2022.01.13,

Նյուսրում

9 կանխատեսումներ մեդիա ոլորտում․ Reuters ինստիտուտ

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Ամեն տարի Reuters-ի լրագրության ուսումնասիրության ինստիտուտը (Reuters Institute for the Study of Journalism, RISJ) ոլորտի առաջատարների հետ հարցազրույցներ է անցկացնում, որոնց հիման վրա կազմում է սպասվող տարում հավանական միտումների ցուցակը։ 2022-ի զեկույցի գլխավոր հեղինակ Նիք Նյումանն ու իր թիմը 52 երկրներից և տարածաշրջաններից զրուցել են 246 լրատվականների ղեկավարների հետ՝ ներառյալ 57 գլխավոր խմբագիրների, 53 տնօրենների և թվային ու ինովացիոն բաժնի 31 ղեկավարների հետ։ 

Ձեզ ենք ներկայացնում RISJ-ի 9 կանխատեսումները, որոնք կարող են դառնալ լրագրության, մեդիայի ու տեխնոլոգիական այս տարվա միտումները։ 

 

1. Բաժանորդագրություններն ու անդամավճարները գլխավոր առաջնահերություններն են

Չնայած 2021-ին շատ երկրներում, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում, լուրերի սպառումը կրճատվել է, հարցվածների 73%-ը դրական սպասելիքներ ունի 2022-ից։ Ընթերցողի վճարումների շնորհիվ լրագրողներն իրենց աշխատանքն ավելի գնահատված են համարում: Խմբագրությունների 59%-ն այս միջոցով վերջին երկու տարիներին ունեցել է եկամտի աճ։

Ուշադրության անկում․ ԱՄՆ-ի և ՄԲ-ի առաջատար լրատվականների ամսական այցելուների քանակի փոփոխությունը

Քրաուդֆանդինգային առանձնահատկությունների, տեղական մեդիայում դրա կիրառման ու  դժվարությունների մասին պատմել ենք այս հոդվածում։

 

2. Մեյնստրիմ լրատվականները հետ կբերեն այլ հարթակներ տեղափոխված մասնագետներին

Նախորդ տարիներին շատ լրագրողներ լքել էին նյուսրումերն ու սկսել սեփական բիզնեսն օրնակ՝ Substack-ում և այլ վճարովի հարթակներում, թեև նրանցից ոչ բոլորն էին հաջողությունների հասել։ Այդ մարդիկ, հնարավոր է, որ այս տարի վերադառնան մեյնստրիմ լրատվականներ, ինչին զուգահեռ խմբագրությունները պիտի անկախ ստեղծագործողների համար ապահովեն համապատասխան պայմաններ, որպեսզի նրանք շարունակեն աշխատել իրենց փոդքասթների և տեղեկագրերի (newsletter) վրա։ 

 

3. Փոդքասթները, տեղեկագրերն ու տեսանյութերն էլ ավելի կարևոր կդառնան

Հանրության ներգրավվածությունն ուժեղացնելու համար հարցված լրատվականների մեծ մասը պլանավորում է ներդրումներ կատարել փոդքասթների և այլ թվային աուդիո նյութերի, նյուզլեթերների ու տարբեր ձևաչափերի թվային տեսանյութերի ստեղծման մեջ։ 

Սոցիլական հարթակներն էլ իրենց հերթին են ներդրումներ կատարում ձայնային բովանդակության ստեղծման ու կառավարման համար, ինչը կազդի մրցակցության ուժեղացմանն ու, ընդհանրապես, կմեծացնի աուդիո բովանդակության սպառումը։ 

Ձայնային ձևաչափով աշխատող նոր հավելվածներն ու ֆունկցիաները։

Լայվ տեսանյութերը վերածնունդ են ապրում, հիմնականում, համավարակի շրջանում կազմակերպած վիրտուալ միջոցառումների ազդեցկությունից։ Կարճ տեսանյութերը շարունակում են «հաղթել»՝ TikTok-ի ու Snapchat-ի պես միլիարդավոր օգտատերեր ունեցող հավելվածների շնորհիվ։ Բայց դա չի նշանակում, որ մեդիան հաջողում է նմանատիպ հարթակներում, RISJ-ը նախկինում պարզել էր, որ մարդիկ հիմնականում հետևում են  հայտնիներին ու ինֆլյուենսերներին, ուստի այդքան էլ պարզ չէ, թե ինչպես են լրագրողներն օգտագործելու այդ հարթակները։ 

 

4. Աշխատանքային հիմնական մոդելը կշարունակի մնալ հիբրիդայինը

Չնայած ոլորտը «բուժվում է» համավարակից, և որոշ խմբագրություններ շտապում են բոլորին հետ բերել գրասենյակներ, կազմակերպությունների մեծ մասը նախընտրում է երբեմն գալ գրասենյակ, երբեմն աշխատել հեռավար, որոշներն էլ լրիվ տնից են աշխատում։ Ըստ աշխատակիցներից շատերի, նրանք աշխատանքի արդյունավետության ու կյանքի բալանսը լավագույնս գտնում են տնից ախատելիս, մինչդեռ ղեկավարներն անհանգստանում են ստեղծարարության, համագործակցությունների և հաղորդակցության կորստի համար։ 

Հիբրիդային խմբագրությունները կարող են հաջողել այն դեպքում, երբ ղեկավարները սկսեն ավելի ճիշտ խոսել իրենց թիմերի հետ ու հոգ տանել նրանց հոգեկան առողջության մասին։ 

 

5. Շատ լուծումներ, քիչ հակամարտություններ

Ե՛վ լրագրողները, և՛ ընթերցողները հոգնել են անդադար բացակասան նորությունների շղթայից։ RISJ-ը կանխատեսում է լուսաբանման ավելի կոնստրուկտիվ ձևաչափերի մշակում, որը կներդնեն նաև բազմազանություն ապահովող խմբագրությունների ղեկավարները, ովքեր արդեն իսկ հարցականի տակ են դնում նորությունների ստեղծման ավանդական ձևերը։ 

 

6. Կենտրոնացում անվտանգության վրա

Մինչ շարունակվում են լրագրողների հանդեպ առցանց ու ֆիզիկական ոտնձգությունները և հարձակումները, լրատվականները շտապում են ապահովել աշխատակիցների անվտանգությունն ու կազմակերպում են դրա որակի բարձրացման սեմինարներ։ Օնլայն տիրույթում բևեռացնող բանավեճերից խուսափելու համար լրատվական կազմակերպությունները մտածում են սոցիալական ցանցերում ավելի խիստ կանոններ ներդնելու շուրջ, որը կօգնի խուսափել վիրավորանքներից ու նպաստել հանրային վստահության աճին։ 

 

7. Կլիմայի փոփոխության լուսաբանում

Չնայած գիտական ապացույցները փաստում են կլիմայի փոփոխության անդառնալի հետևանքների դեմ անհապաղ ձեռնարկվող քայլերի անհրաժեշտության մասին, լրատվականների մոտ չի ստացվում ընթերցողին գրավել այդ բովանդակությամբ։ Պատճառները մի քանիսն են․ փոփոխությունների դանդաղ ընթացքը, որը թույլ չի տալիս այն լուսաբանել ինչպես մնացած այլ խնդիրները, աղոտ հեռանկարները, լրագրողների մասնագիտացած չլինելը տվյալ ոլորտում, դեպքի վայրից լուսաբանելու համար ֆինանսական սուղ միջոցները, գիտության բարդությունն ու տնօրենների և գովազդատուների ճնշումները։ 

Գիտական ոլորտում փորձ ունեցած լրագրողներին աշխատանքի վերցնելը դառնալու է խմբագիրների առաջնահերթությունը։  

 

8. Հարթակներ և կանոններ

Քովիդի շուրջ օնլայն ապատեղեկատվության և տարբեր իրադարձությունների ժամանակ սոցիալական մեդիայի մեծացող դերը ստիպում են կարգավորել տեխնոլոգիական հարթակները։ Եվրոպական միությունը լուծումը տեսնում է իր Թվային շուկաների մասին որոշումով (Digital Markets Act), որն ուղղված է մեծ խաղացողների միջև հակամրցակցային պահվածքի դեմ, իսկ Միացյալ Թագավորությունը միտված է ներդնել Օնլայն անվտանգության օրինագիծը (Online Safety Bill), որը կճնշի անօրինական և վտանգավոր բովանդակության դեմ ջանքեր չգործադրող հարթակներին։

 

9. Արհեստական բանականություն և մետատիեզերք

Արհեստական բանականությունն (ԱԲ) ու մեքենայական ուսուցումը արդիականանում են խմբագրություններում։ Հարցված լրատվականների 85%-ը կարծում է, որ կարևոր է ընթերցողների համար անհատականացված բովանդակություն ստեղծելը։ Կազմակերպությունները նաև ցանկանում են ԱԲ-ով աշխատող գործիքներ օգտագործել՝ խմբագրությունում որոշ գործառույթներ արագացնելու համար, հետաքննական լրագրության և բաժանոդրագրության մոդելների մշակման ոլորտներում։ 

Ֆեյսբուքի Մետա դառնալուց հետո մեծացել է մետատիեզերքի հանդեպ ուշադրությունը։ Մետատիեզերքը ընդհանուր առցանց միջավայր է, որն օգտատերերին միավորում է վիրտուալ կամ ավելացված իրականությունում (augmented reality)։ Շուտով ավելի շատ հացրազրույցներ կտեսնենք մետատիեզերքում։

Թեև RISJ-ի զեկույցում որոշ անուններ ու հատվածներ կարող են հեռու և տեղական մամուլում ոչ կիրառելի թվալ, միտումների մեծ մասն իրագործելի է նաև Հայաստանում։ Հատկապես վերջին տարիներին ոլորտում ֆինանսկական խնդիրներ ստեղծած օրենքները  կարող են հայկական լրատվամիջոցների համար այլընտրանքային եկամտի որոնումների առիթ դառնալ։ 

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *