Ինչպես են սոցիալական մեդիայում մեկնաբանում ֆուտբոլային մեկնաբաններին

17.06.2014, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Բրազիլիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունը Հայաստանում հեռարձակում է Հանրային հեռուստատեսությունը:

Հանրայինի սպորտի խմբագրությունը պատրաստվել է ֆուտբոլային ամսին: Օրական երեք կամ չորս ֆուտբոլային հանդիպում, ֆուտբոլային օրագրեր: Աշխարհի գավաթը ուղիղ եթերում քննարկելու համար հեռուստատեսության տաղավարում հյուրընկալվում են հայտնի մարդիկ՝ քաղաքական գործիչներ, դերասաններ, երգիչներ:

Հատուկ ցանկությունը, որ, թերեւս, կարող էր ունենալ հայաստանցի հեռուստադիտողը՝ Առաջին ալիքի լրագրողների գործուղումն էր Բրազիլիա: Տեղում պատրաստված հեռուստատեսային ռեպորտաժները շատ կհարստացնեին եթերը:

Առաջին ալիքի սպորտային մեկնաբաններ Կարեն Գիլոյանը, Մենուա Մեհրաբյանը, Ռոբերտ Գասպարյանը եւ Սլավա Սարգսյանը հերթով մեկնաբանում են աշխարհի գավաթի ֆուտբոլային հանդիպումները: Նրանց գործը հատկապես բարդանում է, երբ

ա. Ֆուտբոլային հանդիպումը շատերի համար է հետաքրքիր (օրինակ՝ Իսպանիա-Հոլանդիա խաղը) եւ հեռուստացույցի առաջ նստած ֆուտբոլային երկրպագուն չափազանց զգայուն է դառնում մեկնաբանի խոսքի հանդեպ:

բ. Ֆուտբոլային հանդիպումը ձանձրալի է: Նախ մեկնաբանի համար դժվար է անվերջ խոսել, եթե դաշտում առանձնապես իրադարձություն չկա, հետո էլ ֆուտբոլասերները ձանձրույթից սկսում են հատուկ ուշադրություն դարձնել մեկնաբանի խոսքին, որսալ նրա սխալները:

Սոցիալական մեդիան ֆուտբոլ դիտելու նոր մշակույթ է ձեւավորել: Մարդիկ ֆուտբոլի խաղի ընթացքում կամ դրանից անմիջապես հետո գրառումներ են կատարում, նկարներ ու տեսանյութեր են տեղադրում  Twitter-ում կամ Facebook-ում: Հեռուստադիտողները քննարկում են ոչ միայն ֆուտբոլը, այլ նաեւ ֆուտբոլային մեկնաբաններին, նրանց չափազանց զգացմունքայնությունը կամ իներտությունը, հնարավոր սխալները:

Ֆուտբոլային մեկնաբանների աշխատանքի մասին սոցիալական մեդիայում գրառումներն էլ շատ դեպքերում էմոցիոնալ են ու գրեթե միշտ սուբյեկտիվ (այդպես էլ պետք է լիներ): Ես
Storify հարթակի օգնությամբ գրառումներ եմ հավաքել աշխարհի գավաթի անցած օրերին հայաստանցի մեկնաբանների աշխատանքի մասին: Այս կարծիքները կարող են օգնել նրանց ավելի լավ մեկնաբանել աշխարհի գավաթը:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?