Փետրվարի 17-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը ամենաակտիվը լուսաբանել է Արմնյուզը: 

Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է, որ դա պայմանավորված է հեռուստաալիքի լրատվական-վերլուծական և քաղաքական ուղղվածությամբ: 

Մարտի 13-ին ԵՄԱ-ն ամփոփել է  8 հեռուստաալիքների քարոզչության լուսաբանման 17 օրյա ժամկետը: Դիտարկվել է Հանրային հեռուստաընկերության, Արմենիայի, Երկիր մեդիայի, Շանթի, Կենտրոնի, Հ2-ի, Արմնյուզի և 5-րդ ալիքի 18։00-0000-ն ընկած ժամանակահատվածի եթերը:

Արմնյուզից մի փոքր հետ են ընկել, սակայն ակտիվ են եղել Հանրային հեռուստաընկերությունն ու Երկիր մեդիան:

Արմենիան քարոզարշավն ամենաքիչը լուսաբանած հեռուստաընկերությունն է: Նրանից մի փոքր առաջ է Հ2-ը: Կենտրոնը, Շանթը և 5-րդ ալիքը միջին տեղերում են:

Հեռուստաեթերում ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզարշավի օգտին արձանագրվել է 28 անդրադարձ, դեմ՝ 140, չեզոք՝ 32: 

Հայաստանի հանրաքվեների պատմության մեջ, ըստ Նավասարդյանի, առաջին անգամ է «Ոչ»-ի նման աննախադեպ քանակ է արձանագրվում դիտարկված բոլոր 8 հեռուստաընկերություններում: 

«Մեր մշտադիտարկման նպատակն է պարզել, ինչքանով են քաղաքացիները ընտրություններին գնում գիտակցված՝ լայն իրազեկման արդյունքում։ Հանրային  մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաընկերությունները պետք է որոշակի պարտավորություն ունենան բավարարելու հասարակության քաղաքական հետաքրքրությունները»,-ասում է ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Պարտավորությունների տեսանկյունից Հանրայինը ներկայացրել է հանրաքվեի բոլոր հիմնական ասպեկտները:

Մոնիտորինգը անդրադարձել է հետևյալ 3 օբյեկտներին՝ հանրաքվեի անցկացման օրինականությանն ու նպատակահարմարությանը, հանրաքվեին ներկայացված հարցին և կազմակերպումը:

Հանրաքվեի կազմակերպման առնչությամբ եղել է 13 դրական, 56 բացասական և 526 չեզոք անդրադարձ: Ոչ մեծ առավելություն է ունեցել «Այո»-ն, 91 անդրադարձ՝ «Ոչ»-ի 86-ի և 46 չեզոքի դիմաց:

«Սա պայմանավորված է «Այո»-ի քարոզչական կողմի համար դրամահավաքի միջոցառման ակտիվ լուսաբանմամբ, որին հատուկ ուշադրություն է դարձրել Արմնյուզը։ Եթե սա չլիներ,  մեր դիտարկումը կլիներ ի օգուտ «Ոչ»-ի»,-ասում է նա:

Նավասարդյանի խոսքով, հանրաքվեի թեմայով եթերում բանավեճերի պակաս կա, երկու կողմերն էլ խուսափում են նման քննարկումներից, քանի որ կողմերը բևեռացված են, «Ոչ»-ի կողմնակիցները խոսում են միայն օրենսդրական խախտումների մասին, բովանդակային առումով բանավիճելը նպատակահարմար չէ:

Մոնիտորինգի ներկայացման ժամանակ լրագրողներն ասում էին, որ լրատվամիջոցների համար հավասար լուսաբանում ապահովելը խնդիր է, (թեև քանակական տեսանկյունից ստացվում փորձում են ապահովել) քանի որ «Ոչ»-ը հանրային միջոցառումներ չի անում և խուսափում է հեռուստատեսային եթերից:

Բորից Նավասարդյանը լրագրողներին խորհրուդ է տալիս պաշտոնական խողովակներով դիմել «Ոչ»-ի կողմնակիցներին, որպեսզի հետագայում  ապացուցողական տվյալներ լինեն իրենց եթերում «Ոչ»-ի քիչ ներկայացվածության համար:

Գայանե Ասրյան