2021.04.10,

Պատկեր

Ամենահին լուսանկարչական առեղծվածը

Քչերին է հայտնի, որ պատերազմական ամենանշանավոր լուսանկարը՝ Ռոջեր Ֆենտոնի «Մահվան ստվերի հովիտը» (1855), ունի երկրորդ տարբերակը, որտեղ ճանապարհին արկեր չկան։

Լուսանկարների հեղինակը պատմության առաջին ֆոտոլրագրողներից է՝ Ռոջեր Ֆենտոնը, որը Մեծ Բրիտանիայից մեկնել էր Ղրիմի թերակղզի՝ 1853-1856 թթ․ Ռուսական, Անգլիական, Ֆրանսիական, Օսմանյան կայսրությունների ու Սարդինիայի թագավորության միջև ծավալվող դաժան պատերազմը լուսաբանելու համար, որի գործողությունների կիզակետը հենց Ղրիմն էր։

Ռոջեր Ֆենտոնը Զուավի ֆրանսիական գաղութներից հավաքված հետևակի հանդերձանքով:

Ֆենտոնը Ղրիմում 360 լուսանկար է արել, որոնք վերադարձից հետո ցուցադրվել են Լոնդոնում և Փարիզում, ինչպես նաև տպագրվել են Illustrated London News նկարազարդ շաբաթաթերթում։

«Մահվան ստվերի հովիտը» վերնագրված երկու լուսանկարում պատկերված է Սևաստոպոլի մոտակայքում գտնվող հովիտներից մեկը: Նկարներում երևում են բրիտանական խրամատներ տանող արահետը, հովիտը եզերող ցածր բլրակներները` շաղված ռուսական թնդանոթների անհամար արկերով: Հորիզոնից վեր դատարկություն է․ երկինքը չի երևում, ինչը հատուկ է այս շրջանի լուսանկարչությանը, քանզի լուսազգայուն նյութերը չէին կարողանում «տեսնել» երկնագույնը: Ամայի, արկերով լցված բնապատկերը ծանր, ճնշող տպավորություն է թողնում՝ փոխանցելով պատերազմի դաժանությունը, որին բախվում են Ղրիմ մեկնած բրիտանական զորքերը։  

Զինվորները տեղանքը կոչել են «Մահվան ստվերի հովիտ», քանի որ այն մշտապես գնդակոծվում էր՝ բրիտանական ուժերի հարձակումը կանխելու համար։ Անունը հղում է Հին կտակարանի Սաղմոս 22։5-ին, ինչպես նաև Ալֆրեդ Թենիսոնի «Թեթև գումարտակի հարձակումը» բանաստեղծությանը, որի նյութը բրիտանական հեծելազորի ջախջախված հարձակումն է այս տեղանքում։ 

Մահվան ստվերի հովիտը, Ռոջեր-Ֆենտոն, 1855, երկրորդ տարբերակ

Ռոջեր Ֆենտոնի կնոջն ուղղարկված նամակներից հայտնի է, որ, երբ նա՝ ձիերին լծված լուսանկարչական վագոնով, իր օգնականի ուղեկցությամբ, հասել է գնդակոծվող հովիտը, կարճ ընթացքում երկու նկար է արել միևնույն դիրքից․

«Ես վագոնը ցած տարա և ֆիքսեցի խցիկը և այն հավասարեցնելիս, մեկ ուրիշ արկ շեղակի եկավ ․․․ և գլորվեց՝ կանգնելով մեր ոտքերի առաջ։ Ես այն վերցրի, դրեցի վագոնում, հուսով՝ որ քեզ նվեր կբերեմ ․․․ Մենք այնտեղ մնացինք ժամուկես և ես երկու լավ նկար արեցի»,- գրում է Ֆենտոնը։

Նամակի բովանդակությունից պարզ է դառնում, որ Ֆենտոնը երկու նկար է արել և մի արկ էլ վերցրել է որպես հուշանվեր: Բայց մի շարք հարցեր մնում են անպատասխան. Ինչու՞ է հեղինակը երկու՛ նկար արել, այն էլ նույն դիրքից, իմիջիայլոց, սա միակ տեսարանն է Ղրիմում, որը Ֆենտոնը երկու անգամ է նկարել, և ինչն ավելի հետաքրքիր է՝ նկարներից ո՞րն է արվել առաջինը, ի՞նչ տեսարանի է հանդիպել Ֆենտոնը, երբ ժամանել է «Մահվան ստվերի հովիտ», վերջիվերջո, արդյոք, նա բեմադրե՞լ է լուսանկարի տեսարանը։

Լուսանկարչության պատմաբանների մեծ մասը հակված է կարծելու, որ արկերով նկարը երկրորդն է: Այսինքն` առաջին նկարն անելուց հետո, հեղինակը կամ իր օգնականը` Մարկուս Սփարլինգը, հատ-հատ շարել են արկերը ճանապարհին, ավելի ազդեցիկ տեսարան ստանալու և լուսանկարում վտանգի զգացողությունն ուժգնացնելու համար: Եվ դրանից հետո արդեն արվել է երկրորդ, առավել հայտնի և հաճախ վերատպվող նկարը:

Սևաստոպոլի քարտեզը՝ Մահվան հովիտի նշումով, 1895

Ֆենտոնի «Մահվան ստվերի հովիտը» լուսանկարների խնդիրը հանրաճանաչ է դարձել նշանավոր տեսաբան և քննադատ Սյուզան Զոնթագի «Այլոց ցավի մասին» (2003) գրքի շնորհիվ։ Զոնթագը պնդում է, որ Ֆենտոնը բեմադրել է արկերով լուսանկարը՝ տպավորիչ կադր ստանալու համար՝ հղելով Ուլրիչ Քելերի «Ծայրահեղ բեմադրությունը․ Ղրիմյան պատերազմի տեսողական պատմություն» (2001) աշխատությանը։ Խնդիրն առաջին անգամ նկատել և ներկայացրել է Մարկ Հավըրդ-Բութը «Լուսանկարչության հին ու նոր վարպետներ» (1981) գրքում։

Այն ենթադրությունը, որ հեղինակը բեմադրել է տեսարանը, այսինքն միտումնավոր կեղծել է եղելությունը, հաճախ հիմնավորվում է այլ ողջամիտ բացատրության բացակայությամբ կամ նվազ հավանականությամբ: Այն, որ 19-րդ դարի լուսանկարիչը կարող էր պատերազմի տեսարանը կեղծել, ավելի հավանական է թվում, քան, օրինակ, որ զինվորները կարող էին մաքրել ճանապարհը արկերից անցանելիության համար կամ հավաքել արկերը հետ կրակելու նպատակով: Կամ, գուցե, հեղինակը իսկապես միջամտել է, սակայն հեռացնելով արկերը ճանապարհից՝ համարելով առա՛նց արկերի տեսարանն ավելի էսթետիկ, ինչն ավելի համապատասխան է վիկտորիանական շրջանի դիտողների ճաշակին ու զգայականությանը:

Պատերազմի լուսանկարները մշտապես կեղծվել են։ Քանի որ պատերազմն անքակտելի է քարոզչությունից, իսկ երբ փաստերը չեն բավարարում, քարոզչությունը դիմում է կեղծարարության գործիքներին։

Դեռ Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ լուսանկարիչ Ալեքսանդր Գարդները թշնամու մարմինը տեղափոխել էր ավելի ֆոտոգենիկ վայր՝ ազդեցիկ լուսանկար ստանալու համար, իսկ Արցախյան պատերազմի ընթացքում համացանցում բազմաթիվ մոլորեցնող պատկերներ ի հայտ եկան, օրինակ՝ Գյանջայի «հոդս ցնդած» օդանավակայանի լուսանկարները, Երկրորդ աշխարհամարտում զոհվածների վերահուղարկավորման կադրը, որն Ադրբեջանում ներկայացվեց որպես Ստեփանակերտի հուղարկավորություն և այլն։ Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում շրջանառվող կեղծ լուրերի ամփոփ տեղեկագրերը կարող եք գտնել այս հղումներով․ սեպտեմբերի 27-30, հոկտեմբերի 1-15, հոկտեմբերի 16-31։

Ռոջեր ֆենտոնի օգնական Մարկուս Սփարլինգը և իր լուսանկարչական վագոնը, 1855

Ամեն դեպքում, այս երկու փոխկապակցված հարցը` ո՞ր նկարն է արվել առաջինը և ի՞նչ է տեղի ունեցել նկարներն անելու միջակայքում, չունեն հիմնավոր պատասխաններ: Սակայն լուսանկարների հերթականության խնդիրն ունի մի պարզ լուծում։ Ընդ որում, այդ լուծումը թաքնված է հենց լուսանկարներում, և այն գտնելու համար հարկավոր չեն լուսանկարչության պատմության կամ տեխնիկայի մասին խորը գիտելիքներ, պահանջվում է միայն ուշադրություն և տրամաբանություն: Իմիջիայլոց, եթե ցանկանում եք, կարող եք դադարեցնել ընթերցումը և փորձել ինքնուրույն գտնել պատասխանը։

Ֆենտոնի «Մահվան ստվերի հովիտը» լուսանկարների հերթականությունը բացահայտել է օսկարակիր ռեժիսոր Էրոլ Մորիսը։ Նա ուշադրություն է հրավիրում ոչ թե արկերին, որոնք առկա են կամ բացակայում են նկարներում, այլ բլրի լանջին ընկած հինգ քարին։  Էկրանով լուսանկարների հաջորդական դիտումը թույլ է տալիս տեսնել շեղումներ քարերի դիրքերում։ Դրանք բոլորը տեղաշարժվում են բլրի թեքությամբ, ընդ որում, տրամաբանական է կարծել, որ դրանք կարող էին շարժվել միայն վերից վար՝ երկրի ձգողականության հետևանքով։ 

Այսպիսով՝ ձգողականության շնորհիվ պարզ է դառնում, որ ճաապարհին արկերով նկարն արվել է երկրորդը, իսկ առանց արկերի նկարն առաջինն է։ Իհարկե, այս բացատրությունից չի հետևում, որ արկերը շարել է Ռոջեր Ֆենտոնը կամ որ դրանք ճանապարհին են դրվել ավելի ազդեցիկ տեսարան ստանալու միտումով։ Սակայն նկարների հաջորդականության բացահայտումը ավելի հիմնավոր է դարձնում այդ վարկածը և, կարելի է վստահորեն ասել, որ պատմության ամենահայտնի պատերազմական լուսանկարներից մեկը, ամենայն հավանականությամբ, բեմադրված է կամ, որ կրում է ինչ-որ միջամտություն։

Նարնջագույնով նշված են տեղաշարժված քարերը, նկարը՝ Էրոլ Մորիսի հոդվածից

Էրոլ Մորիսի գործունեությունը, ում պարտական ենք այս բացահայտմամբ, արժանի է հատկապես լուսանկարչության սիրահարների ուշադրությանը․ Մորիսի The Fog of War: Eleven Lessons from the Life of Robert S. McNamara ֆիլմը արժանացել է Օսկարի 2003-ին, որպես լավագույն լիամետրաժ փաստագրական ֆիլմ։ Նա լուսանկարչության թեմայով հեղինակել է երկու փաստագրական ֆիլմ՝ Standard Operating Procedure․ Աբու Ղրեյբ բանտում արված խոշտանգումների լուսանկարների մասին և The B-Side: Elsa Dorfman’s Portrait Photography ֆիլմը, ինչպես նաև Believing is Seeing: Observations on the Mysteries of Photography գիրքը, որտեղ էլ տեղ է գտել Ռոջեր Ֆենտոնի լուսանկարների մասին ծավալուն և անչափ հետաքրքիր հետաքննությունը։

Էրոլ Մորիսի «Մահվան ստվերի հովիտը» լուսանկարների մասին հոդվածը կարող եք կարդալ այստեղ։ Ինչպես նաև առաջարկում եմ դիտել Vox-ի տեսանյութը՝ ոգեշնչված Մորիսի հոդվածով։

Վահե Բուդումյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *