Պեչակուչան ներկայացումներ անելու ձեւաչափ է, երբ ասելիքդ պետք է ձեւակերպես 20 սլայդում եւ յուրաքանչյուր սլայդը ներկայացնես 20 վայրկյանում: Երեւանում երկրորդ անգամ անցկացվեց մեդիա թեմատիկայով Պեչակուչա երեկո: Առաջինը 2011-ին էր եւ կոչվում էր «Ես թերթ եմ»:
2013-ի մեդիա Պեչակուչայի խորագիրն արդեն «Ես էլ թերթ չեմ…» էր: Պրեզենտացիաների թեմաները տարբեր էին՝ մեդիագրագիտությունից մինչեւ խորը վեբ եւ անհասցե լրատվական կայքեր:
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զառա Բաթոյանի համար, ով առաջին անգամ էր մասնակցում ՊեչաԿուչային, այս միջոցառումը առիթ էր խոսելու մեդիայում հաշմանդամ մարդկանց ներկայացվածության մասին:
«Շատ հետաքրքիր էր իրարից տարբեր, բայց հավասարապես կարեւոր ու արդիական պրեզենտացիաներ տեսնել: Ինձ համար հատկապես ներկայացման փուլն էր հետաքրքիր, քանի որ պետք էր տեղավորվել ձեւաչափի մեջ, հետաքրքիր լինել հանդիսատեսի համար»,- ասում է Զառա Բաթոյանը:
ՊեչաԿուչա երեկոյին պետության կողմից որպես հաղորդակցության միջոց մեդիայի կիրառման մասին ներկայացում էր պատրաստել նաեւ Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը:
«Բավական հետաքրքիր էր թե՛ թեման, թե՛ ձեւաչափը, որը սահմանափակում է երկար խոսելու հնարավորությունը եւ ստիպում է բավական կարճ ժամկետում ինչ-որ մի թեմայի վերաբերյալ, որ ժողովրդին կարող է հետաքրքրել, տեղեկատվություն տրամադրել, պարզաբանել, բացատրել», – ասում է Արամ Օրբելյանը:
Լրագրող Անի Հովհաննիսյանի ներկայացումը անանուն, անհասցե եւ անհայտ ծագման լրատվական կայքերի մասին էր: Թեեւ լրագրողը ՊեչաԿուչա երեկոն ընդհանուր առմամբ հաջողված է համարում, կարծում է, որ պակասում էին հիմնախնդիրների մասին ներկայացումները:
«Կուզենայի, որ ՊեչաԿուչայի ընթացքում ոչ թե յուրաքանչյուրը գար իր արածը ներկայացներ, այլ ավելի շատ բարձրաձայնվեին մեդիայի ընդհանուր խնդիրները»,- ասում է Անի Հովհաննիսյանը:
ՊեչաԿուչան պրեզենտացիայի պարզ ֆորմատ է, որը ստեղծվել է Ճապոնիայում 2003 թվականին: Այն թարգամանաբար նշանակում է «ասել-խոսել», «շաղակրատել» կամ «բլա-բլա-բլա»: ՊեչաԿուչայի ընթացքում ցուցադրվում է 20 պատկեր յուրաքանչյուրը 20 վայրկյան տեւողությամբ: Պատկերներն իրար հաջորդում են ավտոմատաբար, իսկ ներկայացնողը խոսում է պատկերների փոփոխվելուն զուգահեռ:
ՊեչաԿուչա երեկոներ Երեւանում կազմակերպվում են 2010 թվականից՝ «Ակումբ»-ի համահիմնադիր Վահե Բալուլյանի գլխավորությամբ:
«Ես էլ թերթ չեմ…» Պեչակուչայի բոլոր ներկայացումները կարող եք գտնել այստեղ:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: