Գուգլ որոնողական համակարգը և տեսանյութերի տարածման Յություբ սոցիալական ցանցը (որը պատկանում է Գուգլին) տեղական խմբագրությունների համար մոնետիզացիայի հնարավորություններից են։ Լրատվամիջոցը (անհատ յություբերը) իր բովանդակության դիտումների ընթացքում ցուցադրվող գովազդի դիմաց գումար է աշխատում։
Գուգլը, սակայն, հայկական շուկայում ուղիղ ներկայացվածություն չունի։ Այդ պատճառով տեղական գովազդային գործակալությունները, անհատներն ու լրատվամիջոցները տարբեր ճանապարհներ են գտնում, որպեսզի կարողանան իրենց բովանդակությանը վաճառել ցանցերին։
Օրինակ, նրանցից շատերը պայմանագիր ունեն միջնորդավորված որևէ ընկերության հետ։ Կամ արտասահմանում կոնտակտի իջոցով ստանում են իրենց եկամուտները։
Գուգլի հնարավոր մուտքը Հայաստան քննարկվել է երկար տարիներ, սակայն գործնական քայլեր այդ ուղղությամբ արվել է 2020թ-ին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավորությամբ։ Մի խումբ տեղացի մասնագետների հետ քննարկումներ են եղել, պատկերացնելու և գնահատելու հայկական շուկայի հնարավորությունները։
Media.am-ի հարցմանը նախարարությունից պատասխանել են, որ նշված հարցի հետ կապված աշխատանքային հանձնաժողով չի ձևավորվել, սակայն 2020թ-ին քննարկումներ են եղել Գուգլ (Յություբ) ընկերության կողմից տրամադրվող ծառայությունների ամբողջական փաթեթը Հայաստանում գործարկելու վերաբերյալ։
Մանե Գրիգորյան սոցիալական մեդիայի փորձագետ է, աշխատում է «Դեքսատել» ընկերությունում: Գուգլի և Յություբի մոնիտիզացիայի բացակայությունը պայմանավորում է հիմնականում շուկայի փոքրությամբ:
«Քանի որ Հայաստանը ներառված չէ Յություբի գործընկերների ծրագրում (YPP), շատ յութուբյան ալիքներ ստիպված փոխում են իրենց գտնվելու վայրը այլ երկրներ (օգտագործում են VPN)՝ մոնետիզացիայից օգտվելու համար։ Սա մեծ բաց է մեր երկրում թվային մարքեթինգի ոլորտում և առհասարակ թվային բովանդակություն ստեղծողների համար»,- ասում է մասնագետը։
Նրա խոսքով, դրսում օգտակար կոնտենտ ստեղծելով կարող ես լավ կլորիկ գումար վաստակել, իսկ մեզ մոտ ծախսում ես հավելյալ ժամանակ, կորցնում գումար միջնորդավճարների համար․ «Նման խոշոր ընկերությունների մուտքը մեր շուկա ողջունելի է, սակայն մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ մոտ ապագայում»։
Գովազդային ծառայություններ մատուցող ընկերություններն ասում են, որ հայկական շուկան գրավիչ չէ նախ փոքրության, հետո աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով։
Ցանկացած նման ընկերություն Հայաստանում գործունեություն սկսելու համար պետք է ադմինիստրատիվ ծախսեր իրականացնի։ Եկամուտները, որոնք կարող է ստանալ հնարավոր է անգամ չծածկեն այդ նպատակով արված ներդրումները, հետևաբար մեծ ռիսկի չեն գնում հիմնականում այս պատճառով։
Մյուս խնդիրը կախված է տեղական բանկային համակարգի անվտանգության հետ։ Հայաստանը միջազգային ուղիղ փոխանցումներ չի կարողանում անել, տրանսֆերտներն իրականացվում են ռուսական, վրացական և այլ երկրների բանկային համակարգերի միջոցով։
2022թ-ի սեպտեմբերից շահումով խաղերի գովազդի սահմանափակումը տեղական լրատվամիջոցների համար մեծ հարված էր։ Տարբեր հաշվարկներով շատ խմբագրությունների գովազդային բյուջեների մոտ 30-40%-ը հենց շահումով խաղերն էին կազմում։
Հայաստանում մեդիա դաշտի որոշ խաղացողներ կարծում են, որ եթե իրենք կարողանային Գուգլի, Յություբի հետ ուղիղ աշխատել, գուցե հավելյալ եկամուտ ներգրավելու հնարավորություն ստեղծվեր։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից չեն մանրամասնում, թե ինչու են դադարել այս թեմայով 2020թ-ի քննարկումները, ինչպես նաև չեն հստակեցվում շուկայի ֆինանսական գնահատում իրականացվե՞լ է, թե՞ ոչ։
Pradix ընկերության տնօրեն Կոնստանտին Ամիրաքյանն ասում է, որ Գուգլի, այդ թվում Յություբի գովազդը, մոնետիզացիայի հնարավորությունները 2020թ-ի նոյեմբերից չի աշխատում հայերեն կոնտենտով գործող կայքերի կամ ալիքների համար։
«Գուգլը ողջ 2020թ-ի ընթացքում գովազդի ու մոնետիզացիայի պայմանների բազմաթիվ փոփոխություններ է կատարել, որի հիմնական պատճառը Քովիդ19-ի համավարակն էր։ Կորպորացիան 2020թ-ի նոյեմբերին, այլ շատ լեզուների հետ մոնետիզացիայի սպասարկումից ընդհանրապես անջատել է հայերենը»,-ասում է նա։
Սա նշանակում է, որ հայերեն կոնտենտ արտադրող կայքը կամ ալիքը չի կարող մոնետիզացվել, իսկ հայերեն կոնտենտով գովազդը չի կարող հաստատվել Գուգլի համապատասխան պլատֆորմներում։
«Այսպիսով հայալեզու բովանդակություն արտադրողն այլևս չի կարող օգտվել Գուգլի մոնետիզացիայի հնարավորություններից, իսկ դա զգալի կամ ամբողջական ֆինանսական աղբյուր կարող էր լինել։ Այս ֆինանսական կորուստից բացի, փոխկապակցված հետևանքներն ավելի վատը կարող են լինել երկարաժամկետ հեռանկարում»,- ասում է նա՝ ավելացնելով, որ շատերի համար կայքի կամ ալիքի ստեղծումը ուղիղ կապված է մոնետիզացիայի միջոցով գումար աշխատելու հետ։
«Արդյունքում, լավ-վատ, բայց հայերեն, հայալեզու կոնտենտ է ստեղծվում։ Գուգլի այս որոշումից հետո շատերը, անիմաստ համարելով շարունակել պրոյեկտները, դադարեցրել են դրանք։ Առանց այն էլ հայերեն կոնտենտը շատ թույլ է զարգացած համացանցում այլ լեզուների համեմատ։ Օրինակ՝ սլովեներենը, ունի մոտ 2,5 մլն լեզվի կրող, սակայն համացանցի կայքերում 0,1 տոկոս կոնտենտն իրենն է։ Սա շատ մեծ ցուցանիշ է այդ լեզվով խոսողների ու ստեղծվող կոնտենտի համեմատությամբ»,- նշեց մասնագետը։
Ըստ Ամիրաքյանի՝ հայերենի Գուգլի սահմանափակումը նաև ստեղծել է հայերենի պահպանության խնդիր, որին հակազդող քայլեր դեռևս չեն նկատվում։ Գուգլը 2020թ-ի նոյեմբերից հետո սպասարկում է 49 լեզու։
Գայանե Ասրյան
Գուգլը հայերեն չի հասկանում, շատ տկարամիտա, ամոթ չի ?.