2015 թվականի հունիսի 23-ին Երևանում ծավալվեց Electric Yerevan քաղաքացիական շարժումը, որը ընդարձակվեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ խաղաղ բողոքի ցրումից հետո: Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների դեմ օգտագործվեցին հատուկ միջոցներ ու բռնի ուժ, հետապնդվեցին, բերման ենթարկվեցին ու ֆիզիկական վնասվածքներ ստացան 246 քաղաքացիներ:
Արձանագրվեց լրատվամիջոցների օրինական մասնագիտական գործունեության խոչըդոտման 24 և լրագրողներին ֆիզիկական բռնության ենթարկելու 13 դեպք:
Մեկ տարի անց պարզ դարձավ, որ ոստիկանների և քաղաքացիական համազգեստով ուժայինների անհամաչափ գործողությունները դեռ հանգուցալուծում չեն ստացել:
Լրագրողական համայնքի 8 կազմակերպություն այսօր հայտարարություն են տարածել, որտեղ նշված է: «Ոստիկանական ստորաբաժանումների գործողությունները նպատակաուղղված բնույթ են կրել, ինչի ապացույցներն են լրագրողների նկարահանող սարքերը միտումնավոր ջարդելու, դրանց հիշողության քարտերը ապօրինի առգրավելու, լրատվամիջոցների աշխատակիցներին տարբեր բաժիններ բերման ենթարկելու, տեսագրություններն ու լուսանկարները ոչնչացնելու բազմաթիվ փաստերը»։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հարցում է ուղարկել Հատուկ քննչական ծառայության՝ տեղեկանալու համար այս դեպքերով հարուցված քրեական գործի ընթացքի մասին։ Պատասխանում ասված է, որ գործը երկարաձգվել է մինչև 2016 թ. օգոստոսի 17-ը։ Նախաքննության ընթացքում հարցաքննվել են ԶԼՄ-ների 25 ներկայացուցիչներ, որոնցից 21-ը տուժող են ճանաչվել։
«Սակայն զավեշտալին այն է, որ մինչև օրս գործով չկա և ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ։ Եվ դա այն դեպքում, երբ համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ բացահայտ երևում է, թե ովքեր են վայրագություններ իրականացնողները։ Այս ամենը վկայում է քրեական գործը ձևական վարելու և այն կոծկելու միտումի մասին»,- ասված է հայտարարությունում։
Լրագրողական համայնքը պահանջում է անաչառ և հետևողական վերաբերմունք ցուցաբերել հարուցված քրեական գործի նկատմամբ և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից։
Հանուն լրագրողների իրավունքների պայքարը սովորաբար մարում կամ թուլանում է, երբ տեսանելի արդյունքներ՝ դատական նախադեպեր, չեն հայտնվում: Իսկ այդ պայքարը հաճախ կարող է տարիներ տևել ու ժամանակ և ուժ խլել լրագրողներից: Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ միակ ելքը համբերությամբ զինվելը, վճռական լինելն ու պայքարը մինչև վերջ տանելու պատրաստակամությունն է:
Եվ որքան թեժ պահվի այս թեման լրատվական դաշտի օրակարգում, այնքան կմեծանա արդյունքին հասնելու հնարավորությունը: Հայտնի է, որ երկու լրագրողներ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ մեկ լրագրող՝ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարան:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: