«Խնդրում եմ՝ ինձ վիրավորելու համար պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել»,- լրագրող Սիրանույշ Պապյանը, որպես իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, այս պահանջն է ներկայացրել դատարանին հղած հայցադիմումում:
1in.am-ի և Lragir.am-ի լրագրող Սիրանույշ Պապյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ իր հայցը ապրիլի 29 -ին ուղարկել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ հանպատրաստից ճեպազրույցում Սիրանույշ Պապյանի դիտարկմանը՝ կապված ոստիկանությունում բարեփոխումների հետ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է՝ «Ես էլ քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»:
Սա, այն քիչ դեպքերից է Հայաստանում, երբ վիրավորանքի հայցով ոչ թե պաշտոնյան է դատարան դիմում լրագրողի կամ լրատվամիջոցի դեմ, այլ հակառակը:
Սիրանույշ Պապյանը նույն դեպքի առիթով ապրիլի 28-ին դիմել է նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ ըստ Հանրային ծառայության մասին օրենքի համապատասխան դրույթների կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Ըստ այդ օրենքի՝ պաշտոնյան մասնավորապես պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:
1in.am-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը Media.am-ին փոխանցեց, որ առաջիկայում դատարան են դիմելու նաև Երևանի Բաղրամյան պողոտայում ապրիլի 22-ի ցույցի լուսաբանման հետ կապված միջադեպի առիթով և ոստիկաններին պատասխանատվության են կանչելու 1in.am-ի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, տեխնիկական սարքավորումները վնասելու համար:
Ռուզան Խաչատրյան
Առաջին դեպքը չէ, 2011-ին
Առաջին դեպքը չէ, 2011-ին Գրիշա Բալասանյանը վիրավորանքի համար դատի էր տվել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:
http://hetq.am/arm/news/5315/veraqnnichy-merzhec-hetqi-lragroxi-boxoqn-ynddem-ruben-hayrapetyani.html
Հարգելի Լիանա,
Հարգելի Լիանա, շնորհակալություն: Հիմա կուղղենք: