Հայաստանի լրագրողները 2020-ի պատերազմից հետո ստիպված հմտանում են պատերազմ ու ռազմական գործողություններ լուսաբանելու գործում։
44-օրյա պատերազմի փորձառությունը կոփել է հայաստանցի լրագրողներին, սակայն դժվար է նորից անցնել նույն ճանապարհը, ցույց տալ տուժած համայնքները, դատարկ տներն ու մարդկանց։
Նրանց խոսքով, պատերազմը պատերազմ է, սակայն 2022-ի սեպտեմբերինը՝ ավելի մոտ ու ավելի սարսափեցնող։
Գևորգ Թոսունյան, ՍիվիլՆեթ
Սեպտեմբերի 14-ին՝ Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի երկրորդ օրը, Սյունիքի Սառնակունք գյուղում էինք։ Գյուղը ճանապարհի վրա է, գյուղից ակնհայտ լսվում էին հրետակոծության ձայները, իսկ ոչ հեռու՝ հրետակոծության արդյունքում վառված արտերի, ինչպես նաև պայթած տեխիկայի սև, թանձր ծուխն էր բարձրանում։
Փորձում էինք զրուցել գյուղացիների հետ։ Առաջին տղամարդը, որին հանդիպեցինք, լարված աջ ու ձախ էր գնում, ասաց, որ սպասում է ընկերոջը, պետք է մեքենայով գա և իր երեխաներին տեղափոխի Երևան։ Մեքենան եկավ, սև «Մերսեդեսի» հետին նստատեղին մի փոքրիկ աղջիկ էր, աչքերը արցունքներից կարմրած, դեռ արտասվում էր։ Այդ տեսարանը մի քանի օր է աչքերիս առջև է։
Պատերազմի ընթացքում ամենասարսափելին քեզանից հեռու կամ քեզ մոտ հրետակոծության հարվածների ու կրակոցների ձայները չեն, պատերազմի ընթացքում սարսափելին մարդկանց հայացքներն են։ Նրանց վախն ու ցավը, հատկապես հենց մարտական գործողությունների ընթացքում, միանգամից փոխանցվում են քեզ։ Մեկ այլ բան է, երբ հրետակոծության հետևանքներն ես նկարում արդեն խաղաղ երկնքի տակ, մեկ ուրիշ, երբ այս ամենին գումարվում է հրետակոծության մահաբեր ձայնը։
Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մոտ մեկուկես ամիս փորձում էի հաղթահարել հոգեբանական մի տարօրինակ զգացողություն։ Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում էինք լրագրողական թիմով, երբ որոշում կայացրինք վերադառնալ Հայաստան։ Ճանապարհը ծայրահեղ սարսափելի էր, բայց ոչ այնքան ավերածություններն էին մեր աչքի առաջ (թեև դրանք կային՝ տարբեր կողմերում Սմերչների հրթիռներ, վառվող սարեր ու պայթած մեքենաներ), այլ մթնոլորտը, միջավայրը, որով մենք անցնում էինք այդ ճանապարհը։
Մեքենան ես էի վարում։ 4 ուղևորների հետ մթության մեջ դուրս եկանք, սկզբում բոլորը զրուցում էին, հետո անհասկանալի լռություն տիրեց, մեքենայի լույսերն անջատած էին։ Ճանապարհին մթության մեջ դիմացս ինչ-որ շարժ նկատեցի, արգելակեցի ու լույսերը միացրի․ ուղիղ ճանապարհի մեջտեղը, մեզնից երկու-երեք մետր հեռավորության վրա մի կով էր, հետևի ձախ ոտքն ամբողջությամբ արյունոտված։ Պատերազմից հետո այդ կովը երազումս շատ էր գալիս։ Հետո ինքնաբերաբար վերացավ։
Երբ լուսաբանում էի Արցախյան երկրորդ պատերազմը, զգացողություններն այլ էին, հիմա՝ այլ։ Հոգեբանական ազդեցությունը հիմա ավելի խորն է։ Այն ժամանակ, ինչու չէ նաև օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, ես լրագրող էի, որը լուսաբանում էր մեկ այլ, անկախ ու ինքնուրույն պետության կոնֆլիկտ, ինչքան էլ դա լիներ մեր երկրորդ պետությունը, սակայն տասնամյակների արդյունքում այդպիսին չի դիտարկվել։ Այս անգամ կոնֆլիկտի լուսաբանման ամեն մի դրվագ, ինքնաբերաբար ես մոդելավորում եմ ինձ վրա։
Երբ ռազմական գործողությունները տեղափոխվեցին Հայաստանի տարածք, ամեն քայլափոխին դու փորձում ես վերապրել այն, ինչի միջով անցել են հրետակոծությունից տուժած շարքային քաղաքացիները։ Ես տեսնում էի ինձ, ընտանիքիս անդամներին ու իմ տունն այդ պայմաններում, այդ իրականությունում։ Այս վերջին ռազմական ագրեսիայից հետո Սոթքում էինք նկարահանումների։ Ես նայում էի ավերված տներին ու պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե նույն արկը հարվածեր մեր տանը, տեսնում էի ճանապարհի տարբեր հատվածներում ընկած արկերի հետքերն ու մտածում, թե ոնց ենք ես ու ընտանիքիս անդամները փախչելու այդ պայմաններում։ Սկսում ես ամենը մոդելավորել քո ընտանիքի, քո համայնքի վրա։ Զգացումները սարսափելի են։
Պատերազմը նաև սպանում է հույսը. դու սկսում ես մտածել, որ ոչնչով չես կարող այս ամենը կանգնեցնել։ Երբեմն ուժեղ հիասթափվում ես։ Ոգևորությունը քիչ է, քանի որ դու լուսաբանում ես շարքային մարդկանց, որոնք մշտապես տուժում են ու իրենց էմոցիաները փոխանցում քեզ։
Իսկ ինչպես եմ հաղթահարում. պատասխանը պարզ է՝ աշխատելով։ Իմ մասնագիտական առօրյան բավականին հագեցած է, այն նաև բթացրել է զգացմունքները․ ամենօրյա ռեժիմով դու լսում ու տեսնում ես բաներ, որոնք շարքային քաղաքացին չի տեսնում-լսում և ոչ էլ կարիքն ունի։ Անընդհատ փորձում ես ցրվել այն իրականությունից, որը ավելի խորությամբ ես զգում։ Ստացվո՞ւմ է արդյոք. չգիտեմ, միգուցե՝ ոչ։
Կարեն Խաչատրյան, Արմենպրես լրատվական գործակալություն
Առաջին անգամը չէր, որ լուսաբանում էի սահմանամերձ գյուղերի կյանքը և իրավիճակը դիրքերում, սակայն որպես լրագրող առաջին անգամ էի թիրախավորվել հակառակորդի կողմից: Սեպտեմբերի 14-ին նկարահանող խմբով (ինձ հետ էր «Արմենպրես»-ի օպերատոր Հովհաննես Մկրտչյանը և լուսանկարիչ Հայկ Մանուկյանը, ինչպես նաև 5-6 այլ լրատվամիջոցի ներկայացուցիչ) ուղևորվեցինք Սոթք՝ լուսաբանելու Ադրբեջանի զինված ուժերի կողմից բնակելի տների և ենթակառուցվածքների թիրախավորումը:
Այդ օրը գյուղ մտնել հնարավոր էր միայն պատկան մարմինների թույլտվությամբ, քանի որ ռազմական գործողություններ էին ընթանում:
Գյուղը գրեթե դատարկ էր, խաղաղ բնակչությունը տարհանվել էր, հեռվում լսվում էր հրետանու ձայնը: Ավելի քան երկու ժամ մենք նկարահանում էինք գյուղի վնասված տները, ենթակառուցվածքները, մեքենաները, այգիները, գյուղատնտեսական պահեստները:
Գյուղի դատարկություն տեսնելիս և՛ ցավ էի ապրում մարդկանց համար, և՛ վախ, որ հակառակորդը ավելի ու ավելի սանձարձակ է դառնում։
Մի տուն էինք մտել, որտեղ խաղալիքներ, մանկական սայլակ և տարբեր մանկական պարագաներ կային: Տուն մտնելիս մի պահ պատկերացրի, թե ինչպես են երեխաները վազվզում, զվարճանում, խաղում․․․ հետո տեսնում ես արկի պայթյունից գոյացած փոսը, ջարդ ու փշուր եղած ապակիները, վնասված տանիքը:
Պատերազմի ժամանակ ամենաշատը այդպիսի տեսարաններն են ինձ վրա ազդում, երբ խաղաղ բնակիչները, ոչինչ չգիտակցող երեխաները տուժում են, զոհվում ինչ–որ ուժերի ամբիցիաների պատճառով:
Ես միշտ կարողացել եմ այդ իրավիճակը հաղթահարել հենց այդ սահմանամերձ բնակիչների հետ շփվելով, տեսնելով, որ չնայած այդ ամենին՝ նրանք շարունակում են ապրել, թևաթափ չեն լինում, ընտանիքներ են կազմում:
Իսկ ինչ վերաբերում է մեզ թիրախավորելուն, ճանաչելով Ադրբեջանի ձեռագիրը, մենք պատրաստ էինք ցանկացած սցենարի, ու այդ դեպքն անակնկալ էլ չէր:
Երբ Սոթքում արդեն ավարտել էինք աշխատանքը ու շարժվում էինք դեպի մեր մեքենաները, մեզնից մոտ մոտ 200-300 մետր հեռավորությամբ լսեցինք առաջին արկի «սվոցն» ու պայթյունը: Միանգամից տարբեր ուղղություններով վազեցինք, ավելի մոտ երկրորդ արկը ընկավ: Բարեբախտաբար, որևէ մեկս չտուժեց, մենք կարողացանք հասնել անվտանգ տեղ:
Գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերում եղել եմ՝ Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, նաև Արցախի գյուղերում եմ եղել: Ծառայության ժամանակ էլ քիչ բան չեմ տեսել ու զգացել, այսինքն՝ կոփված եմ: Ու ինձ միշտ հարցնում եմ, եթե ոչ ես, ապա ո՞վ:
Բացի այդ, այլընտրանքը չլուսաբանելն էր, իսկ այդպես մենք հետագայում փաստեր չենք ունենա: Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության դեմ, իմ կարծիքով, հնարավոր է պայքարել միայն փաստերով:
Ի դեպ, հենց հաջորդ օրը գնացինք Ջերմուկ գրեթե նույն խմբով: Այսինքն՝ մեր աշխատանքը չենք դադարեցրել:
Խառն ապրումներ ունեմ, որոնք լիովին կհաղթահարեմ այն ժամանակ, երբ տևական խաղաղություն լինի։ Համ էլ արդեն սովորել եմ ապրել դրանց հետ, փորձում եմ շեղել ինձ ընկերների հետ ժամանակ անցկացնելով, երաժշտություն լսելով և այլ տարատեսակ զբաղմունքներ գտնել։
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: