2019.02.21,

Նյուսրում

Ինտերակտիվ թանգարաններ․ Ռիալթոյի կամրջի եռաչափ մոդելավորում

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծության Ռիալթոյի կամրջի եռաչափ մոդելավորում է ստեղծել։ Այս նորարարության շնորհիվ թանգարանի այցելուների թիվն աճել է։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանն ասում է, որ թանգարաններն առանց նորարարությունների կլինեն պակաս գրավիչ։ «Փոխվել են մարդկանց պահանջները, մոտեցումները, ընկալումներն ու ակնկալիքները։ Թանգարանն իր ֆոնդերը պահպանելու, ուսումնասիրելու եւ հանրությանը ներկայացնելու գործառույթները պետք է զուգորդի նորարարություններով, մարդկանց կարողանա բերել թանգարան։ Ես որքան էլ բղավեմ, որ Իսահակյանը մեծ գրող է եւ այլն, հիմա զուտ դրանով մարդկանց թանգարան չես բերի։ Մարդկանց վրա էմոցիոնալ ազդեցություն պետք է թողնել»։

Նման նախագծեր իրականացնելը թանգարանների համար թանկ հաճույք են։ Ռիալթոյի կամրջի եռաչափ մոդելավորումն իրականացրել են՝ ունենալով զրոյական բյուջե։ Գործընկեր «Ինտերակտիվ վորլդ» ՏՏ ընկերության գումարը վճարել են մաս-մաս։

««Ինտերակտիվ վորլդ» ընկերության մասնագետների հետ մի քանի անգամ հանդիպեցինք, քննարկեցինք, շատ էինք ցանկանում ստեղծել մի բան, որից ոչ ոք չի արել։ Նման հոլոգրաֆիկ պատկեր ստանալու համար մեզ պետք էր խորշ, որը չունեինք։ Մենք ունենք փոքրիկ դահլիճ։ Ես առաջարկում էի պատկերել Իտալիայում Իսահակյանի ճամփորդությունը։ Իսկ կամրջի վրա այս բեմադրությունն իրականացնելը «Ինտերակտիվ վորլդի» աշխատակիցների գաղափարն էր»,- պատմում է թանգարանի տնօրենը։

Վերջին երեք տարիներին Իսահակյանի տուն-թանգարանի այցելուների թիվն ավելի քան 250 տոկոսով աճել է։ Տնօրենը համոզված է, որ վիրտուալ իրականության պատկերումը նպաստել է այդ աճին։

«Երբ էքսկուրսիայի ավարտից հետո միացնում ենք ինտերակտիվ մոդելավորումը, այցելուները հուզված ծափահարում են։ Մեզ զանգահարում են տարբեր կազմակերպություններից, դպրոցներից, անհատներ, ասում են՝ գիտենք, որ նման նորարարություն ունեք, ցանկանում ենք տեսնել»,- ասում է Անժելա Խորենյանը։

Նա երազում է Իսահակյանի «Լիլիթ» պոեմի եռաչափ մուլտիպլիկացիոն ֆիլմի ստեղծման մասին։ Բայց դա ծախսատար նախագիծ է։ Թանգարանը հիմա բանակցում է բանաստեղծի հայրական տան բակի լուսանկարը «կենդանացնելու» շուրջ։ Լուսանկարը կշարժվի։

Երկրորդ նախագիծը, որը հիմա քննարկվում է, Հենրիկ Մամյանի կողմից Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի նկարազարդումներից կենդանի պատկերի ստեղծումն է։ Թանգարանի այցելուները նկարը դիտելով իրենց կզգան ինչպես անապատում՝ ուղտերի քարավանը կշարժվի, լսելի կլինի քամու ձայնը եւ այլն։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *