«Ա1+» հեռուստաընկերությունը վերադառնում է եթեր: Սեպտեմբերի 10-ից «Ա1+»-ի «Այբ-Ֆե+» լրատվական հաղորդումը շաբաթական հինգ անգամ՝ երկուշաբթիից ուրբաթ կհեռարձակվի «Արմնյուզ» հեռուստաընկերության փրայմ թայմում՝ երեկոյան ժամը 9-ին:
«Նախաձեռնությունը «Արմնյուզին»-ն է: Նպատակն է հեռուստադիտողին տալ հնարավորություն ստանալ ինֆորմացիոն ժանրի առավել մրցակցային ու բազմազան հեռուստապրոդուկցիա: Մենք նպատակ ունենք հատկապես փրայմ թայմում ներկայացնել հաղորդումներ, որոնք հնարավորինս բազմազան եւ տարբեր սպեկտրով կներկայացնեն լրատվական ու սոցիալ-հանրային կյանքը մեր երկրում»,- ասում է «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Ալեքսանյանը:
Մեդիաների միջեւ մեկ տարի ժամկետով կնքված պայմանագրի համաձայն՝ «Արմնյուզ»-ը շաբաթական հինգ 20 րոպեանոց լրատվական հաղորդում է պատվիրում «Ա1+»-ին: Մեսրոպ Մովսեսյանն ու Արտակ Ալեքսանյանն ասում են, որ «Արմնյուզ»-ը չի միջամտելու հաղորդումների խմբագրական քաղաքականությանը: Հեռուստաընկերության եթերում հեռարձակվելու են օրվա իրադարձությունների մասին լրատվական թողարկումներ՝ տարբեր՝ «Ա1+»-ի եւ «Արմնյուզ»-ի մոտեցումներով:
««Այբ-ֆե+»-ի ընթացքում ներկայացնելու ենք առօրյան, անցուդարձը, քաղաքական դաշտը: Մենք ուզում ենք ակցենտը դնել մշակույթի վրա, որը էս երկրում ես գտնում եմ, որ մի քիչ անտեսված է»,- ասում է «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:
Մեդիա փորձագետ Հայկակ Արշամյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ «Ա1+»-ին եթեր տրամադրելը դրական քայլ է համարում:
«Սա ինչ-որ չափով «Ա1+»-ի շուրջ տեղի ունեցած երկարատեւ պայքարի եւ եվրոպական կառույցների՝ Հայաստանի վրա ազդելու արդյունքն է: Մյուս կողմից, սակայն, կարծում եմ՝ մեկ այլ հեռուստաընկերության եթերում եթերաժամանակ տրամադրելը ընդամենը մի փոքր զիջում է «Ա1+»-ին: Ու նույնիսկ մի փոքր տարօրինակ է, որ տարիներով իր իրավունքների համար պայքարող լրատվամիջոցը համաձայնվել է փոխզիջման»,- ասում է նա:
Մեդիա փորձագետը գտնում է, որ խորքային առումով այս «Ա1+»-ին եթերաժամանակ տրամադրելը կապված է 2013 թվականի նախագահական ընտրություններ հետ:
«Ա1+»-ին եթերում իսկապես ազատություն կտրվի, թե ոչ, կերեւա նախագահական ընտրություններից առաջ: Եթե այդ ժամանակ էլ «Ա1+»-ի հաղորդաշարը շարունակի նույն կերպ անաչառորեն մեկնաբանել դեպքերը, պարզ կլինի, որ զիջում էր: Իսկ եթե փորձեն ճնշում գործադրել նաեւ այդ ժամանակ, ապա պարզ կդառանա, որ սա ուղղակի նախագահական ընտրություններից առաջ կոսմետիկ զիջում էր, PR քայլ եւ հանրության ու միջազգային կառույցների աչքին թոզ փչելու ձեւ»,- ասում է Հայկակ Արշամյանը
Մեդիա փորձագետ Սուրեն Դեհերյանի կարծիքով՝ «Ա1+»-ի եթերի հնարավորություն տալը կկոտրի այն մոտեցումը, որ հեռուստաընկերությունը 2002 թվականի եթերազրկված է:
«Կարծում եմ՝ սա դրական ազդեցություն կունենա այն պատկերացումների վրա, որը կա միջազգային ասպարեզում հայաստանյան մեդիա ազատության առումով»,- ասում է նա:
Մեդիա փորձագետը հեռուստաընկերությունների համագործակցությունը չի կապում նախագահական ընտրությունների հետ:
«Իմանալով Ա1+-ի ղեկավարին՝ համոզված եմ՝ նա սա միայն որպես բիզնես առաջարկ է ընդունել: Հույս ունեմ, որ նախագահական ընտրությունների նախաշեմին արդեն հեռուստաեթերով կունենանք ալտերնատիվ տեղեկատվություն նախընտրական քարոզարշավի վերաբերյալ»,- ասում է Սուրեն Դեհերյանը:
2010թ.-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հայտարարած վերգետնյա կապուղիներով հեռարձակման թիվ 11 մրցույթում, որին մասնակցում էին «Ա1+» ն ու «Արմնյուզը», հաղթող ճանաչվեց «Արմնյուզ» հեռուստաընկերությունը:
Ու թեեւ «Ա1+» հեռուստաընկերությունը մինչ օրս դատարանում բողոքարկում է ՀՌԱՀ-ի որոշումը, Մեսրոպ Մովսիսյանի խոսքերով՝ «Արմնյուզ»-ի հետ համագործակցությունը դատավարության հետ առնչություն չունի:
«Ես չէի ուզենա խառնվեին «աշխատանք» եւ «իրավունքների պաշտպանություն» հասկացությունները: Մենք մեր իրավունքների տերն ենք, բայց միեւնույն ժամանակ կարող ենք կատարել պատվեր նույն «Արմնյուզ»-ի կողմից, որը մեծ սիրով մենք կատարում ենք, որովհետեւ դա ես համարում եմ նորմալ երկրի նորմալ վիճակ»,- ասում է Մեսրոպ Մովսեսյանը:
«Ա1+»-ը եթերազրկված է 2002թ.-ի ապրիլից: Անցած 10 տարիների ընթացքում «Ա1+»-ը 13 անգամ մասնակցել է ՀՌԱՀ-ի կողմից հայտարարած հեռուստատեսային կապուղիների եւ մեկ անգամ էլ ռադիո կապուղու համար լիցենզավորման մրցույթների։ Բոլոր դեպքերում էլ հանձնաժողովը մերժել է «Ա1+»-ին։
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: