Սոցիալական ցանցերի վտանգները․ ի՞նչ պետք է իմանան ծնողները

author_posts/lusine-grigoryann
Լուսինե Գրիգորյան

Մեդիագրագիտության մասնագետ, լրագրող

Սոցիալական ցանցերը շատ դռներ են բացում, կապ են ստեղծում աշխարհի հետ, օգնում են հաղորդակցվել, համագործակցել, ստեղծագործել․․․ Սոցցանցերում շատ են նաև կեղծիքը, բացասական բովանդակությունը, խաբեությունը․․․

Ինչպես օֆլայն կյանքում, առցանց միջավայրում էլ կան կանոններ․ եթե ճանապարհ անցնելիս երեխային սովորեցնում ենք նայել լուսացույցին ու հետևել կանոններին, օնլայն տիրույթում էլ կարևոր է իմանալ ու նաև երեխաներին բացատրել «օնլայն երթևեկության» կանոնները։

Սոցցանցերի դեպքում պետք է սկսել տարիքային սահմանափակումներից․ դրանք հիմնականում թույլ են տալիս օգտահաշիվ բացել 13 տարեկանից։ Դրանից հետո էլ ծնողները կարող են օգտվել վերահսկողության մեխանիզմներից, ակտվիացնել սահմանափման կարգավորումներ։ Բայց ամենակարևորը՝ պետք է խոսել երեխայի հետ, հարցեր տալ և քննարկել ու միասին որոշել կանոնները։ 

Օրինակ՝ շփվել միայն մարդկանց հետ, ում իրականում ճանաչում ես, չտարածել բաներ, որոնք չէիր ուզենա ցույց տալ ուսուցչին կամ ծնողին, չգրել անձնական տեղեկություններ (ծննդյան օրը, բնակության վայր, հեռախոսահամար), տարօրինակ, վիրավորական նամակներ ստանալու դեպքում միշտ ցույց տալ մեծահասակին և այլն․․․․

Կարևոր է իմանալ սոցիալական ցանցերի հիմնական ռիսկերը և կարողանալ խուսափել դրանցից։ Թվային անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը երեք հիմնական վտանգ է առանձնացրել, որոնց հայ պատանիները հանդիպում են ցանցերում․

«Սոցցանցային մեդիաներում` հատկապես VK, YouTube, Discord, շատ տարածված են երեխաներից խաբեությամբ գումար կամ քրեդիտ քրտի տվյալներ կորզելու փորձերը՝ սովորաբար ինչ-որ խաղի հավելյալ ֆունկցիաներ, գաղտնի կոդեր կամ «սքրիններ» վաճառելու առաջարկությունների տեսքով։

Երեխաները նաև հաճախ ենթարկվում են իրենց սարքերը վիրուսով վարակելու ռիսկին՝ հատկապես անվճար խաղեր, սքիններ ներբեռնելու փորձերի ժամանակ։

Ավելի պակաս տարածված են երեխաներին շանտաժի, կիբերբուլինգի միջոցով ինչ-ինչ գործողությունների հրահրելու դեպքերը։ Նմանօրինակ դեպքեր, օրինակ, արձանագրվել են Օդնոկլասսնիկի ցանցում»։

Վիդեոբլոգեր, լրագրող Վեգա Անդրիասյանը կարծում է, որ կիբերբուլինգը մեծ խնդիր է երեխաների համար․

«Այս խնդիրը վերաբերում է հատկապես պատանի բլոգերներին, այն երեխաներին, որ ակտիվ են սոց կայքերում, լուսանկարներ, կամ վիդեոներ են տարածում, բայց ոչ միայն։ Որպես օրինակ կարող եմ հիշեցնել հայտնի տեսանյութը, որտեղ դպրոցական երեխան բարկացած  դիմում էր  Վահագ անունով սիրած տղային, և որը համացանցում շրջանառվում է մինչ օրս ու ծաղրում են աղջկան։ 

Երկրորդն իմ կարծիքով բովանդակությունն է, որին մեր երեխաները հետևում են։  Այնտեղ շատ է բռնություն, վախենալու տեսարաններ, վատ բառապաշար, կարծրատիպեր․․․ Բարեբախտաբար, կա նաև տեխնիկական լուծում,  կարող եք սեղմել տվյալ ալիքի վիդեոներից ցանկացածի ներքևի աջ անկյունի երեք գծերին ու ընտրել « այլևս տվյալ ալիքից վիդեոներ չառաջարկել» տարբերակը, ինչպես նաև միշտ ստուգել բրաուզերի պատմությունը»։

Արթուր Պապյանն ու Վեգա Անդրիասյանն իրենք էլ դպրոցականների ծնողներ են․ խորհուրդ են տալիս ծնողներին հետևել երեխաներին՝ էկրանը որպես դայակ օգտագործելու փոխարեն։ Տեղյակ լինել երեխաների օֆլայն և օնլայն հետաքրքրություններից, կյանքից, գործողություններից։

Մեջբերումներ ուղեցույցներից

Ավստրալիական Raising Children Network ցանցն առանձնացնում է հետևյալ վտանգները․

  • Տարիքին անհամապատասխան, ագրեսիվ, բացասական, սեռական բնույթի բովանդակության հանդիպելը,
  • Երեխաների կողմից տհաճ, պրովոկացիոն, տարիքին անհամապատասխան նկարների ու տեսանյութերի տարածելը,
  • Անձնական տեղեկություններ տարածելը,
  • Կիբերբուլինգը,
  • Չափից շատ թիրախավորված գովազդի ազդեցությունը,
  • Հարթակների կողմից երեխայի տվյալների օգտագործումը։

Ամերիկյան Common Sense Media-ն խորհուրդներ է պատրաստել ծնողների համար, որոնցից առանձնացրել ենք մի քանիսը։

⇒Գովազդներ և գնումներ հավելվածների ներսում  

Անվճար հավելվածները ինչ-որ կերպ պետք է եկամուտ ստանան: Որոշ հավելվածներ հետևում են ձեր գնումներին և առաջարկում թիրախավորված գովազդներ, իսկ որոշ հավելվածներ նույնիսկ ունեն թիրախավորված զրուցարաններ (chat), ինչը նշանակում է, որ ձեր երեխային հրավիրում են զրուցարան ինչ-որ մեկի հետ, ով փորձում է որոշակի ապրանք վաճառել: 

Ի՞նչ անել. Իմացեք, թե ինչ կա հավելվածում և սահմանաչափ դրեք գնումների վրա: Ստուգեք ձեր երեխաներին հանդիպող գովազդների տեսակները, բացատրեք, թե ինչ է գովազդը և ինչու են իրենց փորձում այս կամ այն ապրանքը վաճառել։ Հուշեք, թե ինչ կարող են անել, եթե ստանում են նման նամակներ։

⇒Տարիքին անհամապատասխան բովանդակություն

Ընկերները կարող են բաց տեսարաններով կիսվել միմյանց հետ հաղորդագրությունների միջոցով (օրինակ՝ սեռական բնույթի հաղորդագրություններ (sexting))։ Բայց որոշ ցանցերում (Յություբ, Տիկտոկ) երեխան կարող է բախվել իր տարիքին անհամապատասխան բովանդակության, անգամ եթե իր սոցցանցային ընկերները չեն տարածել այն։

Ի՞նչ անել։ Հարցրեք ձեր երեխային, թե ում է նա հետևում և խնդրեք ցույց տալ, թե ինչ գրառումներ են արվում: Ինքներդ օգտագործեք հավելվածը և պատկերացում կազմեք, թե հիմնականում ինչ է հայտնվում լրահոսում: Այնուհետև փորձեք փնտրել ձեզ մտահոգող բովանդակությունը և պարզել, թե որքանով է հեշտ այն գտնել: Ստուգեք օգտագործման պայմանները՝ պարզելու, թե հավելվածը ինչ է թույլատրում, և արդյոք օգտատերերը կարող են բողոքել կանոնների խախտման դեպքում:

⇒Անանունություն

Անանունությունը ոչ միշտ, բայց հաճախ դաժանություն է ծնում: Մարդիկ կարծում են, որ եթե անանուն են, իրենց մեկնաբանություններն անհետևանք են մնալու և իրենք կարող են վիրավորել ուրիշներին։

Անանունության դրական կողմն այն է, որ դեռահասները մնալով անանուն կարողանում են խոսել զգայուն կամ ցավոտ խնդիրներից, ստանալ օգնություն և աջակցություն:  

Ի՞նչ անել. Համոզվեք, որ ձեր դեռահաս երեխան հասկանում է ռիսկերը, բացատրեք նրանց, թե ինչու է պետք խուսափել անանուն մարդկանց հետ շփվելուց և ինչու է կարևոր օգտագործել իրական անունն ու դեմքը։ Կարևոր է, որ երեխան պատասխանատվություն զգա ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն գործողությունների համար։

Վստահություն ձևավորեք, ստեղծեք միջավայր, երբ երեխան խնդիրների դեպքում կդիմի ձեզ, ոչ թե անանուն ծանոթներին։ Իսկ եթե դժվարանում է ծնողի հետ խոսել որոշ խնդիրների մասին, կարևոր է, որ երեխայիշրջապատում լինեն այլ վստահելի մեծահասակներ, ում հետ նա կանկեղծանա։ Նաև կարևոր է, որ երեխան տեղյակ լինի, թե ինչ կարող է անել կիբերբուլինգի՝ օնլայն ծաղրի ու վիրավորանքի դեպքում։ Հիշեք, որ սոցցանցային հարթակներն էլ ունեն բողոքի հնարավորություն։  

⇒Տեղորոշում

Ուր էլ որ գնաք, ձեր սոցիալական մեդիայի հավելվածները դա գիտեն: Թեև դուք կարող եք ձեր անձնական էջում նշել միայն քաղաքը և շրջանը, տեղորոշման թույլտվություն տալը հաճախ նշանակում է, որ ձեզ հետևում են քաղաքի թաղամասի ճշգրտությամբ և ձեր հրապարակումները կարող են ներառել ձեր գտնվելու վայրի մասին տեղեկություն:   

Ի՞նչ անել։ Անջատեք գտնվելու վայրի կարգավորումները հեռախոսում և հավելվածում: Ստուգեք՝ արդյո՞ք նախկին գրառումները պարունակում են գտնվելու վայրի մասին տեղեկատվություն, և ջնջեք այն:

⇒Հրապարակումների գաղտնիություն

Սովորաբար սոցցանցերում օգտատերն էլ ընտրում, թե ում է հասանելի հրապարակումը՝ իրեն, ընկերներին, միայն որոշակի մարդկանց, բոլորին․․․ Որոշ հավելվածներու, սակայն, սկզբնական կարգավորումներով գրառումները հրապարակային են, ինչը նշանակում է, որ երեխայի անունը, նկարը հասանելի են բոլորին:

Ի՞նչ անել։ Հավելվածը ներբեռնելուց անմիջապես հետո մտեք կարգավորումներ և ստուգեք սկզբնական կարգավորումները: Եթե երեխան նույն ծրագիրն օգտագործում է նաև բրաուզերով, ապա այնտեղ նույնպես ստուգեք:

⇒Live․ ուղիղ հեռարձակում

Դեռահասները սիրում են լայվեր անել․ դա հեշտ է, անմիջական։  Երեխաները կարող են ուղիղ հեռարձակում անել անձնական տիրույթում (օրինակ՝ իրենց ննջասենյակներում) և պատահաբար կիսվել անձնական տեղեկություններով՝ առանց իմանալու, թե ով է դիտում: Թեև կարող է թվալ, թե դրանք ժամանակավոր են, ամոթալի կամ տհաճ պահերը հեշտ է պահպանել և հետագայում տարածել:

Ի՞նչ անել։ Խոսեք ձեր երեխաների հետ այն մասին, թե ինչու են նրանք ցանկանում իրենց մասին տեսանյութ տարածել, և ինչով պետք է և չպետք է կիսվել: Խոսեք տեսանյութերի դրական, կառուցողական օգտագործման եղանակների մասին, օրինակ՝ խրախուսեք ստեղծել հետաքրքիր կարճ հոլովակներ, ստեղծարար նյութեր, կրթական բովանդակություն։ 

Դեռահասները սիրում են կատակել, գրառումներ, լուսանկարներ ու տեսանյութեր տարածել, որ ծիծաղելի են այդ պահին, բայց կարող են տհաճ իրավիճակ ստեղծել օրեր, նույնիսկ տարիներ հետո։ Կարևոր է երեխաներին բացատրել, որ համացանցում, անգամ անհատական հաղորդագրություններով տարածվող բովանդակությունը կարող է ապրել երկար ու կարող է ինչ-որ պահի տեսանելի դառնալ ավելի շատ մարդկանց, քան նախատեսված էր։

Հիշեք ու հիշեցրեք ոսկե կանոնը․ ինչ չէիր անի դեմառդեմ՝ իրական կյանքում, մի արա նաև օնլայն։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Էնցիկլոմեդիա» փոդքասթի թողարկումներում կգտնեք ծնողների համար նախատեսված թեմաներ և հուշումներ։ Մասնավորապես կարող եք լսել անձնական տվյալների, սոցցանցերի, կիբերբուլինգի, ծնողական վերահսկողության գործիքների մասին էպիզոդները։

Լուսինե Գրիգորյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *