2025 թվականը Հայաստանում անցավ բուռն քաղաքական միջավայրում՝ ԵՄ-ին ինտեգրման ակտիվ քայլերով, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմամբ և հայ-ռուսական հարաբերություններում լարվածության պահպանմամբ։ Նախընտրական փուլում տեղեկատվական դաշտը դարձավ ավելի խոցելի արտաքին միջամտությունների նկատմամբ, իսկ ռուսական մեդիան շարունակում է տեղեկատվության ազդեցիկ աղբյուր հանդիսանալ ընթերցողների զգալի հատվածի համար։
Հաշվի առնելով այս գործոնները Հանրային լրագրության ակումբը հետազոտություն է իրականացրել «Տելեգրամը՝ որպես քարոզչական միջավայր․ ռուսալեզու ալիքների պատումների վերլուծություն» խորագրով՝ փորձելով պարզել, թե ինչ քարոզչական ու մանիպուլյատիվ պատումներ են շրջանառվել ռուսալեզու Տելեգրամ ալիքներում Հայաստանի վերաբերյալ այս պայմաններում։
Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 18 Տելեգրամ ալիք, այդ թվում՝ պետական գործակալությունների երկու ալիք, հայկական ծագում ունեցող ռուսալեզու 3 և 13 ռուսական ալիքներ։ Ուսումնասիրվել են մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հրապարակված նյութերը։
Media.am-ը ներկայացնում է հետազոտության կարևոր փաստերը։
Տելեգրամում տարածված պատումները
Պետական լրատվամիջոցների ալիքները՝ «ՏԱՍՍ»-ը և «Ռիա Նովոստի»-ն, Հայաստանի վերաբերյալ նյութերը հիմնականում ներկայացրել են լուրի դասական ձևաչափով՝ ընդգծված օպերատիվությամբ և արտաքին չեզոքության պահպանմամբ։ Երկու պետական գործակալություններն էլ համակարգված կերպով հետևել են ինչպես Հայաստանի ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական զարգացումներին՝ արձագանքելով առանցքային իրադարձություններին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքին, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը, ինչպես նաև ՀՀ իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև ծագած ճգնաժամին։
Լրահոսում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել նաև ՀՀ–ԵՄ հարաբերություններին, Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազային առնչվող թեմաները։ Լայնորեն լուսաբանվել են ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները այդ թեմաների վերաբերյալ, հիմնականում հղում անելով ընդիմադիր ընկալվող կամ Կրեմլի հետ առնչություն ունեցող հայկական լրատվամիջոցներին, մասնավորապես՝ «Արմենիա Թըդեյ», «24նյուզ», «Սպուտնիկ Արմենիա» և այլ կայքեր։ Միևնույն ժամանակ, ՀՀ պետական կամ հանրային պաշտոնական աղբյուրներին հղումները գրեթե բացակայում են։
Հատկանշական է նաև «ՏԱՍՍ»-ում հրապարակված Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հարցազրույցը, որտեղ վերջինս բաց տեքստով պնդել է, որ Հայաստանի համար Ռուսաստանից բացի այլ ռազմավարական այլընտրանք գոյություն չունի և կտրուկ քննադատել է ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ Երևանի քայլերը։ Աբրահամյանի ձևակերպումները ԵՄ-ին ներկայացնում են որպես գործիք Ռուսաստանի դեմ՝ զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի հետ։ Նույն ժամանակահատվածում Աբրահամյանը նմանատիպ քննադատական հարցազրույց է տվել «Ռիա Նովոստի»-ին, որտեղ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը որակել է որպես քաղաքական հետապնդում։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին և այդ համատեքստում ԱՄՆ ներգրավվածությանը, ապա երկու գործակալությունների հաղորդագրությունները արտաքուստ պահպանել են զգուշավոր և չեզոք լեզվական ձևակերպումներ։ «Ռիա Նովոստի»-ն և «ՏԱՍՍ»-ը տարածել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին «Թրամփի երթուղու» շրջանակում, եթե Երևանը նման անհրաժեշտություն տեսնի։ Միաժամանակ հրապարակվել են Իրանի արձագանքները հայ-ադրբեջանական հռչակագրին և ԱՄՆ ներգրավվածությանը՝ հատուկ շեշտադրելով Ռուսաստանի դերը տարածաշրջանային գործընթացներում։
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Ռուսաստանի պետական լրատվամիջոցների կողմից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ԱՄՆ հնարավոր ներգրավվածության թեմաները ներկայացվում են խիստ վերահսկված և ընտրովի տեղեկատվական քաղաքականության շրջանակում։ Թեև մակերեսային դիտարկման դեպքում հաղորդագրությունները կարող են ընկալվել որպես բազմակողմանի և չեզոք՝ ներառելով տարբեր դերակատարների տեսակետներ, խորքային վերլուծությունը բացահայտում է հստակ ուղղված տեղեկատվական շեշտադրումներ։ Այս ընտրովի մոտեցումը կարելի է դիտարկել որպես նուրբ քարոզչական ռազմավարություն, որի նպատակն է միաժամանակ պահպանել արտաքին «չեզոքության» պատկերը և վերարտադրել Ռուսաստանի առաջնային դերակատարի դիրքը տարածաշրջանային քաղաքական դիսկուրսում։
Ինչ վերաբերում է ուսումնասիրված 16 ոչ պետական ռուսալեզու Տելեգրամ ալիքներին, ապա դրանք գրեթե նույն թեմաներին են անդրադարձել, սակայն ավելի բացահայտ քննադատելով Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը։
Տելեգրամի ալիքների այս խմբում ՀՀ–ԵՄ գործընկերությունը ներկայացվում է որպես Արևմուտքի ռազմավարություն՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու համար, իսկ Հայաստանի իշխանությունները բնութագրվում են որպես դավաճան, արևմտամետ և արտաքին ազդեցության տակ գտնվող։ Եվրոպական ֆինանսավորումը, անկախ մեդիային ու քաղաքացիական հասարակությանը աջակցող ծրագրերը և ԼԳԲՏ թեման շահարկվում են՝ ձևավորելով «արտաքին վտանգի» և ինքնիշխանության կորստի պատկեր։
ԱՄՆ միջնորդությամբ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը ռուսալեզու ալիքներում ներկայացվում է բացասական լուսաբանմամբ՝ որպես Հայաստանի հեռացում Ռուսաստանից։ Ներքաղաքական զարգացումները՝ ՀՀ իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև լարվածությունը, ինչպես նաև Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որակվում են որպես ազգային արժեքների և ռուսական շահերի դեմ ուղղված քաղաքական ճնշումներ։ Այս ընդհանուր պատումների ֆոնին շրջանառվում են նաև ապակողմնորոշող և դավադրապաշտական տեղեկություններ, որոնք նպատակ ունեն վարկաբեկել իշխանություններին, խաթարել հանրային վստահությունը և խորացնել հասարակական բևեռացումը։
Հետազոտության արդյունքում վերհանված ակտիվ շրջանառվող պատումները հետևյալն են․ Հայաստանի քաղաքական վերնախավը արևմտյան (ԵՄ և ԱՄՆ) ազդեցության տակ է և դավաճանում է ավանդական դաշնակցին, Արևմտյան ծրագրերն ու ֆինանսավորումն իրականում քողարկված միջամտություններ են՝ ուղղված Հայաստանում մեդիայի և ընտրական համակարգի վերահսկմանը, ԱՄՆ միջնորդությամբ խաղաղության հռչակագիր ստորագրելով՝ Հայաստանը հեռանում է Ռուսաստանից ու ընկնում ԱՄՆ-ի ու Թուրքիայի ազդեցության տակ, և այլն։
Ռուսալեզու Տելեգրամի ազդեցությունը հայկական մեդիայի վրա
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ռուսական պետական և ոչ պետական տելեգրամյան ալիքների պատումները հայկական մեդիայում լայն ու համակարգային տարածում չունեն։ Թեև որոշ կայքեր («Սպուտնիկ Արմենիա», «24նյուզ», «Արմենիա Թըդեյ», «Հայելի») երբեմն վերատպում են ռուսական աղբյուրներին հղվող կամ թեմատիկորեն մոտ նյութեր, ընդհանուր առմամբ դրանք չեն վկայում ուղղակի և կայուն ազդեցության մասին։ Միևնույն ժամանակ, շեշտվում է, որ մեթոդաբանական և ռեսուրսային սահմանափակումների պատճառով արդյունքները նախնական են, և անհրաժեշտ է ավելի երկարաժամկետ ու խորքային հետազոտություն իրականացնել պատկերն ավելի լավ հասկանալու համար։
Ռուսալեզու տելեգրամյան ալիքների պատումները վկայում են, որ 2026-ի ընտրություններին ընդառաջ ՀՀ տեղեկատվական դաշտը շարունակում է մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում, և ապատեղեկատվական ազդեցությունները կարող են դառնալ ավելի ագրեսիվ ու բազմահարթակ։
Ըստ հետազոտության եզրակացության՝ հանրային դիմակայունությունը արտաքին միջամտություններին ու ապատեղեկատվությանը հնարավոր է ձևավորել միայն պետության, մեդիայի, քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների և միջազգային գործընկերների ներառական ու համակարգված համագործակցությամբ։
Հանրային լրագրության ակումբի իրականացրած հետազոտությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կազմակերպության կայքում։
Տելեգրամում ռուսական քարոզչությանը և մանիպուլյատիվ պատումներին Media.am-ն անդրադարձել է նախորդ հրապարակումներում ( 1, 2):