Մարտի 25-ից Հայաստանում խստացվել են արտակարգ դրության պայմանները:
Սահմանափակվելու է տեղաշարժվելու իրավունքը՝ տնից դուրս գալ կարելի է միայն անհրաժեշտության դեպքում, առավելագույնը երկու հոգով և ունենալով անցաթուղթ և անձը հաստատող փաստաթուղթ:
Մինչ մարտի 25-ը արտակարգ իրավիճակի պայմաններում Հայաստանում ցանկացած «կազմակերպություն, որն իրականացնում է լրագրողական գործունեություն», կարող էր հրապարակել միայն պաշտոնական աղբյուրների տեղեկատվությունը:
Այդ սահմանափակումները քննադատեցին շատ լրատվամիջոցների ղեկավարներ և մեդիա կազմակերպություններ: Հատկապես քննադատվեց խուճապ առաջացնող նյութեր տարածելու արգելքը և միայն պաշտոնական տեսակետի վերարտադրումը: Անհասկանալի էր նաև միջազգային մեդիային հղումների որակավորումը:
Լրագրողներն ու խմբագիրները հայտարարեցին, որ չկա հստակություն, թե որ նյութերը կարող են կամ չեն կարող խուճապ առաջացնել:
Մարտի 24-ին հայտարարություն տարածեց նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (OSCE, Organization for Security and Co-operation in Europe):
ԵԱՀԿ ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրը մտահոգություն հայտնեց COVID-19 համաճարակի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի նպատակով ներդրված քրեական և վարչական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:
«Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ խիստ միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը և անհամաչափ կդարձնի տեղեկատվության հասանելիությունը»,- ասաց նա:
Այժմ որոշակի փոփոխությունների են ենթարկվել լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումները:
Մարտի 25-ին մեդիա աշխատանքի պարտադրանքները լրացվել և փոխվել են:
Մասնավորապես, եթե կորոնավիրուսի նյութեր են վերատպվում օտարերկրյա մեդիայից, ապա հարկ է դրանց աղբյուրը նշել հենց հայերեն տարբերակի վերնագրում:
Եթե հրապարակվում է նյութ մեկուսացված, ինքնամեկուսացված, վարակակիր Հայաստանի քաղաքացիների ու համաճարակային միջոցառումների մասին, ապա անհրաժեշտ է հղում անել միայն պարետատան տրամադրած տեղեկությանը՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):
Կորոնավիրուսի մասին նյութերում պետք է անպայման լինի պարետատան պարզաբանումը կամ հերքումը, այն ստանալուց առավելագույնը 2 ժամվա ընթացքում:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այս փոփոխությունները համարում է լիովին ընդունելի, քանի որ արտակարգ դրության ժամանակ առաջնայինը ոչ թե լրատվամիջոցների կամ իշխանությունների շահն է, այլ հանրային շահը.
«Պարզ է, որ արտակարգ դրության պայմաններում պիտի սահմանափակումներ ու խստացումներ լինեն: Եվ այսօր արված փոփոխությունները լիովին արտացոլում են մեր առաջարկությունները, որոնք արել էինք կառավարությանը»:
Նա ասում է, որ երբ մեդիա դաշտում ինչ ասես հայտնվում է, շատ կարևոր է պարտադրել նաև պաշտոնական տեսակետի ներառումը, քանի որ այդպես է հնարավոր իրազեկել լսարանին:
«Մեդիայից լիովին աղբը մաքրելը անհնարին է, սակայն կարելի է հնարավորություններ ստեղծել, որ արտակարգ դրության պայմաններում լայնորեն տարածվի պաշտոնական տեսակետը: Պարզ ասած՝ գրիր, ինչ ուզում ես, բայց պիտի մեջբերես նաև պաշտոնական տեսակետը»,- ասում է Բորիս Նավասարդյանը:
ՊանԱրմենիան կայքի գլխավոր խմբագիր Նիկոլայ Թորոսյանի կարծիքով՝ արտակարգ դրության ժամանակ բացասական և մոլորեցնող տեղեկատվության հոսքը սահմանափակելը միանգամայն հասկանալի է, թեև շատ դեպքերում՝ անհնարին:
«Շատ հիմարություններ են տարածվում և դրա դեմ պայքարելը բարդ է: Նոր փոփոխությունները պարզաբանում և թեթևացնում են սահմանափակումները՝ թույլ տալով պաշտոնականից բացի հրապարակել նաև արտասահմանյան նյութեր: Նախկինում բացի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)-ի տեղեկություններից՝ մնացած ամեն ինչը նշանակում էր արտակարգ դրության խախտում»,- ասում է նա:
Սակայն նրա համար անհասկանալի է, թե ինչու չի կարելի հրապարակել պարետատան հաղորդագրություններն առանց խմբագրման.
«Դա նշանակում է քոփի-փեյսթ անել, երբ ամեն ԶԼՄ ունի իր ոճը, մոտեցումը: Ավելի լավ կլիներ, որ ասեին, որ չեն թույլատրվում բովանդակային փոոխություններ, բայց ոճական փոփոխություններին չեն միջամտելու»:
Հայաստանում այժմ հստակեցվել է լրատվամիջոցների կողմից սահմանափակման կանոնները չկատարելու դեպքում պատասխանատվության չափը:
Կտուգանվեն 100-300 հազար դրամի չափով: Իսկ եթե լրատվամիջոցը տուգանքից հետո էլ չհեռացնի հրապարակումը, ուրեմն նորից կտուգանվի 500 հազարից մինչև 1 մլն դրամի չափով:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: