«Ինտերնյուս»-ը «Խոսքի ազատությունն ու մեդիայի սպառումը Հայաստանում» հետազոտությունն իրականացնելիս զրուցել է 1109-հարցվողների հետ ու ամբողջացրել նրանց կարծիքը Հայաստանում խոսքի ազատության մակարդակի վերաբերյալ։
Հարցվածների 49%-ի կարծիքով Հայաստանի բնակիչները լիովին ազատ են խոսքի արտահայտման առումով, 27%-ի կարծիքով հիմնականում ազատ են։ Խոսքի ազատության հետ կապված խնդիրներ է նկատել հարցվածների 22%-ը՝ նրանցից 13%-ի կարծիքով հիմնականում ազատ չէ, իսկ 9%-ն ասել է, որ ընդհանրապես ազատ չէ։
ԶԼՄ-ների դեպքում խոսքի ազատության մակարդակն էականորեն չի տարբերվում բնակիչների ունեցած խոսքի ազատության ցուցանիշներից։ 42%-ը կարծում է, որ տեղեկան ԶԼՄ-ներում խոսքի ազատության հետ կապված խնդիրներ չկան, նրանք լիովին ազատ են, 28%-ը նշում է, որ հիմնականում ազատ են։ 17%-ի համար ԶԼՄ-ները հիմնականում ազատ չեն, իսկ 6%-ն ասել, է որ հայկական լրատվամիջոցներն ընդհանրապես զրկված են խոսքի ազատությունից։
Մարդիկ կարծում են, որ խոսքի ազատության տեսանկյունից բլոգները, վլոգները, փոդքասթներն ավելի ազատ են։ Հարցվածների 57%-ը համարում է, որ նրանք լիովին ազատ են։ Խոսքի ազատության ամենացածր ցուցանիշն ըստ հարցվածների ունեն տպագիր թերթերն ու ամսագրերը։
Ըստ հարցման արդյունքների՝ մասնակիցների կեսից մի փոքր ավելին հակված է այն կարծիքին, որ ցանկացած թեմայի վերաբերյալ առցանց կարող է ազատորեն կարծիք արտահայտել։ Գրեթե նույն թվային պատկերն է լրատվական հոդվածը կամ գրառումը ազատորեն մեկնաբանելու հարցի դեպքում։
Թվերը մի փոքր փոխվում են, վստահության մակարդակը մի փոքր նվազում է, երբ առցանց քննադատության թեման դառնում են կառավարությունն ու իշխանությունները։ Հարցվածների 34%-ը լիովին համաձայն է, իսկ 28%-ը ընդհանրապես համաձայն չէ, որ առցանց կարող է քննադատել իշխանություններին ու կառավարությանը։ Այն ենթադրությունը, որ մարդիկ համացանցի սահմաններում ավելի ազատ են իրենց կարծիքն արտահայտում, քան դրանից դուրս, հարցվողները հերքել են։
Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 94%-ը նշել է, որ առցանց հարթակում իրենց կարծիքն արտահայտելու համար չի ենթարկվել ճնշումների ո՛չ այլ մարդկանց, ո՛չ կառավարության կամ իշխանության կողմից։ Այս հարցին այո, այսինք ենթարկվել է ճնշումների պատասխանել է միայն 2%-ը։ 6%-էլ ասել է, որ առցանց հարթակում իր կարծիքն ասելու համար ճնշումների է ենթարկվել գործատուի կողմից։
Հետազոտության մասնակիցների պատասխաներից կարելի է ենթադրել, որ նրանք լրջորեն անհանգստացած են ատելության խոսքի առկայության ու դրա տարածվածության առնչությամբ։ 68%-ը նշել է, որ այո՛, համաձայն է, որ ատելության խոսքը լրջագույն խնդիր է Հայաստանի համար։
Հաջորդ խնդիրը, որին հետազոտողներն ուշադրություն են դարձրել ատելության խոսքի հաճախակի կիրառումն է։ Հարցվածների 39%-ն ասել է, որ միշտ հանդիպում է ատելության խոսքի, թե՛ թվային հարթակներում, թե՛ հանրային վայրերում, 29%-ը՝ հաճախ, 14%-էլ՝ երբեմն։
Համացանցում և դրանից դուրս ատելության խոսք հազվադեպ է նկատել մասնակիցների 8%-ը, իսկ այդ երևույթի հետ երբեք չի առնչվել միայն 6%-ը, 5%-էլ դժվարացել է ու հրաժարվել է պատասխանել հարցին։
Մարիաննա Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: