2019.03.21,

Նյուսրում

Ինտերակտիվ թանգարաններ․ Պատրանքի և իրականության սահմանին

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Հովհաննես Թումանյանի երևանյան թանգարանը վաղուց է նորարարություններ կիրառում անվանի գրողի ստեղծագործությունների հիման վրա։ Հայաստանում առաջին անգամ հենց այստեղ է կիրառվել եռաչափ մուլտիմեդիա մոդելավորումը։ «Պատրանք Վերնատանն» անկյունը թանգարանի այցելուների սիրած հատվածն է։ Այստեղ կարող եք տեսնել Թումանյանին, որի եռաչափ պատկերը Վերնատան սրահներից մեկում քայլում է, թերթ կարդում։

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ասում է, որ 2012 թվականին ստեղծված անիմացիան տարեցտարի մեծացնում է այցելուների թիվը․ «Երբ մարդիկ զանգահարում են գրանցվելու համար, ցանկություն են հայտնում առաջին հերթին հենց «Պատրանքը» տեսնելու։ Հարցնում են՝ արդյո՞ք գործում է, որովհետև մի որոշ շրջան տեխնիկական խնդիրների պատճառով «Պատրանքի» ցուցադրության ընդհատում եղավ։ Նման օրերին զգում ենք, որ թանգարանի այցելուների համար մի մեծ բաց է մնում։ Իրենք են դա խոստովանում։ Շատերը գալիս են միայն այդ հատվածը ևս մեկ անգամ դիտում ու գնում»։

Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը անսահման գաղափարներ է հուշում։ Թանգարանը տպագրում է բացիկներ, ձեռագործ գրքեր, մանկական խաղեր, դեկորատիվ իրեր և այլն։ Այս ամենի մեջ իրենց գրավչությունն ունեն անիմացիոն և ինտերակտիվ ստեղծագործությունները։

Կարող եք ձեր բջջային հեռախոս ներբեռնել «Toumanian Mueseum Ar/Vr» հավելվածը, որը թումանյանական աշխարհի բացահայտման որոշ հնարավորություններ է տալիս։ Եթե միացնեք հավելվածը և հեռախոսի տեսախցիկը պահեք Թումանյանի կնոջ՝ Օլգայի, թանգարանում ցուցադրված դիմանկարի վրա, ապա դիմանկարը կդառնա մի ամբողջ ալբոմ, և կոմիտասյան երաժշտության ներքո կթերթվեն Օլգայի տարբեր տարիների լուսանկարներ։

Ar/Vr հավելվածի միջոցով ձեր առջև կհառնի Սասունցի Դավիթն ու կհեծնի իր Քուռկիկ Ջալալին։ Սրա համար պետք է ընդամենը հեռախոսի տեսախցիկն ուղղել դեպի թանգարանի համապատասխան անկյուն։

Թումանյանի երևանյան թանգարանն իր մանուկ այցելուներին առաջարկում է նաև եռաչափ երկու մուլտֆիլմ՝ «Անբան Հուռին» և «Ձախորդ Փանոսը»։

Մուլտ-սրահում է գտնվում նաև «Ստվերների թագավորությունը»։ Հատուկ սարքը մարդկանց ստվերներն արտացոլում է պատին, բայց՝ կենդանիների ստվերների տեսքով։ Ըստ մարդու ֆիզիկական տվյալների, սարքը ձեզ կարող է պատկերել աքլորի, շան կամ կատվի տեսքով։ Մարդու ցանկացած շարժմանը համարժեք արձագանքում է նաև ստվեր-կենդանին։

«Թանգարանի կյանքը շատ դանդաղ առաջ կգնա, եթե նորամուծությունների չդիմենք։ Այսքան ներդրումներից հետո էլ, մարդիկ նոր գաղափարների են սպասում։ Պետք է աշխարհին համընթաց քայլենք։ Պետությունը տարվա կտրվածքով շատ մեծ ֆինանսական աջակցություն չի հատկացնում, ինչը ստիպում է նոր մտահղացումներ իրականացնել։ Եվ երբ ներդրում ես անում, կարճ ժամանակահատվածում գումարները վերադառնում են թանգարանին»,- ասում է Անի Եղիազարյանը։

Վերջնական մշակման փուլում է 2D անիմացիոն մուլտֆիլմը Թումանյանի մասին։ Ֆիլմը կպատմի գրողի կյանքի բարդ փուլերի մասին՝ երեխաներին հնարավորինս մատչելի, պատկերային խաղերով։ Աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի, և ամենայն հավանականությամբ ապրիլ ամսին ֆիլմը կներկայացվի թանգարանի այցելուներին։

Թանգարանը նախատեսում է իրականացնել Թումանյանի մանկական բանաստեղծությունների անիմացիա ստեղծելու ծրագիր։ Սա արվելու է անիմացիոն ժանրով զբաղվող երեխաների հետ համատեղ, հեղինակներն ընտրվելու են մրցույթի արդյունքում։

Թեմայով ընթերցեք նաև Ինտերակտիվ թանգարաններ․ Ռիալտոյի կամրջի եռաչափ մոդելավորում

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *