2020.11.11,

Խաչմերուկ

Առցանց աղբյուրները պատերազմի ժամանակ

Առցանց աղբյուրներն առանցքային են հետաքննական և փաստերի ստուգման լրագրության համար։ Խաղաղ պայմաններում դրանց հիմնական կիրառումը ուղղված  է կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը և կեղծ լուրերի ստուգմանը։ 

Վերջին 40 և ավելի օրերի ընթացքում փոխվել է ոչ միայն դրանց կիրառումը, այլև խնդիր է առաջացել հայթայթելու և վերլուծելու նախկինում չօգտագործված կամ անհայտ աղբյուրները։ 

«Փաստերի ստուգման հարթակում» (Fip.am) մենք հրապարակել ենք հոդվածների մի շարք, որը գրեթե ամբողջովին հիմնված է առցանց աղբյուրներում հասանելի տվյալների վրա։ Այսպես, օգտվելով Flightradar24.com կայքում թռիչքների մասին հասանելի տվյալներից, լրագրողները կարող են մեծ ծավալի տեղեկություն քաղել։ Չնայած, որ մենք գիտեինք այդ կայքի գոյության մասին, այն սկսեցինք լայնորեն կիրառել միայն պատերազմից մի քանի օր առաջ։ 

Պատերազմին նախորդող օրը՝ սեպտեմբերի 26-ին, մենք հրապարակեցինք մի ուսումնասիրություն Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի միջև օդուժի և բեռնատար ինքնաթիռների հաճախակի թռիչքների մասին։ Հետևելով և վերլուծելով Ադրբեջանի և այլ երկրների միջև թռիչքները՝ մենք հրապարակեցինք թռիչքների ուղղությունների և հաճախականության մասին մեկ այլ մանրամասն ուսումնասիրություն, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել Ադրբեջանի ռազմական տեխնիկայի մատակարարման աղբյուրների մասին։ 

Օգտվելով այդ թվում Եվրամիության անդամ երկրների զենքի արտահանման վերջերս հրապարակված տվյալների բազայից՝ մենք պարզեցինք նաև, թե վերջին տարիներին որ երկրները ինչ ծավալով զենք են մատակարարել Ադրբեջանին։ ԱՄՆ կողմից անվտանգության (ռազմական) ոլորտի օգնության տրամադրման մասին հայտարարագրված տվյալները ուսումնասիրելով նաև բացահայտեցինք, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին կրկնակի ավելի օգնություն է տրամադրել, քան Հայաստանին։ 

«Փաստերի ստուգման հարթակը», բնականաբար, միակը չէ, որ հրապարակումներ է պատրաստում առցանց աղբյուրների հիման վրա։ Օրինակ, razm.info կայքը ադրբեջաներեն Hərbi Media էջի միջոցով պարբերաբար թարմացնում է հակառակորդի զոհերի մասին տեղեկությունները, որոնք Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են հրապարակել։

Թուրքիայի ուղիղ ներգրավվածությունը, այդ թվում՝ սիրիացի վարձկանների հավաքագրումը և տեղափոխումը Ադրբեջան, օտարերկրյա փորձագիտական շրջանակներում մեծ հետաքրքրություն է առաջացրել Արցախի պատերազմի շուրջ։ Ընթացող պատերազմի մասին տարատեսակ հրապարակումներ են սկսել անել նաև այնպիսի լրագրողներ և կազմակերպություններ, որոնք նախկինում շատ քիչ կամ ընդհանրապես չեն անդրադարձել հայ-ադրբեջանական հակամարտությանը։

Թուրքական կործանիչները Ադրբեջանում

«Նյու Յորք Թայմզի» վիզուալ հետաքննությունների լրագրող Քրիսթիան Թրիբերթը հոկտեմբերի 7-ին Թվիթերում մի գրառում արեց, որով փաստորեն առաջին անգամ ապացուցվեց թուրքական F-16 կործանիչների ներկայությունը Ադրբեջանում։ 

Թրիբերթը, վերլուծելով Planet Labs ընկերության կողմից բարձրորակ արբանյակային լուսանկարները, պարզեց, որ Գյանջայի օդակայանում կա առնվազն երկու թուրքական F-16 կործանիչ։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 25-ին, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը հրապարակեց մեկ այլ ընկերության՝ Maxar Technologies-ի կողմից արված արբանյակային լուսանկարներ, որոնցում արդեն երևում էին վեց թուրքական F-16 կործանիչներ, բայց ոչ թե Գյանջայում, այլ Գաբալայում։ 

Սիրիացի վարձկանները Ադրբեջանում

Թուրքիայի կողմից հավաքագրված և Ադրբեջան տեղափոխված սիրիացի վարձկանների մասին տեղեկություններ հրապարակել են բազմաթիվ հեղինակավոր լրատվական գործակալություններ (BBC, Reuters, Wall Street Journal, Washington Post և այլն)։ Սիրիայից բերված զինյալների Ադրբեջան տեղափոխելու և նրանց Ադրբեջանում առկայությունը փաստող տեսանյութեր հրապարակվել են սոցիալական ցանցերում։ 

Հոկտեմբերի 26-ի դրությամբ France24-ը հայտնաբերել էր առնվազն չորս այդպիսի տեսանյութ։ Դրանցից երկուսը տեղորոշվել էին Հորադիզ քաղաքում և մոտակայքում գտնվող Մարջան գյուղի մոտ։ 

Հետաքննող լրագրող Ալեքսանդր Մաքքիվրը ևս ցուցակագրել է սիրիացի վարձկանների առկայությունը փաստող ապացույցներ սոցիալական կայքերից և դրանց տեղորոշված վայրերը։

Գերիների գնդակահարումը Հադրութում

Հոկտեմբերի 15-ին Տելեգրամի ադրբեջանական ալիքներում երկու տեսանյութ հրապարակվեցին, որոնցում երևում էին, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գերի վերցնում և հետո գնդակահարում երկու հայ տղամարդկանց։ 

Bellingcat հետաքննական կայքը նույն օրը հրապարակեց ուսումնասիրություն, որով տեղորոշել էր տեսանյութում երևացող դեպքերի վայրերը։ Վերլուծելով տեսանյութերում երևացող տեղանքը՝ Bellingcat-ի լրագրող Նիք Ուոթերզը պարզել էր, որ երկու հայ գերիների գնդակահարությունը տեղի է ունեցել Հադրութ քաղաքի զբոսայգիներից մեկում։ 

Նույն տեսանյութերի մասին հետաքննություն էր հրապարակել նաև Atlantic Council-ի Digital Forensic Research Lab-ը, որը նույն վայրում էր տեղորոշել գնդակահարումը։

Առցանց աղբյուրների կիրառման այս օրինակները բոլորը չեն և, բնականաբար, ամբողջությամբ չեն արտացոլում պատկերը։ Սակայն, կարող ենք թվարկել մի քանի կարևոր առցանց աղբյուրներ, որոնք լայնորեն կիրառվում են հետաքննությունների մեջ. արբանյակային լուսանկարներ, զենքերի վաճառքի տվյալների բազաներ, ռազմական և բեռնատար ինքնաթիռների թռիչքների մասին տվյալներ։ 

Դրանցից յուրաքանչյուրը կարող է տարբեր ձևերով կիրառվել։ Ինչպես երևում է արբանյակային լուսանկարների օրինակից, դրանց միջոցով և՛ տեղորոշվում են տեսանյութեր, և՛ հայտնաբերվում ռազմական տեխնիկա։

Հովհաննես Նազարեթյան, լրագրող


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *