Փետրվարի 17-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը ամենաակտիվը լուսաբանել է Արմնյուզը:
Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է, որ դա պայմանավորված է հեռուստաալիքի լրատվական-վերլուծական և քաղաքական ուղղվածությամբ:
Մարտի 13-ին ԵՄԱ-ն ամփոփել է 8 հեռուստաալիքների քարոզչության լուսաբանման 17 օրյա ժամկետը: Դիտարկվել է Հանրային հեռուստաընկերության, Արմենիայի, Երկիր մեդիայի, Շանթի, Կենտրոնի, Հ2-ի, Արմնյուզի և 5-րդ ալիքի 18։00-00․00-ն ընկած ժամանակահատվածի եթերը:
Արմնյուզից մի փոքր հետ են ընկել, սակայն ակտիվ են եղել Հանրային հեռուստաընկերությունն ու Երկիր մեդիան:
Արմենիան քարոզարշավն ամենաքիչը լուսաբանած հեռուստաընկերությունն է: Նրանից մի փոքր առաջ է Հ2-ը: Կենտրոնը, Շանթը և 5-րդ ալիքը միջին տեղերում են:
Հեռուստաեթերում ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզարշավի օգտին արձանագրվել է 28 անդրադարձ, դեմ՝ 140, չեզոք՝ 32:
Հայաստանի հանրաքվեների պատմության մեջ, ըստ Նավասարդյանի, առաջին անգամ է «Ոչ»-ի նման աննախադեպ քանակ է արձանագրվում դիտարկված բոլոր 8 հեռուստաընկերություններում:
«Մեր մշտադիտարկման նպատակն է պարզել, ինչքանով են քաղաքացիները ընտրություններին գնում գիտակցված՝ լայն իրազեկման արդյունքում։ Հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաընկերությունները պետք է որոշակի պարտավորություն ունենան բավարարելու հասարակության քաղաքական հետաքրքրությունները»,-ասում է ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Պարտավորությունների տեսանկյունից Հանրայինը ներկայացրել է հանրաքվեի բոլոր հիմնական ասպեկտները:
Մոնիտորինգը անդրադարձել է հետևյալ 3 օբյեկտներին՝ հանրաքվեի անցկացման օրինականությանն ու նպատակահարմարությանը, հանրաքվեին ներկայացված հարցին և կազմակերպումը:
Հանրաքվեի կազմակերպման առնչությամբ եղել է 13 դրական, 56 բացասական և 526 չեզոք անդրադարձ: Ոչ մեծ առավելություն է ունեցել «Այո»-ն, 91 անդրադարձ՝ «Ոչ»-ի 86-ի և 46 չեզոքի դիմաց:
«Սա պայմանավորված է «Այո»-ի քարոզչական կողմի համար դրամահավաքի միջոցառման ակտիվ լուսաբանմամբ, որին հատուկ ուշադրություն է դարձրել Արմնյուզը։ Եթե սա չլիներ, մեր դիտարկումը կլիներ ի օգուտ «Ոչ»-ի»,-ասում է նա:
Նավասարդյանի խոսքով, հանրաքվեի թեմայով եթերում բանավեճերի պակաս կա, երկու կողմերն էլ խուսափում են նման քննարկումներից, քանի որ կողմերը բևեռացված են, «Ոչ»-ի կողմնակիցները խոսում են միայն օրենսդրական խախտումների մասին, բովանդակային առումով բանավիճելը նպատակահարմար չէ:
Մոնիտորինգի ներկայացման ժամանակ լրագրողներն ասում էին, որ լրատվամիջոցների համար հավասար լուսաբանում ապահովելը խնդիր է, (թեև քանակական տեսանկյունից ստացվում փորձում են ապահովել) քանի որ «Ոչ»-ը հանրային միջոցառումներ չի անում և խուսափում է հեռուստատեսային եթերից:
Բորից Նավասարդյանը լրագրողներին խորհրուդ է տալիս պաշտոնական խողովակներով դիմել «Ոչ»-ի կողմնակիցներին, որպեսզի հետագայում ապացուցողական տվյալներ լինեն իրենց եթերում «Ոչ»-ի քիչ ներկայացվածության համար:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: