Երբ 1988-ի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղն իր մարզային նստաշրջանում որոշում կայացրեց Ադրբեջանական ՍՍՀ-ից դուրս գալու և Հայաստանի ԽՍՀ կազմի մեջ հայտնվելու ցանկության մասին, «Սովետական Ղարաբաղ» թերթն այդ լուրը տպագրեց իր արտահերթ՝ կիրակի օրը լույս տեսած համարում:
Ինչպես տպագրեցին որոշումը
Թերթի լրագրող Նվարդ Ավագյանն իր «Ժամանակի, սերնդի և իմ մասին» գրքում գրում է, որ որոշումը նույն գիշերը տպագրելը լուրջ փորձություն էր. «Թերթի երեք էջը փակել՝ առաջինի աջակողմյա երկու սյունակը թողել էինք թափուր և սպասում էինք որոշմանը: Երեկոյան խմբագրին կանչեցին մարզկոմ, որտեղ Բաղիրովը (Ադրբեջանի Կոմկուսի առաջին քարտուղարը- խմբ.) ապսպրեց ոչ մի գնով չտպագրել փաստաթուղթը»:
Մարզկոմի երկու ներկայացուցչի ուղարկեցին խմբագրություն, իսկ տպարանում պարզ դարձավ, որ առաջին էջի մաքուր սյունակները զբաղեցվելու էին ՏԱՍՍ-ի պաշտոնական, ոչինչ չասող հաղորդագրություններով: Եվ թերթը որոշեց կասեցնել տպագրությունը:
Ադրբեջանի կազմից դուրս գալու որոշումը տեղ հասավ կեսգիշերն անց, այն էլ առանց կնիքի: Մարզգործկոմի նախագահը՝ Օսիպովը, իմանալով նստաշրջանի մասին, կնիքը վերցրել փախել էր Ստեփանակերտից:
«Մտածելով, որ կնիքի բացակայությունը կարող է պատրվակ դառնալ որոշումը չտպագրելու համար, համատեղ ուժերով տեքստն արագ ռուսերենից վերածեցինք հայերենի ու մեքենագրեցինք, որպեսզի կնիքի բացակայությունը չնկատվի»,- գրում է Նվարդ Ավագյանը:
Խմբագրին հարվածի տակ չդնելու համար կոլեգիա հրավիրվեց և որոշվեց տպարան ուղարկվող մեքենագիր տեքստի վրա «նյութը» տպագրել արտոնող նրա ստորագրության փոխարեն դնել բոլորի ստորագրությունները:
Համարն էլ ստորագրվեց՝ «խմբագրական խորհուրդ»:
Այդ բախտորոշ որոշման տպագրումը փոխեց թերթի հետագա ընթացքը: Այն սովորական սովետական, մարզային լրատվամիջոց էր, բայց հայտնվեց ինֆորմացիայի կենտրոնում և այլևս չէր կարող հանգիստ «ննջել»:
Շարժումը ստիպեց թերթին վերակազմավորվել ու, ի վերջո, դառնալ այն, ինչը պահանջում էին ժամանակն ու լսարանը՝ օրվա վավերագիր լինել, կամ էլ առնվազն փորձել լինել:
«1988 թվականի փետրվարին ոչ ոք չէր պատկերացնում, թե որքան տևական է լինելու պայքարը ու թե ինչպիսի երանգներ է ձեռք բերելու այն հետագայում: Որ հարկ է լինելու մի բառի համար ժամերով կռվել զինվորական դաժան գրաքննության դեմ: Որ խուզարկության (և ոչ միայն դրա) համար գեբիստների ու օմոնի բարձրաստիճան սպաները գիշերը ներխուժելու են խմբագրատուն՝ ջարդելով կողպեքները: Որ ատրճանակի փողն ուղղվելու է լրագրողներիս վրա: Որ ձերբակալելու են խմբագրի տեղակալին: Որ լինելու են օրեր, երբ խմբագիրը ընդհատակից է ղեկավարելու թերթի աշխատանքը: Որ գալու է ժամանակը, երբ ռեժիմը արգելելու է թերթի լույս ընծայումը, բայց նրա գլխավոր նյութերը հրապարակվելու են «Երեկոյան Երևան թերթում»,- գրել է Նվարդ Ավագյանը:
Իր գրքում նա պատմում է, թե ինչպես էին Արցախի լրագրողները ճակատագրով կոչված իրադարձությունների առաջին տարեգիրը լինելու՝ մի կողմից պայքարելով սովետական կրկնակի գրաքննության դեմ, իսկ մյուս կողմից՝ փորձելով «գրիչը չշփոթել միկրոֆոնի հետ»:
Նվարդ Ավագյանը հիշում է, որ երբ թերթի նոր գլխավոր խմբագիր նշանակվեց Մաքսիմ Հովհաննիսյանը, լրագրողները «կատակով ասում էին՝ էս ինչ խաթա բերեցինք մեր գլխին».
«Նոր խմբագիրը շատ է պահանջկոտ: Ստիպված ենք «մտրակով խփել փեշներիս»՝ արագ վազելու համար: Որպեսզի խմբագիրն ինքը չմտրակի: Իրադարձությունները փոթորկի արագությամբ էին փոխվում, և դա մեզնից հատուկ վարպետություն էր պահանջում… Խնդիրը օպերատիվ ու միաժամանակ անխոցելի լինելն էր, քանի որ գրածը պետք է ամենաճիշտը լիներ, ոչ միայն պահի, այլ հեռանկարի հաշվով»:
Աշխատանք՝ գրաքննության և էքստրեմալ պայմաններում
«Սովետական Ղարաբաղը» վարժվում էր աշխատել «քաղաքական բանակռվի, քարոզչապայքարի՝ դիպուկահարի մեթոդաբանությամբ»: Թերթ եկան երիտասարդ լրագրողներ, և տպաքանակը կտրուկ աճեց, անգամ թղթի ճգնաժամ սկսվեց:
Ադրբեջանը թուղթ էր պլանավորել՝ նկատի ունենալով թերթի 15 հազար տպաքանակը, սակայն 1988-ին թերթի տպաքանակը հասել էր 56 հազարի օրինակի: «Այդ պահին թղթի պատճառով թերթի խափանումը հավասար կլիներ հակառակորդի ջրաղացին ջուր լցնելուն»,- գրում է Նվարդ Ավագյանը:
Իրավիճակը փրկեց ԽՄԿԿ Կենտկոմի վարիչ Արկադի Վոլսկին, որը գործուղվել է Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակի մասին զեկուցելու նպատակով: Վոլսկին միջամտեց, փոխեց պետպլանը, ու թերթը ստացավ ոչ թե 120, այլ 500 տոննա թուղթ:
Ըստ էության՝ թերթը տեղեկության աղբյուր էր, ինչը սովետական և այլ՝ գավառական թերթերի դեպքում՝ չլսված բան էր:
Թերթն իրեն պետքական զգաց: Մաքսիմ Հովհաննիսյանը իր լրագրողներին համեմատում էր «պլանտացիայում աշխատող նեգրերի», հարկավոր էր արագ ու արտահերթ ռեժիմով աշխատել:
«Մեր հակառակորդները Բաքվում ու Մոսկվայում կեղծիքն ու ճշմարտություններն իրար էին խառնում՝ ճշմարտության պատրանք ստեղծելու համար… բայց մենք չենք իջնի իրենց մակարդակին, չենք նույնանա»,- գրում է Նվարդ Ավագյանը:
Այդ բարդ օրերին «Խորհրդային Ղարաբաղ» թերթում հայտնվում է նոր գրաքննիչ՝ գործուղված Մոսկվայից: Մինչ այդ էլ կար տպարանի գրաքննիչ, որը սակայն կարող էր երբեմն անտեսելով սպասվելիք վտանգը, աչք փակել որոշ նյութերի վրա: Իսկ արդեն նոր գրաքննիչը քաղաքական գրաքննություն ապահովելու նպատակ ուներ:
Նվարդ Ավագյանը գրում է, որ գրաքննիչները արագ էին փոխվում. «Դա Մոսկվայի կողմից մշակված տակտիկա էր: Որպեսզի ոչ ոք երկար մնալով մեզ մոտ ու մոտիկից հարաբերվելով՝ հանկարծ «չմերվեր» մեզ, չհակվեր մեր գաղափարի կողմը»:
Բացի խուզարկություններն ու կալանավորումները, թերթը նաև այլ ընտրության առջև էր: Անգամ կարելի է ասել՝ երկու քարի արանքում էր: Մի կողմից ադրբեջանա-ռուսական պարտադրանք էր, իսկ մյուս կողմից՝ դժգոհությունը, որ թերթը «Մոսկվայի հերը չի անիծում, որ էսքան խաբում է ու զինված պայքարի կոչեր չի անում»:
«Ասում ես՝ զինված պայքարի համար գաղտնի զինվում են, ոչ թե ռեժիմի անթարթ աչքի տակ ժամանակավրեպ բարբառում, բայց միևնույն է հույզը գերիշխում էր գիտակցությանը»,- գրում է Նվարդ Ավագյանը:
«Սովետական Ղարաբաղը» բարդ իրավիճակում գտավ իր հնչերանգը:
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: