Մեդիա բովանդակությունն այնքան հասանելի, մատչելի և արագ շրջանառվող է դարձել, որ ցանկացած լուրջ մեդիա միավորում ստիպված է փոխվել: Եվ փոխել ոչ միայն իր գործելաոճը, այլև՝ փիլիսոփայությունը:
«Թվապատում» մեդիա կոնֆերանսը, որը տեղի ունեցավ 2017 թվականի հուլիսի 16-17-ը, փորձեց վերաիմաստավորել մեդիա մենեջմենթի դերը մեր փոթորկվող, փոփոխվող իրականության մեջ, երբ լսարանի մեծամասնությունը լուրերը կարդում է սոցիալական ցանցերում, ընտելացել է արագ շեղվել դիտվող/ընթերցվող նյութերից, սկսել է մտահոգվել ֆեյք լուրերի առատությամբ ու պատրաստ է հետևել ու վճարել միայն այն մեդիային, որի հետ ներքին կապ է զգում և որին վստահում է:
Լսարանն այլևս այլ է, և հաջողության է հասնում այն մեդիան, որը հաշվի է առնում նաև այդ մարդաբանական գործոնն ու մշակում է լսարանի հետ աշխատելու սեփական ռազմավարությունը:
Ռուսաստանցի մեդիա փորձագետ Նատալյա Լոսևան, պատմելով նոր մեդիայի վտանգների ու հնարավորությունների մասին, ասաց. «Միայն բովանդակություն արտադրելը բավարար չէ, ավելի կարևոր է դրա տարածումը: Եվ անձամբ լրագրողներն են դառնում պատասխանատու տեղեկատվության դիստրիբյուցիայի համար: Մետահեռարձակման պայմաններում մեր հիմնական լսարանն այնտեղ չէ, որտեղ միշտ եղել է, այլ բոլորովին այլ տարածքում, որտեղ տերերը մենք չենք ու չենք կարող վերահսկել»:
Առաջնային նպատակներից մեկը սեփական լսարանը ճանաչելն է, այսինքն, տարբերակել իրական լսարանը թրաֆիկից:
«Մեդիայի գլխավոր մարտահրավերներից է պայքարը լսարանի ներգրավածության համար: Պետք է փորձել ձեռք բերել որակական վարքագիծ ունեցող լսարան, այլ ոչ թե մեկանգամյա ընթերցող: Կարևորն այն չէ, թո ով եկավ ձեր կայք, կարևոր է, թե ով վերադարձավ»,- ասաց Նատալյա Լոսևան:
Հարվարդի բիզնես դպրոցի գիտաշխատող Գժեգոժ Պիխոտան հիշեցրեց, որ լսարանը անգամ չի էլ գիտակցում, թե երբ է անցում կատարում մեդիայից դեպի սոցցանց.
«Նյութերը պետք է տարածվեն հետևորդների համար, հիմնականում թեմայով հետաքրքրվողների շրջանում: Ցանցերը կօգնեն այս հարցում՝ հնարավորություն տալով նոր ընթերցողներ բերել դեպի բովանդակություն»:
Նա խորհուրդ տվեց լրագրողներին կենտրոնանալ հետաքննությունների վրա, որոնց հետագա արդյունքը կերևա որոշումներ կայացնողների աշխատանքի մեջ. «Լսարանը երբեմն դժվարանում է տարբերակել ապատեղեկատվությունը, այնպես որ հետաքննությունն այս հարցում կարող է արժեքավոր լինել»:
«Advance Digital» ընկերության ծրագրային ապահովման ճարտարագետների թիմի ղեկավար Դեյվիդ Ջեքոբսը ներկայացրեց ցանցի պատմությունը՝ սկսած բլոգային հեղափոխությունից: Հիմա, երբ հեղինակ կարող է լինել ցանկացած մարդ, կարևորվում է սեփական ռեսուրսի առաջխաղացումը: «Հարցն այն է, թե ինչպես անել, որ քո սեփական բովանդակությունը քո սեփական ռեսուրսում շատ դիտվի»,- ասաց նա:
Բոլոր լրատվամիջոցներն էլ մտահոգված են, թե ինչպես անել այնպես, որ ընթերցողը սոցցանցերից անցում կատարի դեպի լրատվական կայքեր, քանի որ գերհագեցած մեդիա բովանդակության պայմաններում լսարանին միևնույն է, թե որտեղից ստանալ տեղեկություն:
Մեդիայի համար առաջացել է պահանջ՝ նորովի կառուցել լսարան-մեդիա հարաբերությունները:
Լրատվամիջոցը ստիպված է ոչ միայն իրազեկել լսարանին, այլև վստահեցնել, որ այդ տեղեկությունը ֆիլտրված ու ստուգված է: Եթե հաջողվի անել դա, կհեշտանա նաև մոնետիզացիայի խնդիրը:
Մեդիա ռազմավարությունների մշակող ու խորհրդատու, ամերիկյան հայտնի «LeeHunt» ընկերության հիմնադիր Լի Հանթը առաջ քաշեց հիմնարար հարցադրում՝ ի՞նչ անի ավանդական հեռուստատեսությունը:
«Հիշենք, որ դիտում ենք ոչ թե ալիք, այլ հաղորդում: Այնպես, ինչպես դիտում ենք ֆիլմ, ոչ թե ստուդիա: Ընդ որում՝ այդ հաղորդումներն ու ֆիլմերը դիտում ենք ցանկացած վայրում, ցանկացած ժամին և ցանկացած էկրանին»,- ասաց նա:
Նոր որակի հարաբերություններ ստեղծելով լսարանի հետ, ալիքները շրջադարձ են անում գծային բովանդակությունից (linear) դեպի ցպահանջ բովանդակություն (on demand): Եվ դրանով քայլ են անում եթերից դեպի եթերից դուրս գոյություն ունեցող շուկա:
«Գծային բրենդները համադրվում են ցանցային հնարավորությունների հետ: Այլևս հնարավոր է կադրը կանգնեցնելով ստանալ ցանկացած ինֆորմացիա՝ էկրանին տեղի ունեցածի մասին և միաժամանակ գնել այն՝ երաժշտությունը, գրքերը. ապրանքները… Ալիքները դառնում են խոշոր բրենդներ, որոնց անվան ներքո տարաբնույթ փոքր բիզնես կառույցներ են գործում»,- ասաց Լի Հանթը:
Hack Pack հարթակի հիմնադիր Ջասթին Վարիլեքը ներկայացրեց այն ուղիները, որոնք կօգնեն ինչպես խոշոր մեդիա կազմակերպություններին, այնպես էլ անհատ լրագրողներին գումար գտնել առաջխաղացման համար: Նա կարևորեց քրաունդֆանդինգն ու համագործակցային մոդելները, քանի որ հիմա բարդ ժամանակներ են լրագրողների համար:
«Ցանցում բովանդակությունը հաճախ կորչում է, և կարիք կա ավելի նեղ, խորշային ուղղվածության հարթակներում գտնել թե՛ գումար, թե՛ լսարան»,- ասաց նա:
Ռուսաստանցի լրագրող ու պրոդյուսեր, Russia Beyond The Headlines-ի գլխավոր խմբագիր Վսեվոլոդ Պուլյան կոնկրետ խորհուրդներ տվեց լրագրողներին, թե ինչպես գրել ցանցում, որ կարդան: Եվ խոսքը միայն ոճի (կարճ, մատչելի ու մուլտիմեդիայով հագեցած) մասին չէ, այլև լրագրության դերի:
«Այժմ, երբ ոչ թե սպառողն է փնտրում բովանդակություն, այլ բովանդակությունն է փնտրում սպառող, աճում է սոցիալապես պատասխանատու լրագրության դերը: Այսինքն, այն լրագրության, որը ուղիղ կերպով է ներգործում լսարանի կյանքի վրա»,- ասաց նա:
Վսեվոլոդ Պուլյան վստահ է, որ ընթերցող-մեդիա հարաբերությունները հիմնվում են ոչ միայն պարզ բաժանորդագրության մոդելի վրա, այլ ավելի շուտ նման են համախոհների ակումբին.
«Նյուզրումների բոլոր աշխատակիցները պետք է հասկանան իրենց անելիքն ու մշտական կապի մեջ լինեն լսարանի հետ: Լրագրողները միայն նյութ պատրաստողներ չեն, նյութերի առաջխաղացումը պակաս կարևոր չէ: Սա նոր մարտահրավեր է լրագրողների համար, ինչպես ժամանակին մարտահրավեր էր մուլտիմեդիա գործիքների կիրառումը»:
«Թվապատում» կոնֆերանսը, որը կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, նախանշեց, որ մեդիայի հաջող կառավորումը մենեջերներից ու լրագրողներից պահանջում է լինել նախաձեռնող ու ստեղծարար տարբեր հարթակներում:
Եվ չարտադրել հենց այնպես բովանդակություն (բոլորի նման, ինչը էֆեկտիվ չէ), այլ հստակ պատկերացնել, թե ում համար այդ բովանդակությունը կլինի օգտակար ու ոգեշնչող:
Այնքան օգտակար, որ լսարանը պատրաստ կլինի վճարել դրա դիմաց՝ բաժանորդագրվելով, հետևելով ու տրամադրելով մեդիային ամենաթանկը՝ իր ժամանակը:
Մեդիայի կայացման համար բավարար չեն զուտ քլիքաբեր հոսքերը, քանի որ թրաֆիկը ընդամենը հումք է, իսկ արժեքը վստահող ու վստահելի լսարանն է: Հատկապես, փոթորկվող ժամանակներում, երբ լսարանը որոնում է ոչ թե մեդիա, այլ կոնկրետ պատմություններ:
Նունե Հախվերդյան
Գայանե Ասրյան
Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: