2021.03.13,

Պատկեր

Աշխարհի առաջին «կեղծ» լուսանկարը

«Պարոնի դիակը, որ տեսնում եք․․․ պրն Բայարինն է՝ [լուսանկարչական] պրոցեսի հայտնագործողինը․․․ Կառավարությունը, որը շատ բան էր տվել պրն Դագերին, ասաց, որ ոչինչ չի կարող անել պրն Բայարի համար, և դժբախտը ջրահեղձ եղավ»։

Այս լուսանկարի և դարձերեսի գրության հեղինակը ֆրանսիացի լուսանկարիչ Իպոլիտ Բայարն է (1801-1887), նույն մարդը, որ պատկերված է նկարում։ 1840-ին, ի պատասխան իր հանդեպ կառավարության անարդարության, Բայարը բեմականացրել է սեփական ինքնասպանությունը՝ ստեղծելով պատմությանը հայտնի առաջին «կեղծ» լուսանկարը ու, թերևս, լուսանկարչության պատմության ամենանշանավոր «սելֆին»։

Ներկայումս, ինտերնետի և սմարթֆոնների հասանելիության ու սոցիալական ցանցերի աննախադեպ զարգացման արդյունքում, մարդիկ մեկ րոպեում ավելի շատ նկար են անում, քան ողջ 19-րդ դարում։ Դրանց մեծ բաժինը ինքնանկարներ են, որոնք տարածվում են Ֆեյսբուքում, Ինստագրամում, Սնեփչեթում կամ Թվիթերում։

Թվիթերի ամենատարածված լուսանկարը

Ինքնանկարներն ընդամենը մարդկանց կյանքի ակնթարթային արձանագրությունները չեն, դրանք պատմում են նրանց նախասիրությունների, կենսակերպի, արժեքների և համոզմունքների մասին։

Յուրաքանչյուր ինքնանկարի առաջնային նշանակությունը վիրտուալ ինքնության ձևավորումն ու ամրապնդումն է։ Դրանց միջոցով մարդիկ ներկայանում են ինչպես իրենք են ցանկանում են՝ որպես ընտանեսեր, կենդանասեր, գրքասեր, ուրախ, հաջողակ կամ սպորտային, և, որ ավելի կարևոր է, ինչպես ուզում են, որ ուրիշներն իրենց ընկալեն։ 

Հաճախ այդ երևակայական ինքնությունը կերտվում է ավելի մեծ ուշադրությամբ ու խնամքով, քան մարդկանց իրական ինքնությունը։

Մարդիկ ավելի ջանասիրաբար և մանրախնդրորեն են «բեմականացնում» իրենց պատկերը՝ անելով տասնյակ նկարներ, հաշվի առնելով ամեն մանրուք, դիմախաղի նրբերանգ, լուսավորություն, գունավորում և այլն, քան նույն Բայարը՝ անձնասպանի ինքնանկարը ստեղծելիս։ Այս իմաստով՝ բոլոր ինքնալուսանկարները «կեղծ» են:

Սոցցանցային լուսանկարչությունն ունի մութ կողմ: 

Այժմ՝ առավել քան երբևէ, տարածված են ինքնագնահատականի ու մարմնի ընկալման, ընկճվածության և գեղեցկության անիրական ընկալումների, «ինքնաառարկայացման», «բուլինգի» և «բոդիշեյմինգի» հետ կապված խնդիրները՝ հատկապես դեռահասների շրջանում (մի կողմ թողած սոցիալական լուսանկարչության հարուցած ուղղակի վտանգներն ու վնասները․ օրինակ՝ էքստրեմալ վայրերում սելֆիները)։

Սոցցանցերի վտանգների մասին կարող եք կարդալ Լուսինե Գրիգորյանի անդրադարձը։

Ջրահեղձը, Իպոլիտ Բայար, աջից՝ դարձերեսի գրությունը, 1840

Բայարի ինքնանկարն առաջին հերթին բողոքի արվեստային ժեստ է` ընդդեմ պետական անարդարության, որի հետևանքով նա իր լուսանկարչական գյուտի համար չի ստացել համապատասխան փոխհատուցում և ճանաչում՝ ի տարբերություն իր համաքաղաքացի Լուի Դագերի, որն իր ընկերոջ՝ պատգամավոր Ֆրանսուա Արագոյի հովանավորչության շնորհիվ կարողացել էր ցմահ թոշակ ստանալ և իր անվամբ կոչել լուսանկարչական գյուտը՝ դագերոտիպիա։

Ավելին, հենց Արագոն էր համոզել Բայարին փոքր փոխհատուցման դիմաց չհրապարակել գյուտի մանրամասները՝ թաքցնելով իր ու Դագերի համագործակցությունը։ Այսպիսով՝ մինչ օրս էլ լուսանկարչության հայտնագործությունը կապվում է հատկապես Դագերի անվան հետ, իսկ Բայարին քչերն են հիշում։

Ֆրանսուա Արագոն Ֆրանսիայի գիտությունների և արվեստի ակադեմիաների համատեղ նիստի ժամանակ հայտարարում է Դագերի գյուտի մասին, 1839-ի օգոստոսի 10-ին

19-րդ դարի սկզբին բազմաթիվ գյուտարարներ գրեթե միաժամանակ փորձում էին ստանալ պատկերի պահպանման կայուն եղանակ։ Մի պատմաբան հաշվարկել է, որ լուսանկարչության գյուտի պաշտոնական հայտարարության օրվանից՝ 1839 հունվարի 7-ից հետո 24 մարդ վիճարկել է գյուտի հեղինակային իրավունքը։

Անշուշտ, այդ շրջանում ի հայտ եկած լուսանկարչական պրոցեսները սկզբունքորեն տարբեր էին և ունեին թերություններ ու առավելություններ։ Օրինակ՝ Դագերի լուսանկարները ստացվում էին պղնձե թիթեղների վրա, շատ հստակ էին, սակայն միաժամանակ աշխատատար ու ծախսատար էին։ Բայարի պրոցեսը գործածում էր լուսազգայուն թուղթ, նկարները պակաս հստակ էին, սակայն ստացվում էին ավելի դյուրին ու էժան։ 

Բայարն իրեն պատկերել է որպես ջրահեղձ՝ ներկայացված Փարիզի դիարանում, նրան երկար ժամանակ ոչ ոք չի ճանաչել։ «Դիակի» կողքին տեղադրված են նրա անձնական պարագաները՝ այգեգործի գլխարկը, ծաղկամանը և լողորդուհու արձանիկը, որոնք հաճախ հայտնվում են Բայարի այլ լուսանկարներում։

Մարդիկ այցելում են դիարան մահացածնրի մարմինները տեսնելու համար, Ռոբերտ Փիկ, 1816, գունավոր ակվատինտա

19-րդ դարում Փարիզի դիարանը բաց էր և բազմաթիվ դիտողներ ու զբոսաշրջիկներ հավաքվում էին դիարանի պատուհանների առաջ՝ տեսնելու մահացածների մարմինները։ Փարիզի դիարանը ձեռք էր բերել տեսարժան վայրի կարգավիճակ և անգամ հայտնվել ժամանակի զբոսաշրջային ուղեցույցներում։

«… Նա ներկայացված է դիարանում, ոչ ոք նրան դեռ չի ճանաչել ու չի վերցրել։ Պարոնա՛յք և տիկնա՛յք, եկեք առաջ անցնենք, որ ձեր հոտառության զգայարանները չազդվեն, քանի որ պարոնի գլուխն ու ձեռքերը սկսում են քայքայվել։ – Ի․ Բ․, հոկտեմբերի 18, 1840», – գրել է Բայարը լուսանկարի դարձերեսին ու ստորագրել իր անվանատառերով։ 

Իրականում Բայարի դեմքն ու ձեռքերը մգացած են այգեգործի աշխատանքից, ինչն ավելի է ընդգծված լուսազգայուն նյութերի ազդեցությամբ։ Թեև Բայարի բեմականացումը բավական ճշգրիտ է, այն նաև հեգնական, գրեթե հումորային երանգ ունի։ Լուսանկարին նայողն ակամայից հայտնվում է դիարանի այցելուի դերում, որը պետք է ճանաչի Բայարին, քանի որ հենց ճանաչման պակասն է դարձել Բայարի հուսալքության և «ինքնասպանության» պատճառը։ Ընդ որում, Բայարի լուսանկարչական պրոցեսի արդյունքը՝ այս լուսանկարը, դառնում է նրան ճանաչելու միջոցը, մինչդեռ իրականում Բայարի հայտնագործած պրոցեսը նրան երբեք ճանաչում չբերեց։

Համբուրվողների արձանիկ, Իպոլիտ Բայար, մ․ 1839

Բայարի լուսանկարը պարզապես կեղծիք չէ, այն անդրադառնում է իրականության և պատկերի հարաբերության բարդ խնդրին։ 

Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարիչը «կեղծում է»՝ իրական անարդարության մասին խոսելու և իր պատմությունը ներկայացնելու համար։ Առաջին անգամ կասկածի տակ է առնվում լուսանկարչության մասին պատկերացումը՝ որպես բնության վերարտադրության անաչառ գործիք։ Եվ միաժամանակ հարցականի տակ է դրվում լուսանկարչության հայտնագործության ընդունված պատմությունը։ 

Հետագայում բազմաթիվ լուսանկարիչներ ստեղծեցին բեմականացված ինքնալուսանկարներ՝ շարունակելով Իպոլիտ Բայարի սկսած արվեստային ավանդույթը։ Հատկանշական են Սինդի Շերմանի, Թեն Հոքսի, Ֆրանչեսկա Վուդմանի, Ռոբերտ Մեյփլթորպի, Կլոդ Կահունի և այլոց աշխատանքները։

Մոնմարտրի հողմաղացները, Իպոլիտ Բայար, 1842

Բայարը, ի տարբերություն Դագերի, շարունակեց լուսանկարչական գործունեությունը, հիմնադրեց Ֆրանսիայի լուսանկարչական միությունը, ընտրվեց նշանավոր հուշարձանների պահպանության նախագծի անդամ, իսկ հետագայում բացեց սեփական լուսանկարչական ստուդիան։ Բայարն առաջին մարդն էր, որ երբևէ լուսանկարչական ցուցահանդես արեց՝ 1839-ի հուլիսի 14-ին հանրությանը ներկայացնելով իր աշխատանքները։ 1863-ին ֆրանսիական կառավարությունը նրան արժանացրեց Պատվո լեգեոնի բարձրագույն կոչմանը։ Իպոլիտ Բայարն ապրեց երկար տարիներ ու մահացավ 86 տարեկան հասակում։

Այս լուսանկարի մասին Vox-ը պատրաստել է շատ հետաքրքիր տեսանյութ, որը կարող եք դիտել այստեղ։

Վահե Բուդումյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *