1988 թվականը բախտորոշ էր Հայաստանի համար: Տարին սկսվեց համաժողովրդական մեծ վերելքով և դարձավ խորհրդային անցյալից հրաժարվելու ու ապագայի մոդելը կառուցելու անհրաժեշտության տարի: Սկսվել էր Շարժումը:
Իրադարձությունները շատ արագ էին զարգանում, մարդիկ համախմբվում էին, փողոց դուրս գալիս ու հանրային օրակարգ մտցնում այնպիսի հարցեր (ազատության, անկախության, Արցախի ինքնորոշման, բնապահպանական և այլն), որոնց խորհրդային քարոզչամեքենան ունակ չէր արձագանքել:
Այդ ծանր ու կարծր մեքենան չէր կարող ինֆորմացիայի ոչ ցանկալի արտահոսք թույլ տալ, քանի որ յուրաքանչյուր ոչ պլանավորված իրադարձություն շեղում էր համարվում ու դատապարտվում լռության:
Թեև հայտարարվել էր վերակառուցման («պերեստրոյկայի») մասին, Խորհրդային Հայաստանում դեռ շարունակում էր գործել դասական՝ Մոսկվայից թելադրված գրաքննությունը:
Մեդիայից և հրատարակչական դաշտից «գլավլիտ» հասկացությունը վերացավ 1991 թվականին, իսկ մինչ այդ հանրային բողոքների ու ցույցերի մասին ցանկացած տեղեկատվություն այնպիսի խիստ գրաքննական ֆիլտրերով էր անցնում, որ արդյունքում լուրը պարզապես անտեսվում ու անհետանում էր:
Ահա այսպիսի տեսք ունեին 1988 թվականի փետրվարի 20-ին (Շարժման մեկնարկը խորհրդանշող օրը) և դրան հաջորդած փետրվարի 23-ին լույս տեսած «Սովետական Հայաստան» թերթի առաջին էջերը, որտեղ ամեն բան շարունակվում էր ներկայացվել որպես կանոնավոր, կանխատեսելի ու լուսավոր խորհրդային ներկա:
Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղն իր մարզային նստաշրջանում որոշում կայացրեց մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս բերելու և Հայաստանի ԽՍՀ կազմի մեջ ընդգրկելու մասին: «Սովետական Ղարաբաղ» թերթն այդ լուրը տպագրեց իր արտահերթ՝ կիրակի օրը լույս տեսած համարում:
Հայաստանի մամուլը լռում էր: 1988 թվականի փետրվարին հզոր հասարակական շարժում էր ծնվում, իսկ մեդիան աշխատում էր «Չենք ասում, հետևաբար գոյություն չունի» չգրված կարգախոսով, որը մի քանի տասնամյակների ընթացքում ամուր արմատներ էր ձգել, սակայն այս նոր իրավիճակում միայն հավելյալ բողոքի ալիք էր բարձրացնում:
Երթերի, հացադուլների, հանրահավաքների, ուսանողական նստացույցերի մասին լուրեր գրեթե չենք գտնի այդ օրերի մամուլում: Միակ անդրադարձը ԽՍՀՄ բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձներն ու դիմումներն են: Օրինակ՝ փետրվարի 28-ին արված Միխայիլ Գորբաչյովի այս դիմումը, որը տպագրվեց Սումգայիթի ջարդերի ու Երևանում ուժգնացող հանրահավաքների պահին:
Եթե անգամ պաշտոնական մամուլը արձագանքում էր դեպքերին, ապա դա տեղի էր ունենում միջնորդավորված ու հրամայական մոտեցմամբ: «Ավանգարդ» թերթն, օրինակ, փետրվարի 29-ին կարգուկանոն պահպանելու կոչ էր անում (թեև միամիտ ընթերցողին անհայտ էր մնում, թե ինչու է դա հատկապես հիմա պետք, քանի որ հանրահավաքների նախապատմությունը ներկայացված չէր):
Ռուս պաշտոնյայի շուրթերով ասվում էր, որ մարդաշատ հավաքներին անթույլատրելի է դեռահասների մասնակցությունը, հիշեցվում էր նոպաների ու տկարության դեպքերի մասին, որոնք տեղի են ունենում երկար ժամանակ ոտքի կանգնած մնալու դեպքում: Եվ, իհարկե, ասվում էր խուլիգանական տարրերի սադրանքների ու Ղարաբաղում իրավիճակը վերահսկողության տակ պահելու մասին:
Ցուցարարները քննադատվում էին ու քարկոծվում, քարոզչամեքենան հազիվ էր հասցնում իրականությունը հերքել ու ժողովուրդների բարեկամության կոչեր անել: Հայաստանի մամուլում ավելացան ադրբեջանցիների կարծիքները, որոնք կոչ էին անում բարեկամ մնալ ու կարգավորել իրավիճակը:
Խորհրդային գաղափարախոսության համար ամենից սարսափելին ազգային հարցերն էին, քանի որ ԽՍՀՄ հիմնաքարը ինտերնացիոնալիզմն էր:
Եվ երբ արդեն անհնար դարձավ անտեսել Հայաստանում և Արցախում կատարվող իրադարձությունները, ռուսական թերթերը հանրահավաքների մասնակիցներին ու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման կողմնակիցներին սկսեցին պիտակավորել որպես «ազգայնականներ» և «էքստրեմիստներ»:
ԽՍՀՄ գլխավոր տպագիր օրգանը՝ «Պրավդա» թերթն իր մարտի 21-ի համարում գրեց, որ հանրահավաքները լավ կազմակերպված էին, զոհեր ու ավերվածություններ չեղան, ինչն էլ, ըստ թերթի, վկայում էր այն փաստի մասին, որ հայերը «հուշումները ստանում էին օվկիանոսի մյուս ափից»:
Արևմուտքի միջամտությունն ու «որոշ ազգայնական տարրերի» ակտիվությունը դարձավ այն տեսակետը, որով կենտրոնական մամուլը բնութագրեց շարժումը:
Եվ բնական է, որ մամուլի այդ վերահսկիչ ու արդեն հնացած գաղափարախոսական բնույթը զայրույթ էր առաջացնում Հայաստանում: Հանրահավաքներին էին միանում մարդիկ, որոնք կենտրոնական թերթերից պահանջում էին իրականության արտացոլումը:
Ստեղծվել էր նոր միաջավայր, որտեղ մամուլն այլևս չէր կարող հին ձևով աշխատել: Պիտի փոխվեր: Մարդիկ արդեն փոխվել էին:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: