Խմբագիր և մեդիա մենեջեր Գժեգոժ Պիխոտան սոցիալական ցանցերը դիտարկում է առաջին հերթին որպես աշխատանքային դաշտ: Եվ որպեսզի այդ դաշտը հուսախաբ չանի ու տհաճ հայտնությունների սկիզբ չդառնա, այն նախևառաջ հարկավոր է մանրամասն ուսումնասիրել: Այսինքն, ծանոթանալ, հասկանալ ու ըմբռնել օգտատերերի պահանջներն ու ցանկությունները:
Լեհաստանում ծնված Գժեգոժ Պեխոտան աշխատում է ԱՄՆ Հարվարդի Բիզնես դպրոցում ու հանդես է գալիս որպես մեդիա կազմակերպությունների խորհրդատու՝ օգնելով մշակել թվային ռազմավարություն ու նոր արտադրանք հանել շուկա:
Այս տարվա «Թվապատում» կոնֆերանսի ընթացքում նա երկու հանդիպում կունենա՝ մասնակիցներին ներկայացնելով իր փորձն ու թվային աշխարհում գումար վաստակելու ուղիները:
«Ես եմ մեդիան» ձևաչափի վարպետության դասի ընթացքում նա պատմեց այն քայլերի մասին, որոնք օգնում են ձևավորել «դիզայն-մտածողություն» (Design Thinking): Այսինքն, այն մեթոդը, որն օգնում է ստեղծել և արտադրել մարդուն անհրաժեշտ, «մարդակենտրոն» թվային ապրանքներ:
«Հասկանալու համար, թե ինչպես ստեղծել ապրանքներ, որոնք մարդիկ կցանկանան գնել, մենք պետք է առաջին հերթին կենտրոնանք վաղվա օրվա վրա: Տեխնոլոգիաներն ու շուկան շատ արագ են փոխվում, և այն, ինչն արդիական է այսօր, վաղն արդեն կիրառելի չի: Օրինակ, չի կարելի ուսանողներին սովորեցնել մի բան, որը երկու տարի հետո իրենց պետք չի լինի: Թվային աշխարհում լավ ապրանք ստեղծելու համար հարկավոր է մտածել ոչ թե տեխնոլոգիաների, այլ մարդկանց մասին»,- ասաց նա:
Մարդիկ կազմված են հետաքրքրություններից, հիմնարար պահանջներից, երազանքներից ու ցանկություններից, ընդ որում՝ ոչ միայն գիտակցված, այլև ենթագիտակցական: Գժեգոժ Պիխոտան առաջարկում է ծանոթանալ այդ ամենի հետ համբերատար կերպով, տարբեր սոցհարցումների միջոցով.
«Կարևոր է հիշել, որ մենք ոչ թե գնահատում ենք մեր սպառողներին, այլ ընդամենը ծանոթանում նրանց հետ: Այսինքն, տեղեկություն ենք հավաքում նրանց պահանջների ու խնդիրների մասին, ընդունելով, որ շատ հաճախ այն, ինչը նրանք ասում են, մտածում, անում և զգում, կարող է տարբեր լինել»:
Միայն լսարանին ճանաչելուց հետո հնարավոր է ստեղծել լավ թվային արտադրանք, այդ թվում նաև՝ սոցցանցերում: Գժեգոժ Պիխոտան խնդրեց չմոռանալ, որ մեդիա արտադրանքը միշտ ստեղծվում է կոնկրետ լսարանի համար, որն իհարկե, կարող է ընդլայնվել, բայց սկզբնական փուլում միշտ շատ հստակ է:
Դիզայն-մտածողությունը ենթադրում է, որ լսարանը ճանաչելուց հետո, պետք է ֆիլտրվեն խնդիրները, հետևություններ արվեն ու թիրախային հարցադրումներ ձևակերպվեն:
Գժեգոժ Պիխոտան հիշեցրեց, որ լավ ընկերությունները չեն ջանում միանգամից մեծ ու թանկարժեք նորարար արտադրանք բաց թողնել շուկա, այլ ընդհակառակը՝ կենտրոնանում են հարյուրավոր, անգամ՝ հազարավոր պարզ ու էժան ապրանքատեսակներ փորձակելու վրա. «Պարզ ապրանքը հեշտ և արագ է թեստավորել, և ուրեմն, ավելի մեծ է հնարավորությունը, որ այն կբավարարի լսարանի պահանջերին»:
«Թվապատում» կոնֆերանսին Գժեգոժ Պիխոտան կպատմի նաև, թե «Ինչպես դառնալ միլիոնատեր սոցիալական ցանցերում» և «Ով է ամենա-ամենա խմբագիրը»:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: