Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը պարզ է դառնում, որ ավարտել է Երևանի թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության բաժինը։

Մարիամ Մանուկյան։ Լուսանկարը՝ Մարիամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից։

Սոցիալական ցանցում Մարիամի ընկերների հրապարակած լուսանկարներից էլ կարելի է ենթադրել, որ աշխատել է ArmNews FM- 106․9 ռադիոկայանում։  

 Ով կարող էր դիմել և ինչպես է ընտրությունը կայանում 

Մրցույթին մասնակցելու համար պարտադիր շափորոշիչներից մեկը բարձրագույն կրթությունն է, բացի այդ մասնակիցները պետք է ունենան ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ մեդիա ոլորտի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։ Անհրաժեշտ փաստաթղթերից բացի, մասնակիցները պետք է ներկայացնեին նաև Հանրային ռադիոյի զարգացման հայեցակարգ։ 

Հաղթող ճանաչվելու համար մասնակիցը պետք է ստանա Հանրային հեռարձակողի խորհրդի՝ քվեարկությանը մասնակցող անդամների ձայների առնվազն երկու երրորդը, եթե քվեարկությանը մասնակցել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։ Եթե քվեարկության արդյունքում մասնակիցներից որևէ մեկը չի ստացել ձայների առնվազն երկու երրորդը, ապա առնվազն 2 ձայն ստացած մասնակիցների միջև անցկացվում է նոր քվեարկություն։  

Նոր քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը ստացել է հանրային հեռարձակողի խորհրդի քվեարկությանը մասնակցող անդամների ձայների առնվազն երկու երրորդը, եթե քվեարկությանը մասնակցել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *