Իրավաբան Դավիթ Սանդուխչյանն ասում է, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան առիթով լրատվամիջոցի կողմից աղբյուրի բացահայտման պահանջն օրինաչափ չէ:
Նա նշում է, որ նման դեպքերում ճիշտ կլինի լրատվամիջոցները կարողանան հանրությանը ապացուցել, որ իրենց հաղորդած լուրը հավաստի է:
«Նման լուրերի հանրային շահը շատ ցածր է, աղբյուրը չբացահայտելը ևս հանրային շահ է, բայց դա չի նշանակում, որ լրատվամիջոցը կարող է հրապարկել նյութ, որը վստահություն չի ներշնչում: Այն պետք է հասկանա, որ դա կասկածելի տեղեկատվություն է», – ասում է Սանդուխչյանը:
Անդրադառնալով լրատվամիջոցների թափանցիկությանը, նա մեջբերում է Եվրամիության կարգավորումը, որով թափացիկությունը բազմակարծության հետ է կապվում.
«Բազմակարծությունը պարտադիր հիմք է ժողովրդավարության համար, մյուս կողմից դա անհնար է առանց ֆինանսական թափանցիկության: Մարդիկ պետք է կարողանան դատել, թե ինչքանով է լրատվամիջոցը կախված իր սեփականատերերից կամ իրեն ֆինանսավորող անձերից»:
Նրա խոսքով, մեկ տարի առաջ անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ լրատվական կայքերի դեպքում ֆինանսական, սեփականատերերի, խմբագրի և լրագրողների մասին տեղեկությունները բացակայում են 80 տոկոսի մոտ:
Եվ եթե նույնիսկ ֆինանսական տվյալներ հրապարակվում են, դրանք ընդհանուր են, չկան մանրամասն տեղեկություններ լրատվամիջոցի գովազդի, լրատվամիջոցին անանուն բարեգործական և ոչ այդքան բարեգործական փոխանցումների մասին:
«ԶԼՄ օրենքը պետք է խստացնել, լրատվամիջոցները պետք է լինեն թափացիկ, և արգելվեն նվիրատվությունները», – ամփոփում է Սանդուխչյանը:
Գեղամ Վարդանյան