2016.06.09,

Նյուսրում

Ֆուտբոլը դիտելու և լսելու ժամանակն է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հեռուստատեսության գրավչությունը ուղիղ եթերն է: Իսկ երբ ուղիղ եթերով հեռարձակվում է խոշոր, զանգվածային և շարունակական իրադարձություն, հեռուստատեսությունը եռակի գրավիչ է դառնում:

Հեռուստաընկերությունները շատ լավ հասկանում են, որ որքան էլ շեշտը դնեն սեփական արտադրության հաղորդումների ու սերիալների վրա, միևնույն է, սպորտային չեմպիոնատների ու մրցաշարերի վարկանիշներին չեն հասնի:

Սպորտը միակ իրականությունն է, որին հարմարվում է լսարանը, այլ ոչ թե հակառակը, քանի որ սպորտային հանդիպման դիտումից ուշանալ ու առավել ևս հետաձգել՝ նշանակում է կորցնել ինտրիգային թելը: Նշանակում է տեղեկանալ արդյունքին, բայց ոչ հաճույք ստանալ ընթացքի համամասնակիցը դառնալուց:

Սպորտային ինտրիգը «այստեղ ու հիմա»-ն է՝ միավորների ու գոլերի հաշվարկը կենդանի ժամանակում: Այդ պատճառով էլ, ալիքների միջև թեժ մրցակցություն է ընթանում մասնավորապես ամենադիտարժան ու զանգվածային սպորտաձևի՝ ֆուտբոլի, հեռարձակման իրավունքը ձեռք բերելու համար: Տարբեր ազգային ֆուտբոլային առաջնությունների խաղերը հայաստանյան տարբեր ալիքներ հեռարձակում են միշտ: Եվ ունեն կայուն լսարան:

Ֆուտբոլը ապահովում է բարձր վարկանիշ ու մեծ (համեմատաբար) գովազդային հոսքեր:

Հունիսի 10-ին մեկնարկող Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն այս տարի հեռարձակելու է Հանրային հեռուստաընկերությունը, որն էլ մեկ ամիս շարունակ մեծ թվով հեռուստադիտողներին պետք է մատուցի ոչ միայն խաղի վիզուալ հեռարձակումը, այլև՝ սեփական մեկնաբանությունը:

Ընդհանրապես ֆուտբոլային մեկնաբանների պատրաստվածությունն ու խոսելաոճը միշտ շատ հետաքրքիր է ընկալվում ու մեկնաբանվում լսարանի կողմից:

Ֆուտբոլային մեկնաբանների խոսքի մշակույթը, որը առավել ընդգծվում է ուղիղ եթերի պարագայում ու չի ենթարկվում խմբագրման ու մոնտաժի, շատ առարկություններ է առաջացնում: Երբեմն այդ խոսքն այնքան շատ ու անպատեհ է լինում, որ լսարանը պարզապես հոգնում է: Եվ որպես հետևանք` անձայն է նայում խաղերը կամ էլ բարի չարախնդում է մեկնաբանների տարիներով կրկնվող շտամպների ու սեփական եզակիությունը ընդգծող նրանց եզրակացությունների վրա:

Հանրային հեռուստաընկերությունը, որպես «Եվրո-2016»-ի պաշտոնական հեռարձակող, հայտնել է, որ հիմնվելու է 7 մեկնաբանների մտքի ու խոսքի վրա:

Այնպես որ, եթերում կխոսեն Կարեն Գիլոյանը, Սլավա Սարգսյանը, Սուրեն Բաղդասարյանը, Ռոբերտ Գասպարյանը, Էդուարդ Քալանթարյանը, Խաչիկ Չախոյանը, Վահան Ղարիբյանը:

Մեկ ամիս շարունակ նրանք կխոսեն մեզ համար՝ ներկայացնելով 24 հավաքականների 51 խաղերը: Բոլորն էլ կխոսեն տարբեր ոճով և, բնականաբար, մրցելով իրար հետ՝ լսարանին դուր գալու համար:

Ինչպես ասում են՝ դիտողը նաև լսող է: Իսկ լավ դիտողը անպայման լավ խոսք է ուզում լսել:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *