2021.10.21,

Տեսակետ

«Վիրավորանքը Ռուսաստանի այսօրվա քաղաքականության գլխավոր շարժիչն է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ռուսաստանի «Նովայա գազետա» թերթի մշակութային վերլուծաբան, կինոքննադատ Լարիսա Մալյուկովան վերջերս Երևանում էր՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի կազմում ընտրում էր լավագույն ֆիլմը՝ միջազգային անվանակարգում։

Այն, ինչը հիմա կատարվում է ռուսաստանյան մեդիա դաշտում նա համարում է շատ վտանգավոր, քանի որ իշխանությունները ընդլայնելով իրենց ազդեցությունը, փոքրացնում ու նեղացնում են արժեքավոր ինֆորմացիայի դաշտը։ 

Արդյունքում, մեծ թվով լրագրողներ ու կինոքննադատներ ուղղակի սպասարկում են իշխանություններին՝ հիացական ժանրի նյութերով։ 

Լարիսա Մալյուկովայի կարծիքով՝ «Նովայա գազետա»-ն եզակի ազատ կղզի է (որի ղեկավարը արժանացավ 2021-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի

Քաղաքական նորությունները, հատկապես սկանդալային երանգով, ունեն մեծ պահանջարք։ Ի՞նչն է պատճառը։ 

Գրեթե բոլոր երկրներում քաղաքականությունն ակտիվորեն ներդրվում է թե՛ մարդկանց անձնական կյանք, թե՛ մշակութային ոլորտ, թե՛ ողջ մեդիա դաշտ։ Եվ մանիպուլացնում է մարդկանց։ Երևի այդպես էր միշտ, բայց երբ ինքդ ես որոշակի իրադարձությունների ժամանակակից, սկսում ես դա զգալ քեզ վրա։ Զգալ ֆիզիկապես։

Ինձ թվում է, որ հասարակության դեգրադացման աստիճանն ուղիղ համեմատական է քաղաքական գործիչների մակարդակի անկման հետ։ Քաղաքական գործիչները ողջ աշխարհում են դեգրադացվում, մոտենում միջակության մակարդակին, և մենք դառնում ենք նրանց զոհը թե՛ ինտելեկտուալ, թե՛ բարոյական առումով։

Հիմա կարծես ժամանակն է այն մարդկանց, որոնք հավակնություններ ունեն ոչ թե ինչ-որ բան անելու իրենց երկրի համար, այլ «փոքր մարդիկ» են։

Իսկ դա իրականում սարսափելի է, քանի որ մենք լավ գիտենք, թե ինչով են տարբեր ժամանականերում ավարտվում այդ փոքր մարդկանց հավակնությունները (երկրորդ համաշխարհային պատերազմ, ստալինյան շրջան և այլն)։

Տպավորություն է, որ ողջ աշխարհում են իշխանության եկել այդ փոքր մարդիկ։ Եվ դա վտանգավոր է։

Խնդիրն այն է, որ դեմոկրատական կամ լիբերալ հասարակությունը երբեք չի կարողացել միավորվել։ Դա քրոնիկ հիվանդության պես մի բան է։

Անգամ եթե դիտարկենք որևէ սոցցանց, կտեսնենք, որ չարիքը, խավարը միշտ ավելի հեշտությամբ են համախմբում, իսկ դեմոկրատական ուժերը սկսում են իրար հետ ինչ-որ երկրորդական հարցեր պարզել, իրար մեղադրել ու իրար հետ պատերազմել։ Այսինքն, կարևոր պահերին սուր հարցերը թողած՝ սկսում են զբաղվել ներաշխարհի խորքերի պեղումներով։ 

Այդ պատճառով էլ գրեթե միշտ դեմոկրատական համայնքը խոցելի է և ունակ չէ համախմբվելու։

2018-ին Հայաստանում տեղի ունեցավ միախմբում, բայց այն շատ կարճ տևեց և արագ փլվեց։

Այդպես էր նաև 1990-ականների Ռուսաստանում։

Շատ բարդ է կառուցել երկարատև պլաններ։ 2018-ին ես Հայաստանում էի ու տեսել եմ, թե որքան ոգևորված էր ողջ հասարակությունը։ Բայց երևի եղած ոգևորությունը բավարար չէր, քանի որ միշտ շատ ուժեղ է լինում հակազդեցությունը, որն աճում է, եթե ուզում ես փոփոխություններ անել։

Ես տեսնում եմ, թե ինչպես է դա տեղի ունենում մեզ մոտ։ Երբ իշխանության է գալիս կոռուպցիայի, ռազմականան գերակայության ու բացասական էներգիայի վրա հիմնված ուժը (փոքր մարդու ուժը), այն ամեն օր սկսում է ընդլայնվել։

Պարզապես չի կարող տեղում կանգնել, կարծես, քաղցկեղային ուռուցք լինի, որն ամեն օր աճում է։

Ամեն օր փակում են ինչ-ոչ ինստիտուտներ, լրատվամիջոցներին ու մարդկանց հայտարարում են թշնամիներ կամ օտարերկրյա ագետներ, երիտասարդներին կալանավորում են և այն, և այն։ Եվ դա տեղի է ունենում ամեն օր։ Կարող են գալ ու թակել ձեր դուռը, և դուք ոչինչ անել չեք կարող։

Իհարկե, այդ իրավիճակում բարդ է ընտրել, թե ինչ անել։

Իսկ եթե լրագրո՞ղ ես։

Հատկապես եթե լրագրող ես։ Իմ բախտը բերել է, քանի որ ես աշխատում եմ երևի միակ ողջ մնացած դեմոկրատական պարբերականում։

Բիոքիմիայի օրենքով՝ ինչպես ամբողջ մարմինը, այնպես էլ դրա մաս կազմող բոլոր մոլեկուլները ունենում են նույն բաղադրությունը ու վարակվում են նույն ախտով։ Անխտիր բոլոր միավորումները՝ քաղաքական, կինո, լրագրողական, բժշկական ունեն նույն պրոբլեմները։ Խոշոր ռուսաստանյան բժշկական կլինիկայում, օրինակ, ղեկավար են դառնում մարդիկ, որոնք ընդհանրապես չունեն բժշկական կրթություն։ Մշակույթի նախարար է դառնում մշակույթի հետ կապ չունեցող մարդը։

Մարդիկ դառնում են ղեկավար՝ կախված այն բանից, թե ում հետ են ընկերություն անում։

Եվ ամեն ինստիտուցիա ձեռք է բերում իր կրկնօրինակին։

Օրինակ, եթե կա կայացած կինոքննադական համայնք, ապա ստեղծվում է դրա կրկնօրինակն ու դաշտ նետում իր նյութերը (ասենք, Միխալկովի փողերով ստեղծված մրցանակը հանձնվում է Միխալկովի ֆիլմերին ու դա ակտիվորեն լուսաբանվում է)։ Եվ պետությունը ասում է՝ տեսեք, սա քննադատների կարծիքն է։ 

Իշխանությունները գործում են կապիկի պես։ Վերցնում են լավ օրինակները, այլասերում դրանք ու ցույց տալից բոլորին, ասելով՝ սա է հանրային կարծիքը։

Արդյունքում՝ մեծ թվով լրագրողներ ու կինոքննադատներ ուղղակի սպասարկում են իշխանություններին՝ հիացական ժանրի նյութերով։ Եվ դա ներկայացվում է որպես տեղեկատվություն։

Կարծում եմ՝ այս իրավիճակում շատ կարևոր է, որ լրագրողը (և ցանկացած ստեղծագործող) փորձի պահպանել ինքն իրեն։ Այսինքն, չգայթակղվի իշխանությունների խոստացած կարկադակներով, փողով, հնարավորություններով, բայցև կարողանալ գործել իր պրոֆեսիոնալ համայնքում։ Իհարկե, դա բարդ է։

Օգնում է հետևողոկանությունը՝ տեքստից՝ տեքստ, հոդվածից՝ հոդված։ Եթե հետևողական ես, մարդիկ սկսում են քեզ հարգել։

Թեկուզ միայն այն բանի շնորհիվ, որ առանց հիսթերիայի կամ գլամուրային ոճի հայտնում ես քո տեսակետը։

Իսկ չկա՞ զգացողություն, որ անգամ հետևողականորեն արվող տարիների աշխատանքը (սյունակը թերթում, օրինակ) ոչ մեկին պետք չէ։ Միևնույն է կարդալու են օրվա սկանդալը, ոչ թե վերլուծությունը։

Համաձայն եմ։ Լրատվամիջոցներին էլ առանձնապես պետք չէ մշակութային բովանադակությունը։ Խրախուսվում են մի քանի լրագրողական ժանրերը՝ քաղաքական ֆելյետոնը, որը միշտ ունի պահանջարկ, կամ պանեգիրիկը՝ գովաբանական նյութը։

Իմ գլխավոր խմբագիրն էլ հաճախ հարցնում է՝ հիմա սա ա՞ղբ է, թե՞ գլուխգործոց։ Այսինքն, հենց այս երկու ծայրահեղություններն են պահանջված։ Բայց քանի որ ես աղբով չեմ զբաղվում, իսկ գլուխգործոցները քիչ են, սկսում եմ վերլուծել որևէ իրադարձություն կամ ֆիլմ՝ լավ հասկանալով, որ մեծ հաշվով դա ոչ մեկին պետք չէ։

Բայց դա պետք է ինքդ քեզ, որ կայանաս։ Ի վերջո, ի՞նչ է նշանակում լինել քննադատ։ Կարծում եմ՝ տեսնելը այն, ինչը ուրիշները չեն տեսնում։ Նաև որոշ բաներ բացատրելը։

Լարիսա Մալյուկովան «Ոսկե ծիրան»-ի ժյուրիի հետ

Տպավորություն է, որ քննադատական դաշտը Ռուսաստանում շատ է նեղացել։ Պարզապես հարթակներ չկան, որտեղ կարող ես կարդալ լավ վերլուծություններ։

Իհարկե, այդպես է։ Անգամ չեմ հասկանում, թե ինչպե՞ս ենք դեռ գոյատևում։ Շատ լրատվամիջոցներ իրար հետևից փակում են մշակույթի բաժինները։ Եվ դա էլ է ժամանակակից մեդիա լանդշաֆթի մաս։

Բայց մենք հո՞ տեսնում ենք, թե ինչպես է դեգրադացվում հասարակությունը, մանավանդ այն հատվածը, որը հեռուստացույցի ճառագայթման տակ է։ Իսկ թունավոր ճառագայթման չափաբաժին ստացած լսարանը միշտ կքվեարկի այնպես, ինչպես պետք է իշխանություններին, որոնք դաստիարկում են չարությամբ, նախանձով լի սպառողին։

Այդ սպառողը սիրում է իշխանություններին, այդ պատճառով էլ նրան գուրգուրում են, որ զարգանա։

Այնպես որ, լավ քննադատները ոչ մեկին պետք չեն։ Միայն իրենց։ Ի վերջո, առանց ինքդ քեզ հարգելու շատ բարդ է ապրել։ 

Պատրա՞ստ եք, որ «Նովայա գազետա»-ն էլ կարող է համարվել օտարերկրյա գործակալ։

Պետք է ամեն ինչին էլ պատրաստ լինել։ Եթե ստանանք այդ պիտակը, ի՞նչ արած, պիտի այդպես աշխատենք։

Մեզ, օրինակ, անընդհատ տուգանում են՝ կամ հայհոյանք-բառ են գտնում, կամ վիրավորական ինչ-որ բովանդակություն ու անընդհատ փող են մեզնից պահանջում։ Միշտ լարված վիճակում ենք։ Ի վերջո, մեր թերթի հինգ թղթակիցներ սպանվել են։

Այսօր Ռուսաստանում այնպիսի վիճակ է, որ բոլորը պետք է այս իշխանությունների պայմաններում ապրեն ու առնվազն փորձեն հետադարձ կապ ստեղծել։ Մի կողմից քաղաքականությունն է, մյուս կողմից՝ սարսափելի երկերեսանությունը։

Արգելվում են այն ֆիլմերը, որոնք իբրև թե վիրավորում են մարդկանց զգացմունքները։ Վիրավորանքը այսօրվա քաղաքականության գլխավոր շարժիչն է։ 

Մեզ մոտ վիրավորվում են բոլորը՝ պայմանական տնային տնտեսուհիներն ու պայմանական տերտերները։ 

Եվ շատ փառատոններ փակվում են հենց այդ վիրավորվածների ձեռքերով՝ Ռոսկոմնադզորը կամ սևազգեստ այլ կազմակերպությունները հղում անելով այդ վիրավորվածներին՝ կարող են գալ ֆիլմերի ցուցադրությանն ու ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով խափանեն դիտումները։

«Ոսկե ծիրան»-ն, օրինակ, ցուցադրեց միջազագային հարթակներում հաղթած ֆիլմեր, որոնք արգելված են Ռուսաստանում՝ անհեթեթ պատճառով։ Ասենք, հավատացյալների զգացմունքները վիրավորելու պատրվակով։ «Ոսկե ծիրան»-ն իրականում շատ մեծ ու քաջ գործ է անում։

Հայաստանում նույնպես ընդունվեց օրենք, որը քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորելու ու հայհոյելու փորձերը։

Մեզ մոտ ավելի հեռու գնացին ու ընդունեցին շատ վտանգավոր օրենք, որը արգելում է լրատվամիջոցներին գրել ցանկացած ռազմական շարժի մասին՝ զորքերի դիսլոկացիայի, քանակության, գումարային ծախսերի և, իհարկե, անձերի մասին։ Այսինքն, եթե ռուսական զորքը շարժվի դեպի սահման, մենք այդ մասին գրել չենք կարող։ 

Եվ դա կարող է ահավոր հետևանքներ ունենալ։

Միգուցե սկսվի պատերազմ, և այդ մասին ոչ ոք չի իմանա, քանի որ մենք չենք գրի։

Ընդ որում՝ այդ օրենքը տարածվում է ոչ միայն կանոնավոր զորքերի վրա, այլև ռազմականացված կազմակերպությունների, որոնք պետական չեն։

Էլի եմ կրկնում՝ ամեն օր իշխանությունները ընդլայնվում են՝ օրենքներով, օրենսդրական ակտերով, ազատ տարածքների սահմանափակումներով։ Գումարած դրան՝ լավ վարժեցված բանակ է գործում նաև սոցցանցերում, որը փորփրում է ցանցային զրույցները, միշտ պատրաստ ամեն մի անզգույշ խոսքի համար քրեական գործեր բացել։ Եվ 18 տարեկան աղջիկներն ու տղաները հայտնվում են բանտերում՝ հինգ տարով, վեց տարով։ 

Իշխանություններն ամեն միջոց օգտագործում են դաշտը մաքրելու ու սեփական իշխանությունը պաշտպանելու համար։

Եվ դա տեղ է հասնում՝ լայն զանգվածները վստահ են, որ հիմա պահանջված է հենց նման ավտորիտար ուժը և հավատում են, որ միայն ուժեղ առաջնորդը կարող է հետ պահել երկիրը աղետից, պատերազմից, ճգնաժամից, փլուզումից։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *