2024.04.12,

Նյուսրում

Հայաստանում մեդիայի անկախության ցուցանիշը չի փոփոխվել․ Freedom House 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հայկական մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված։ Թե՛ նախկին և թե՛ ներկա իշխանության ներկայացուցիչների կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների գործունեության հիմքում քաղաքական շահերն են։ Սա Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության գնահատականներից է ։ 

Կազմակերպությունը նշում է նաև, որ հայաստանյան մեդիայում անկախ ու հետաքննող լրատվամիջոցները թեև քիչ են, բայց հենց նրանք են ապահովում առողջ ու հավասարակշռված լուսաբանում, ինչը շատ կարևոր է ժողովրդավարության զարգացման ու կայացման համար։  

«Սակայն դաշտում առկա ֆինանսական խնդիրները, անկախ դրամահավաքների հնարավորությունների և կարողությունների բացակայությունը հարցականի տակ են դնում լրատվամիջոցների ֆինանսական կայունությունը՝ մեծացնելով ռիսկը, որ նրանք կսկսեն հենվել քաղաքական կամ բիզնես հովանավորների վրա և կխախտեն խմբագրական և էթիկական չափորոշիչները»,- ասվում է հետազոտության մեջ։ 

Ըստ զեկույցի՝ Հայաստանում մեդիայի անկախության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ չի փոխվել՝ պահպանելով 3 միավորը առավելագույն 7 միավորից ։  

Զեկույցում նաև նշվում է, որ անցած տարվա ընթացքում Կառավարության և իշխող կուսակցության պատգամավորների կողմից եղել են մի քանի հետադիմական օրենսդրական նախաձեռնություններ տեղեկատվության ու խոսքի ազատության վերաբերյալ։ 

Հատկանշական է, որ Կառավարության նախաձեռնությամբ, Ազգային ժողովը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում ավելացրեց նոր սահմանափակող կետ, որը թույլ է տալիս մերժել պաշտոնական տվյալների հարցումները, եթե հայցվող նյութը պարունակում է «սահմանափակ տարածման պաշտոնական տեղեկատվություն»: 

«Տվյալ դրույթն անորոշ է և շատ ընդհանրական, ինչը Կառավարությանը մեկնաբանելու լայն դաշտ է տալիս և լավ հնարավորություն է ստեղծում լրագրողների հասանելիությունը պաշտոնական տվյալներին ավելի սահմանափակելու համար»,-նշված է զեկույցում։  

Freedom House-ը, հղում անելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին, նշում է, որ 2023 թվականին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը նվազել են․ 2022 թվականի համեմատ՝ 14-ից հասել են 6-ի։ Սակայն աճել են լրագրողների՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը։  

2023-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է նաև լրատվամիջոցների և լրագրողների մասնակցությամբ դատական հայցերի թիվը։ Դրանցից ամենաաղմկահարույցը Տիգրան Ավինյանի հայցն էր ընդդեմ 168 ժամ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի։ Գործով կիրառվել էր նաև հայցի ապահովում և 9 միլիոն դրամի չափով արգելանք էր դրել լրագրողին և լրատվամիջոցին պատկանող գույքի և բանկային հաշիվների վրա։ Զեկույցում ասվում է, որ տեղական և միջազգային լրագրողական հանրության քննադատությունից հետո, հայցվոր կողմը հրաժարվել էր հայցի ապահովման միջոց կիրառելու իր պահանջից։  

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում գրում է նաև, որ հայկական ԶԼՄ-ներով ներկայացվող լուրերի արժանահավատ ու վստահելի լինելու ցուցանիշը նվազել է։ Հղում անելով Ինտերնյուսի  Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման հետազոտությանը՝ զեկույցում ասվում է, որ հայկական ԶԼՄ-ների կողմից ներկայացված տեղեկատվությունը որոշակիորեն կամ լիովին վստահելի է համարում հարցվածների  49%-ը, մինչդեռ 2021 թվականին իրականացված նույն հետազոտության ժամանակ այս ցուցանիշը կազմել է 73%։ 

Օգտվելով ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի IRI-ի հետազոտության արդյունքերից՝ Freedom House-ը փաստում է, որ լրատվամիջոցների անկախության բարելավման  և խոսքի ազատության բարելավման ցուցանիշները 2019 թվականի համեմատ ևս նվազել են։   

Որպես դրական օրենսդրական քայլ զեկույցում առանձնացվում է, այն փաստը, որ  Ազգային ժողովը  Հայաստանի հանրային հեռուստաընկերության կառավարման մարմնի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի համար սահմանել է գենդերային քվոտաներ։   


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *