2019.09.24,

Նյուսրում

Ինչպես կայքերը տարածեցին Հայկ Հարությունյանի մահվան «մանրամասները»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Նախկին ոստիկանապես Հայկ Հարությունյանի մահվան մասին առաջին սեփական նյութը հրապարակել է hayeli.am: Լրատվամիջոցը հղում տալով իր աղբյուրներին՝ մեջբերել է նրա վերջին խոսքերը:

«Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք  մեղավոր չեն»,-ըստ կայքի այս խոսքերն է ասել մահից առաջ Հարությունյանը:

Այս նյութի հրապարակումից ժամեր անց hayeli.am-ը նորից անդրադարձավ թեմային՝ այս անգամ հղում տալով armlur.am-ին՝ գրելով, որ Հարությունյանն իր առանձնատանը միայնակ չի եղել և կրկին մեջբերեց նրա վերջին խոսքերը:

Սոցիալական ցանցերում լրագրողները հիմնականում տարածում և քննարկում էին hayeli.am-ի անդրադարձը, թեև armlur.am կայքը ևս իր ձևակերպմամբ հավաստի տեղեկությունների վրա էր կառուցել իր նյութը: 

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը պարզաբանում տարածեց և ապատեղեկատվություն որակեց  hayeli.am նյութը. «Լուրը չի համապատասխանում իրականությանը: Լրատվամիջոցին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց»:

Նաիրա Հարությունյանը նշել է, որ դեպքի վայրում Հայկ Հարությունյանի հետ գտնվող անձը հարցաքննության ժամանակ ասել է, որ Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունն առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի հետ:

Այս պարզաբանումից ժամեր անց Քննչական կոմիտեն անցավ գործողությունների և hayeli.am ու armlur.am կայքերի խմբագրություններին գրություն ուղարկեց նշված հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման համար նրանց հարցաքննելու:

Լրատվամիջոցն ունի իրավունք պաշտպանելու իր աղբյուրը այնքան ժամանակ, մինչ չի հարուցվել առանձին գործ, որը կպարտադրի լրագրողին բացահայտել իր աղբյուրը արդեն դատական կարգով: Դատարանը պետք է գնահատի աղբյուրը բացահայտելու անհրաժեշտությունը:

Եվ քանի դեռ դատական որոշում չկա, լրատվամիջոցը կարող է համագործակցել Քննաչական կոմիտեի հետ՝ դրդված բարի կամքով: Բայց կարող է և հրաժարվել:

Hayeli.am-ի առաջին նյութը վերահրապարկել են Politik.am, Slaq.am, Tert.am, blog.168.am և այլ կայքեր: 

Իր աղբյուրներին վկայակոչելով՝ «մանրամասներ» տարածեց նաև ArmDaily.am-ը:

«Ասում են, թե Հարությունյանը վերջին շրջանում իր նման չէր, շատ ինքնամփոփ էր դարձել, ալկոհոլ էր շատ օգտագործում։ Դեպքի օրը ևս Հարությունյանը սթափ չի եղել, նրա տանը գտնվող անձը հանկարծ ձայն է լսել, գնացել, տեսել է՝ Հարությունյանը նստած է բազմոցին, գլխից արյուն է գալիս»,-  գրում է կայքը։

ArmDaily-ի նյութը տարածվել է lurer.com և shantnews.am կայքերում: 

Հիմնական առեղծվածը, որ պետք է բացահայտեն կայքերի հավաստի աղբյուրները, այն է, թե ով է եղել Հայկ Հարությունյանի տանը գտնվող անձը: Նա այս պահին առանցքային է և հարցաքննվում է այս քրեական գործի շրջանակում:

Ստեղծված իրավիճակում լրատվամիջոցները մրցակցում են միմյանց հետ, փորձելով մի նոր «մանրամասն» ավելի հաղորդել իրենց լսարանին: Եվ այս մրցավազքի մեջ ստեղծվում ու տարածվում են կեղծ տեղեկություններ, կիսաճշմարտություններ, որոնք հաճախ ստվերում են ընթացքում ի հայտ եկած իրական փաստերը:

Նախաքննությունն արդեն պարզել է, որ Հայկ Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ: Քննչական կոմիտեն հրապարակել է դեպքի վայրում գտնված հրազենը:

Քննության տարածած տեղեկությունները լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում դեռ այնքան տարածում չունեն, ինչքան սեփական աղյուրներին հղում անող կայքերինը:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *