2024.03.13,

Նյուսրում

Հայաստանում 2018-ի համեմատ խոսքի ազատության բարելավման ցուցանիշը նվազել է․ հետազոտություն*

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (ՄՀԻ) (IRI) հանրային կարծիքի նոր ուսումնասիրություն է իրականացրել։ Հարցումը կատարվել է անցյալ տարվա դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Տվյալները հավաքվել են հեռախոսային հարցման մեթոդով՝ 18 տարին լրացած 1508 ՀՀ քաղաքացիներից։ Հեռախոսահամարներն ընտրվել են պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու եղանակով (random digit dialing, RDD)։  

Հարցման մասնակիցների կարծիքով վերջին 6 ամսվա ընթացքում դրական դինամիկա է նկատվել խոսքի ազատության ոլորտում։ Հարցվածների 54%-ի կարծիքով այն բարելավվել է, իսկ 19%-ը խոսքի ազատության մակարդակի հետընթաց է նկատել։ 

ՄՀԻ-ի պարբերաբար իրականացվող հետազոտությունների արդյունքներով մեր երկրում խոսքի ազատության մակարդակի բարելավվման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2018 թվականի հոկտեմբերին՝ կազմելով 83 %:  

Ըստ հարցման տվյալների՝ վերջին կես տարվա ընթացքում 41%-ով բարելավվել է լրատվամիջոցների անկախության ցուցանիշը։ Սակայն, եթե այս ցուցանիշը համեմատենք նախորդող տարիներին արված հետազոտությունների արդյունքների հետ, ապա կտեսնենք, որ այն նվազել է։ 2019 թվականի հոկտեմբերին հարցվածների 75%-է տվել «բարելավվել է» պատասխանը, 2018-ի օգոստոսին՝ 61%-ը։  

Զուգահեռաբար աճել է նաև լրատվամիջոցների անկախության հետընթաց գրանցելու ցուցանիշը՝ հասնելով 19%-ի։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է եղել 2023 թվականի մարտին իրականացված հետազոտության ժամանակ՝ կազմելով 22%։ 

 

Քաղաքական թեմաների վերաբերյալ ինֆորմացիա ստանալու առավել հուսալի լրատվամիջոցների առաջին եռյակում Առաջին ալիքն է 31%-ով, Արմենիա հեռուստաընկերությունը՝ 19% ով, Շանթ հեռուստաընկերությունը՝ 14%-ով։ Առցանց լրատվամիջոցներից այս ցանկում ընդգրկվել են Ազատությունը 13%-ով և News.am 3%-ով։ Հարցվածների 22%-ն էլ նշել է, որ լրատվամիջոցներից ոչ մեկին էլ չի համարում քաղաքական թեմաների վերաբերյալ ինֆորմացվելու հուսալի աղբյուր։  

  Հեռուստատեսային լրատվական հաղորդումների դեպքում պատկերն ու թվային համամասնությունները հիմնականում քիչ են տարբերվում նախորդ հարցին տրված պատասխաններից։ YouTube ալիքներից ամենաշատ դիտվածների թվում մասնակիցների 3%-ը նշել է, որ հետևում է Արմեն Չիբուխչյանին։  

 

Հայաստանի անվտանգության վերաբերյալ տեղեկատվության ստացման առումով՝ որպես վստահելի աղբյուր, 72%-ի համար ընկերներն են ու ընտանիքի անդամները։ Լրատվամիջոցներին և վարչապետին՝ որպես վստահելի աղբյուր, դիտարկելու ցուցանիշները գրեթե հավասար են։ Լրատվամիջոցները անվտանգային խնդիրների վերաբերյալ վստահելի աղբյուր են 63%-ի, իսկ ոչ վստահելի՝ 34% հարցվածների համար, իսկ վարչապետը վստահելի է 60%,-ի և ոչ վստահելի՝ 37%-ի համար։ 

Անվտանգային խնդիրների մասին տեղեկություն որոնելիս՝ մասնակիցների համար ամենաքիչ վստահելի աղբյուրը եղել են ռուսական լրատվամիջոցները։ Նրանց չի վստահել հարցվածների 61%-ը։

* Հոդվածի վերնագիրը 2024թ․ մարտի 18-ին փոխվել է։ Նախնական տարբերակում հոդվածի վերնագիրն էր «Հայաստանում 2018-ի համեմատ խոսքի ազատության ցուցանիշը նվազել է․ հետազոտություն», ինչը էստ էության ամբողջությամբ չէր արտահայտում հետազության մեջ տրված հարցի բովանդակությունը։ Իրականում նվազել է «խոսքի ազատության բարելավվման» ընկալման ցուցանիշը, ոչ թե խոսքի ազատության ցուցանիշը։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *