2020.12.23,

Խաչմերուկ

Փաստերի ստուգումը պատերազմի օրերին․ խոչընդոտներ և բաց աղբյուրներ

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Նոյեմբերի 9-ի հանրության մի մեծ մասը կտրուկ անցում կատարեց «հաղթելու ենք» տրամադրությունից «պարտվել ենք» իրականությանը։ Այս անցումն առավել ցավոտ էր այն պատճառով, որ երկրում կար որոշակի տեղեկատվական վակուում։ Մեդիան հանրությանը չէր մատուցում գրեթե ոչինչ, բացի պաշտոնական տեղեկատվությունից։ 

Արցախյան երկրորդ պատերազմի օրերին մեդիան Հայաստանում ենթարկվում էր եռակի գրաքննության։ Լրագրողների աշխատանքը սահմանափակում էր մի կողմից պետությունը, մյուս կողմից՝ լսարանը։ Վերջապես, լրագրողների ինքնագրաքննությունը երբեմն պետական սահմանափակումներին չէր զիջում։  

Փաստեր ստուգող և հետաքննող լրագրողները որոշակի առավելություն ունեին․ նրանք  օգտվում էին բաց աղբյուրների տվյալներից՝ մի փոքր ավելի բազմազան տեղեկատվություն հաղորդելու համար։ Սակայն «եռաշերտ» սահմանափակումները բարդացնում էին նաև փաստերի ստուգման գործը։ 

Պետական տեղեկատվությունը՝ պետական քարոզչություն

Պատերազմի առաջին օրվանից Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն, ինչը նշանակում էր, որ պետությունն այլևս արգելում էր թե՛ լրատվամիջոցներին, թե՛ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց հաղորդել ոչ պաշտոնական տեղեկատվություն։ Այս արգելքը խախտելու պատճառով լրատվամիջոցներին կարող էր մինչև մեկ միլիոն դրամի տուգանք սպառնալ։ 

Արգելքը թղթի վրա չմնաց․ հոկտեմբերի վերջին միանգամից 9 լրատվամիջոց տուգանվեց 700,000 դրամի չափով։ Դրանցից մեկը հավելյալ 1,5 միլիոն դրամի տուգանք ստացավ՝ հրապարակումը չհեռացնելու պատճառով։

Պետական սահմանափակումները վերաբերում էին նաև արտասահմանյան լրատվամիջոցներին։ Նախ, գործում էր լրագրողների հավատարմագրման հատուկ կարգ, և Հայաստանը կարող էր ուղղակի թույլ չտալ այս կամ այն լրատվականի աշխատանքը երկրում։ Երկրորդ՝ լրագրողի հավատարմագիրը կարող էր հետ կանչվել։ Այդպես՝ ռուսական «Новая газета»-ի լրագրող Իլյա Ազարի հավատարմագիրը չեղարկվեց Արցախում դժվար իրավիճակի մասին պատմող նրա աղմկահարույց ռեպորտաժից հետո։ Անգլալեզու Eurasianet կայքի խմբագիր Ջոշուա Կուչերային էլ չհաջողվեց Արցախում աշխատելու հավատարմագիր ստանալ։ Երկու լրագրողներին էլ Ադրբեջանը վաղուց էր արգելել աշխատել իր տարածքում։  

Հայ-ադրբեջանական հաքերային հարձակումների պատճառով պետությունը նաև «փակեց» պետական տվյալների շտեմարանները․ մինչև այսօր հասանելի չեն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ընտրողների ռեգիստրի կայքերը և այլն։ Սա զգալիորեն բարդացնում է նաև պատերազմի հետ ուղիղ առնչություն չունեցող թեմաներով փաստերի ստուգման ու հետաքննական լրագրողական աշխատանքը։ 

Իհարկե, ցանկացած երկրում պատերազմի օրերին պաշտոնական լրատվությունը դառնում է քարոզչություն։ Կարևոր է, որ թե՛ լրագրողները, թե՛ լսարանը սա գիտակցեն։ Փաստերի ստուգող լրագրողների համար սա նաև նշանակում էր, որ եթե նախկինում դժվար էր միայն պետական մարմինների հերքման հիման վրա հոդված կառուցել, ապա պատերազմի օրերին դա դարձավ անհնար։ 

Fip.am-ի գլխավոր խմբագիր Անի Գրիգորյանը նշում է. «Ամենադժվարը թերևս հենց պաշտոնական տեղեկատվությունը ստուգելն էր։ Մի կողմից տրամադրվող տեղեկատվությունը բավականին սահմանափակ էր, մյուս կողմից դրա ստուգումը գրեթե անհնար էր այդ պահին։ Ես պատերազմի օրերին աշխատում էի նաև Արցախում։ Շատ դեպքերում արձանագրում էի, որ տեղում կատարվողն ու պաշտոնական տեղեկատվությունը հակասում են, սակայն ռազմական դրութան սահմանափակումները, որոշ չափով գրաքննությունը ստիպում էին լռել»։

Այլընտրանքային քարտեզները

Հայաստանի ՊՆ կողմից երեկոյան ամենօրյա ճեպազրույցներին ցուցադրվող քարտեզները ռազմի դաշտում տիրող իրավիճակի միակ վիզուալացումը չէին։ Արտասահմանյան փորձագետներն ու լրագրողներն իրադրությունը քարտեզագրում էին հիմնվելով ոչ միայն հայկական և ադրբեջանական պաշտոնական հայտարարութունների, այլև տեղորոշված պատկերների վրա։ Այսինքն, ադրբեջանական կողմի առաջխաղացման քարտեզը կազմվում էր ելնելով այն լուսանկարներից կամ տեսահոլովակներից, որոնց նկարահանման վայրը տեղորոշվել էր։ Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութերը համեմատվում էին արբանյակային լուսանկարի հետ, և եթե հաստատվում էր, որ դրանք իսկապես նկարահանվել են հայտարարված գյուղում կամ քաղաքում, այդ բնակավայրը ընգրկվում էր գրավված տարածքների մեջ։ Նույնը վերաբերում էր հայկական կողմի հրապարակած պատկերներին։ 

Տեղորոշված պատկերների վրա հիմնված քարտեզները հայաստանյան մեդիայում լայն տարածում չէին գտնում (փոխարենը, դրանք հրապարակում էին միջազգային լրատվամիջոցները)։ Շատ չէին նաև սեփական փորձերն այլընտրանքային քարտեզներ ստեղծելու։ 

Բաց աղբյուրներ 

Փաստեր ստուգող և հետաքննող լրագրողները պատերազմի օրերին առավել շատ էին օգտվում և՛ արբանյակային լուսանկարներից, և՛ այլ տեսակի բաց աղբյուրներում առկա պատկերներից։ Բաց աղբյուրների առավելությունը նաև այն է, որ պետք չէ հարցում կատարել և տեղեկություն սպասել պետությունից։ 

Օրինակ, երբ հայտարարվեց, թե «հօդս ցնդեց» ադրբեջանական Գյանջա քաղաքի ռազմական օդանավակայանը, համացանցում որպես ապացույց սկսեցին տարածվել մեկ այլ՝ Լենքորան քաղաքի օդանավակայանի նկարները։ Այս տեղեկությունը հերքելը բարդ չէր. լուսանկարում պատկերված շենքի վրա նույնիսկ գրված էր Լենքորան քաղաքի անունը։ Նոյեմբերի վերջին արբանյակային լուսանկարների օգնությամբ հերքվեց նաև պաշտոնական պնդումը Գյանջայի օդանավակայանի ոչնչացման մասին։

Մեկ այլ օրինակ էլ պատերազմում վարձկանների ներգրավվածության մասին լուրերն են, որոնք Ադրբեջանի իշխանությունները «ֆեյք նյուզ» էին անվանում։ Այդ տեղեկությունը միջազգային և հայաստանյան լրագրողները հաստատեցին հենց վարձկանների կողմից սոցցանցերում հրապարակվող լուսանկարների և տեսահոլովակների շնորհիվ։ 

Վերջապես, լրագրողները հավաքում էին հայկական լրատվամիջոցների և պաշտոնյաների անուններով բացվող բազմաթիվ կեղծ էջերը, ինչպես նաև հետևում էին հայ-ադրբեջանական թվիթերյան մարտերին։  

Արցախյան երկրորդ պատերազմի ամբողջ ընթացքում բաց աղբյուրները տրամադրում էին վերլուծման արժանի բազմազան նյութեր։ Պատկերները և այլ տվյալները վերլուծելով՝ լրագրողները կարողանում էին պարզել իրականությունը՝ հաճախ առանց պետական մարմիններին դիմելու։ 

«Բաց աղբյուրները նաև կարևոր դեր ունեցան Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում գրավված տարածքներում իրականացված վանդալիզմը բացահայտելու գործում։ Օրինակ՝ ադրբեջանցի զինվորների տարածած տեսանյութերը տարբեր գործիքներով ուսումնասիրելով պարզեցինք, որ Շուշիի գրավումից հետո մասամբ ավերվել է հայտնի Կանաչ ժամ եկեղեցին» հավելում է Fip.am-ի գլխավոր խմբագիր Անի Գրիգորյանը։

Ռազմական դրության սահմանափակումները և պատերազմական իրավիճակը, սակայն, չափազանց բարդ դարձրեցին տեղեկություն ստանալն ու հրապարակելը թե՛ փաստեր ստուգող, թե՛ հետաքննող, թե՛ Արցախում իրադրության ականատես լրագրողների համար։ 

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *