2012.04.02,

Նյուսրում

«Ա1+»-ը 10 տարի է՝ եթերում չէ

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

«Ա1+» հեռուստաընկերությունը եթերից զրկվեց 2002թ.-ի ապրիլի 2-ին։ Երեւանում 37-րդ հաճախությամբ հեռարձակման մրցույթին մասնակցում էին «Ա1+»-ն ու «Շարմը»։  Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հաղթող ճանաչեց «Շարմին»։ Այս որոշումը տեղական եւ միջազգային լրագրողական կազմակերպությունները որակեցին որպես քաղաքական։ Հեռուստաընկերության եթերազրկումը դիտարկվեց որպես Հայաստանում մամուլի ազատության սահմանափակում։ Եվրոխարհուրդը, ԵԱՀԿ-ն, լրագրողական միջազգային կազմակերպությունները բազմաթիվ անգամ հանդես են եկել «Ա1+»-ին պաշտպանող հայտարարություններով։

«Ա1+»-ն ուներ ընդգծված լրատվական-վերլուծական ուղղվածություն։ «Ա1+»-ը հեռուստաընկերություն էր, որը մշտապես եթեր էր տրամադրում ընդդիմությանը։ «Ա1+»-ը հայտնի էր 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում ահաբեկչության օպերատիվ լուսաբանմամբ, «Ա1+»-ի աշխատանքի շնորհիվ էր, որ հասարակական հնչեղություն ստացավ այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործը։

ՀՌԱՀ-ի որոշումը «Ա1+»-ը վիճարկեց նախ՝ Հայաստանի դատական համակարգում, ապա պարտություններից հետո դիմեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ 2008թ.-ի հունիսի 17-ին ՄԻԵԴ-ը «Ա1+»-ի օգտին վճիռ կայացրեց:

«Ա1+»-ի հարցը երկար տարիներ քննարկվում էր Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ հարաբերություններում։ Հայաստանի վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի տարբեր տարիների բանաձեւերում նշվում էր «Ա1+»-ի եթեր վերադարձնելու հարցը։

Անցած 10 տարիների ընթացքում «Ա1+»-ը 13 անգամ մասնակցել է ՀՌԱՀ-ի կողմից հայտարարած հեռուստատեսային կապուղիների եւ մեկ անգամ էլ ռադիո կապուղու համար լիցենզավորման մրցույթների։ Բոլոր դեպքերում էլ հանձնաժողովը մերժել է «Ա1+»-ին։ Վերջին անգամ 2010թ.-ի դեկտեմբերի 16-ին:

Առանց եթերի մնացած հեռուստաընկերությունը տարիների ընթացքում չի դադարեցրել իր գործունեությունը։ «Ա1+»-ը շարունակում է գործել որպես արտադրող հեռուստատեսային ստուդիա, «Ա1+»-ի կայքը Հայաստանում ամենահայտնի տեղեկատվական ուղղվածություն ունեցող ռեսուրսներից է եւ ամենամեծ լսարանն ունի YouTube-ում։ «Ա1+»-ը Հայաստանում ինտերնետային ուղիղ եթերի պիոներներից է եւ մեծապես նպաստել է մեր երկրում այդ տեխնոլոգիայի զարգացմանն ու տարածմանը։

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *