2020.03.19,

Նյուսրում

Լրատվամիջոցների «արտակարգ դրությունը» համաչափ չէ իրավիճակին

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրությունը, որը տարածվում է նաև մեդիայի աշխատանքի վրա, դժգոհություն է առաջացրել բազմաթիվ լրատվամիջոցների մոտ: Մարտի 16-ին խմբագիրները Կառավարությունում քննարկման ժամանակ ընդհանուր հայտարարի չեն եղել:

Վիճելի դրույթների  հետ կապված պարզաբանումներ ստանալու համար գրավոր դիմել են փոխվարչապետ, արտակարգ դրության օրերին պարետ Տիգրան Ավինյանին: Լրատվամիջոցների համար ամենաանհասկանալին խուճապ առաջացնող տեղեկատվության սահմանումն ու գնահատումն է:

Լրատվամիջոցները մինչև ապրիլի 14-ը պետք է հրապարակեն կորոնավիրուսի հետ կապված միայն պաշտոնական տեղեկատվություն, որի խողովակը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն է:

Ըստ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի, կորոնավիրուսի հետ կապված մնացած տեղեկությունները, այդ թվում՝ միջազգային, գիտական, մասնագիտական, վերլուծական և այլն, չեն կարող տեղ գտնել հայաստանյան լրատվամիջոցներում:

Aravot.am-ն արդեն հեռացրել է մի հրապարակում, որտեղ ներկայացված է եղել ռուսական մամուլից մի մեջբերում այն մասին, որ Ռուսաստանում թաքցնում են կորոնավիրուսի հետ կապված տվյալները: Նյութը համադրված է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ «Վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում»:

Կայքի խմբագիր Աննա Իսրայելյանի կարծիքով՝ այս տեղեկատվությունը կարող էր խուճապ առաջացնել միայն Ռուսաստանում:

«Լրատվամիջոցների հանդեպ արտակարգ դրության պահանջները համաչափ չեն, ես Հայաստանում խուճապ չեմ տեսնում: Ավելի նպատակահարմար կլիներ այս օրերին խիստ միջոցներ կիրառվեին կեղծ, չճշտված, անաղբյուր տեղեկությունների հրապարկման համար: Այս տեսքով արտակարգ դրությունը խոսքի ազատության սահմանափակում է»,-ասում է Իսրայելյանը:

Նա ասում է, որ «Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Թևոսյանն արդեն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Կառավարության քննարկման ժամանակ պաշտոնյաներն այդպես էլ չեն կարողացել բացատրել, թե ինչ է նշանակում խուճապ ու ինչ տեսակի նյութեր չի կարելի տարածել խուճապ չառաջացնելու համար:

«Չեմ ուզում ստեղծված վիճակը համարել գրաքննություն, բայց այն մոտ է գրաքննությանը: Մոտեցումն էլ տարբեր լրատվամիջոցների հանդեպ կարող է կամայական լինել՝ մի դեպքում կարող են պահանջել հեռացնել հրապարակումը, մի դեպքում՝ ոչ»,- ասում է aravot.am-ի խմբագիրը:

Արտակարգ դրության ժամանակ լրատվամիջոցների աշխատանքին հետևում է Պարետատունը, եթե որևէ հրապարակում խուճապ առաջացնող է, ոստիկանության միջոցով պահանջում են լրատվամիջոցից հեռացնել այն: Հակառակ դեպքում, լրատվամիջոցը կարող է տուգանվել 500-800 հազար դրամ կամ բողոքարկել որոշումը դատական կարգով արտակարգ դրության ժամկետից հետո:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է, որ սա ընտրովի մոտեցում է տեղեկատվություն տարածողների հանդեպ և իրավիճակին ոչ համաչափ գործելաոճ:

«Ամենախիստ միջոցների գնալն արդարացված չէ, դրույթներն իրատեսական չեն, իսկ ամբողջ լրատվական դաշտին ֆիզիկապես հետևել էլ հնարավոր չէ: Եվ պարզ է, որ այս իրավիճակում բազմաթիվ հարցեր էին առաջանալու»,-ասում է Նավասարդյանը:

Նա հույս ունի, որ Կառավարությունում ադեկվատ կլինեն և տեղեկատվական հոսքերի կառավարման ավելի պրոֆեսիոնալ լուծումներ կգտնեն․ «Այն սահմանափակումները, որ եղան մեդիայի համար, շտապողականության, մակերեսային և ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի արդյունք էին»:

Խմբագիրների հետ հանդիպման ժամանակ, ըստ ԵՄԱ նախագահի, քննարկման մասնակիցները սթրեսային իրավիճակում են եղել, միգուցե լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ ագրեսիվ են եղել, դրա համար չեն հասել որոշակի լուծումների. «Հանգիստ պայմաններում խնդիրների կառուցողական քննարկումը արդարացված է և կարող է մեղմել, նոր խաղի կանոններ սահմանել իրավիճակի համար»:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  այժմ պարետատանը քննարկում են լրատվամիջոցների պահանջները և փոփոխությունների անհրաժեշտությունը:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *