2016թ-ի հուլիսի 29-ին Երևանի Սարի թաղ կոչվող թաղամասում տեղի ունեցած բռնություններից տուժած լրագրողները չեն հավատում, որ իրական մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
Լրագրողները՝ նախաքննության մասին
1in.am-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը, ով Սարի թաղում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս տուժել է պայթուցիկներից, նույնիսկ տեղյակ չէ, թե հարուցված քրեական գործը նախաքննության որ փուլում է:
«Ես գործի ընթացքին առանձնապես չեմ հետևում, որովհետև վստահ եմ, որ չի կայացվելու այնպիսի որոշում, որը դեմ կլինի յուրայիններին: Բոլորն էլ գիտեն, որ այդ օրը գործողությունները ղեկավարել է Լևոն Երանոսյանը (փոխոստիկանապետ), պայթուցիկները նետվել են նրա հրահանգով: Նա էլ անմիջապես պաշտոնանկ արվելու և պատասխանատվության ենթարկվելու փոխարեն վերջերս նախագահի կողմից մրցանակ է ստացել»,- ասում է Մարիամը:
Լրագրողի վնասվածքները գրեթե ապաքինվել են, ուղղակի երկու ոտքերին մնացել են որոշ հետքեր:
Ի տարբերություն Մարիամի, Lragir.am-ի լրագրող Մարութ Վանյանի վերքերը դեպքից 6 ամիս անց էլ զգացնել են տալիս:
«Անտարբեր եմ գործի քննության նկատմամբ: Պարզապես անիմաստ է ինչ-որ բան ակնկալել: Դեպքից արդեն կես տարի է անցել: Ես էլ ամեն ինչ մոռացած կլինեի, եթե ոտքիս ցավը զգացնել չտար»,- ասում է Մարութը:
Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողին քաղաքացիական հագուստով անձինք փայտե հաստ ձողերով ծեծի էին ենթարկել, ինչի արդյունքում նա ստացել էր աջ ոտքի սալջարդ: Այդ օրը հափշտակել էին նաև նրա տեսանկարահանող սարքը, անձնագիրը: Մարութն ասում է, որ մինչև հիմա նոր անձնագիր կամ անձը հաստատող որևէ տեղեկանք չունի:
«Ա1+»-ի թղթակից Ռոբերտ Անանյանը նույնպես Սարի թաղի դեպքերի ժամանակ տուժածներից է՝ պայթուցիկների հետևանքով բեկորային վնասվածքներ է ստացել և ենթարկվել ոստիկանական հարձակման:
Վնասվածքները դեռ զգացնել են տալիս: Վերջերս Ռոբերտն ինքն իր ձեռքով ձախ ոտքից բեկոր է հանել, որից հետո միայն վերքն ապաքինվել է:
Ռոբերտն ասում է, որ իր գործը դեռևս դատարան չի ուղարկվել։
«Քննչական մարմինների հետ վերջին անգամ շփվել եմ ամիսներ առաջ, երբ տաբատս քննիչի հետ տարանք փորձաքննության՝ պարզելու, արդյոք իմ արյունն է վրան, թե ոչ։ Դրանից հետո չեն երևացել»,- պատմում է նա։
Լրագրողի համար դեռ հարց է՝ գործ կա՞, որ ընթացք էլ ունենա, առավել ևս՝ հանգուցալուծումը երևա. «Իրավապահները ոչինչ չեն անում Սարի թաղի հանցագործներին դատարանի առաջ կանգնեցնելու համար, հավանաբար՝ վերևից հրահանգ չկա»։
Իրավական գնահատականներ
Իրավաբան Արա Ղազարյանը այն կարծիքին է, որ Սարի թաղի գործն այդքան էլ բարդ չէ բացահայտելը, քանի որ ամեն ինչ նկարահանվել է, և նախաքննական մարմնի համար շատ հեշտ է ֆիքսել, թե ով է բռնություն կիրառել:
Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանի խոսքով, Սարի Թաղում լրագրողների նկատմամբ բռնությունների գործերի նախաքննության ընթացքի ձգձգումը միտումնավոր չէ, այլ կապված է գործերի քանակի ու բարդության հետ:
«2016 թվականին 2015-ի համեմատ լրագրողների լիազորությունները խոչընդոտելու հետ կապված բավականին շատ գործեր եղան մեզ մոտ: Բոլորի մասով էլ լիարժեք քննություն է իրականացվում: Հարցաքննվողները շատ են, քննչական, դատավարական գործողություններ են իրականացվում: Իրականում բարդ աշխատանք է տարվում»,- մեզ հետ զրույցում նշեց մամուլի քարտուղարը:
Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնությունների փաստերով հարուցված գործերից 8-ի նախաքննությունն է ավարտվել, որից 7-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Իրավաբան Արա Ղազարյանը նկատում է, որ մեղադրանք է առաջադրվել հիմնականում քրեական օրենսգրքի 258-րդ /խուլիգանություն/ և 164-րդ հոդվածներով /լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը/, սակայն բացակայում են 308-րդ և 309-րդ հոդվածները /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը եւ պաշտոնեական լիազորություններն անցնելը/:
«Այսինքն մեղադրանք է առաջադրվել քաղաքացիական անձանց, բայց մենք ուզում ենք, որ պաշտոնատար անձանց նկատմամբ մեղադրանք առաջադրվի, քանի որ կարող ենք ասել, որ Սարի թաղում քաղաքացիական հագուստով անձինք գործում էին ոստիկանության ոչ միայն թողտվության, այլև անմիջապես նրանց հրահանգի ներքո, ինչու չէ նաեւ՝ ոստիկաններ են»,- ասում է իրավաբանը:
2015-ի #ElectricYerevan-ի եւ 2016-ի Սարի թաղի դեպքերը, ըստ Արա Ղազարյանի, խոսում են պետական իշխանության կողմից լրագրողների նկատմամբ խտրականության եւ քաղաքական անհանդուրժողականության մասին, քանի որ խոչընդոտվում էր ոչ միայն լրագրողների աշխատանքը, այլեւ պատժում էին դեպքի վայրում մնացած կամ այնտեղից հեռացող լրագրողներին:
Եւ այս ամենի համար պատիժը տուգանք սահմանելը, իրավաբանի գնահատմամբ, համարժեք չէ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նույնպես կարծում է, որ իշխանությունների քայլերը համարժեք չեն այն բռնությունների ծավալներին, որ տեղի են ունեցել Խորենացի փողոցում և Սարի թաղում: «Մենք ներկայացնում ենք մի քանի լրագրողների շահերը, որոնց գործերի քննությունը նույնպես շատ դանդաղ է ընթանում և, եթե այսպես շարունակվի, բացառված չէ, որ մենք նյութերը նախապատրաստենք վաղաժամկետ միջազգային կազմակերպություն դիմելու համար»,- մեզ հետ զրույցում նշել է Աշոտ Մելիքյանը:
Կոմիտեի նախագահը մտադիր է լրագրողների գործերն ուղարկել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե:
Հայաստանում լրագրողին հե՞շտ է պաշտպանել իր իրավունքները
Լրագրողների նկատմամբ բռնությունների եւ այդ փաստերով հարուցված գործերի քննության ձգձգումները խոսում են այն մասին, որ Հայաստանում բարդանում է լրագրողների իրավունքների պաշտպանությունը:
Մարիամ Գրիգորյանը գոհ է Հայաստանում լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների աշխատանքից, որոնք, ըստ նրա, անաչառ են, և ցանկացած խնդրի դեպքում հետամուտ են լինում լրագրողի իրավունքների պաշտպանությանը: Սակայն խնդիրը, ըստ նրա, լրագրողական դաշտում է, երբ օրինակ պաշտոնյան լրագրողին վիրավորում է եւ համարժեք վերաբերմունքի չի արժանանում լրագրողների կողմից:
«Կամ երբ Մհեր Սեդրակյանը լրագրողին հայհոյում ու սպառնում է ու դրանից հետո շարունակում պատգամավոր մնալ, լրագրողներն էլ դեպքը շատ շուտ մոռացած նրան նորից հարցեր են ուղղում, բնականաբար նա իրեն իրավունք կվերապահի նորից նույն կերպ դրսևորել: Եթե դաշտը մի փոքր միասնական լինի, կարծում եմ, լրագրողները ավելի քիչ խոչընդոտների կհանդիպեն ու իշխանություններն էլ ավելի զգոն ու զուսպ կլինեն»,- ասում է լրագրողը:
Ռոբերտ Անանյանն էլ այն կարծիքին է, որ Հայաստանում օրենքներն անկատար են, հատկապես՝ լրագրողների նկատմամբ բռնությունների մասով։
«Բռնարարները մնում են անպատիժ։ Տպավորություն է, որ դատաիրավական համակարգին հրահանգված է չպատժել լրագրողի իրավունքի սահմանափակման, բռնության որևէ դեպքի համար։ Սրանով խոսքի ազատության թվացյալ մթնոլորտը ճնշվում է անպատժելիությամբ»,- ասում է նա։
Իսկ Մարութ Վանյանը գտնում է, որ առհասարակ անիմաստ է իրավունքների մասին խոսել. «Հայաստանում մարդ միայն սրճարանում կարող է իրեն արժանապատիվ զգալ, որտեղ գոնե ժպիտով են դիմավորում»:
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: