2024.04.04,

Ստուգված է

Ռուսական տելեգրամյան ալիքների հակահայկական քարոզը․ ի՞նչ պատմույթներ են տարածվում

author_posts/lusine-voskanyan
Լուսինե Ոսկանյան

Լրագրող

Վերջին տարիներին, Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների վատթարացմանը զուգընթաց, Տելեգրամի ռուսական ալիքները սկսել են հակահայկական քարոզչություն իրականացնել։ Բազմահազարանոց լսարան ունեցող այս ալիքները թիրախավորում են ոչ միայն ՀՀ իշխանություններին, այլև Հայաստանն առհասարակ՝ իրենց ուղերձներում ներառելով ատելության խոսք և սպառնալիքներ։

«Ստուգված է»-ն ուսումնասիրել է այդ ալիքներից մի քանիսը և առանձնացրել դրանց ամենից շատ տարածած պատմույթները։

Համատեքստ

Հայաստան-Ռուսաստան  հարաբերություններում զգալի լարվածություն սկսվեց նկատվել 2022թ․-ին, երբ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման ընթացքում Հայաստանը դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և Ռուսաստանին, սակայն աջակցություն չստացավ։ 2023թ․ սեպտեմբերին արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց Ռուսաստանին 2020թ․ եռակողմ հայտարարությունը չկատարելու համար և հայտարարեց, որ անվտանգային ոլորտի առումով միայն Ռուսաստանից կախում ունենալը «ռազմավարական սխալ է»։ Սրան հետևեց Ուկրաինային առաջին անգամ հումանիտար օգնություն ուղարկելը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Կիև կատարած այցի ընթացքում։

2023թ․ հոկտեմբերին Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը, ինչը ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի քայլ համարեց։

2024թ․ մարտին արդեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել»։

Որ ալիքներն ենք ուսումնասիրել և ինչն է նրանց միավորում

Ուսումնասիրել ենք  «Ռիբար» («Рыбарь»),  «Պրիյեմնիկ» («Приемник»),  Սեմյոն Պեգով| War Gonzo («Семён Пегов️️ | War Gonzo»), Յուրի Բարանչիկ (Юрий Баранчик), «Քոլոնըլքասադ» («Colonelcassad»), «Երևանյան դիտորդ» («Ереванский наблюдатель»), «DTM» («ԴՏՄ») ռուսական տելեգրամյան ալիքները։ Հայաստանի  թեման ալիքներում աշխուժանում է, երբ Ռուսաստանի հետ հարաբերությունները հերթական անգամ լարվում են, կամ էլ, երբ ակտիվանում է համագործակցությունը արևմտյան երկրների հետ։

Հատկանշական է, որ տելեգրամյան այս ալիքները փոխկապակցված են և հաճախ են միմյանցից մեջբերումներ անում, այսինքն՝ գրառումները տեսնում են ոչ միայն տվյալ ալիքների հետևորդները, այլև մյուսներիը, արդյունքում քարոզչության սփռման օղակը մեծանում է։ Օրինակ, «Երևանյան դիտորդ» ալիքին հետևում է  ընդամենը 1800 օգտատեր, սակայն ալիքի գրառումներն ակտիվորեն տարածում են 1 մլն 210 հազար հետևորդ ունեցող «Ռիբարը» և մոտ 31 հազար հետևորդ ունեցող  «Պրիյեմնիկը»։

Նշենք նաև, որ թեև «Սեմյոն | War Gonzo»-ն նույնացվում է Սեմյոն Պեգովի հետ, սակայն տելեգրամյան ալիքում նշվում է, որ այն «WarGonzo» նախագծի ստեղծող Սեմյոն Պեգովի «ֆան ակումբի պաշտոնական էջն» է։ «WarGonzo»-ի հետ ուղիղ կապը հաստատված չէ։

Այս ալիքները հաճախ արտատպում են և իրենց սեփական նյութերը կառուցում՝ հիմնվելով Հայաստանում ռուսամետ համարվող գործիչների, օրինակ՝ Միկա Բադալյանի, Արման Աբովյանի կամ «Սպուտնիկ Արմենիա»-ի հայտարարությունների և հայկական տելեգրամյան ալիքների տեղեկությունների հիման վրա։

Ստորև ներկայացնում ենք այս ալիքներով Հայաստանի վերաբերյալ տարածվող հիմնական պատմույթները։

Հայաստանը նոր Ուկրաինա է

Ռուսական ալիքները հաճախ զուգահեռներ են տանում Հայաստանում տեղի ունեցողի ու Ուկրաինայում և Մոլդովայում գրանցված գործընթացների միջև։ Ըստ նրանց՝ «Արևմուտքը հետխորհրդային երկրներում իրավիճակը ապակայունացնում է ռուսական ազդեցությունը թուլացնելու համար»։

Այսպես, «ԴՏՄ» ալիքը նշում է, որ  Երևանը իր բնակչությանը ուկրաինական սխեմայով սնուցում է  հակառուսականությամբ, իսկ անվտանգությունը հանձնում է Փարիզին, որի համար «հանգստությունը Հարավային Կովկասում նույնքան կարևոր է, որքան օրինակ, Ֆիլիպիններում»։ Նույն ալիքը ուշադրություն է հրավիրում, որ Հայաստանում ռուսական դպրոցներ չկան, այնինչ Ադրբեջանում դրանք 324-ն են։ Ալիքի պնդմամբ՝ առայժմ Հայաստանի դպրոցներում ռուսերենի ուսուցումը շաբաթական մի քանի ժամ է, որն էլ կարելի է «պահպանել ու ավելացնել՝ պայմանով, որ շրջադարձ չլինի դեպի Արևմուտք, ինչպես եղավ Բալթյան երկրներում և Ուկրաինայում»։

Այս թեմայով Civilnetcheck-ը գրել էր, որ  Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող 45 դպրոց կա, իսկ  63 դպրոցներում իրականացվում է ռուսաց լեզվի խորացված ուսուցում։

«Ուկրաինացման» համատեքստում ռուսական տելեգրամյան ալիքներում մեծ արձագանք ստացավ Երևանում «Հոսանք» շարժման անցկացրած հանրահավաքը 2024-ի հունվարին՝ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը։ Փոքրաթիվ հանրահավաքը ռուսաստանցիները շտապեցին անվանել Հայաստանում նեոնացիզմի վերելքի ու ռուսների հետ հարաբերությունների վատթարացման նշան՝ «ուկրաինական ոճով»։ «ԴՏՄ»-ն դրա համատեքստում հույս է հայտնել, որ բարձր պաշտոններում ռիսկերն ու սցենարները ուսումնասիրվել են, և դրանց դեմ արդեն պատրաստվել են քայլեր, քանի որ «պատմությունը ցույց է տվել, որ Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ տրամադրված ԱՊՀ որոշ վերնախավերի նկատմամբ պասիվ և խաղաղասիրական դիրքորոշումը Ռուսաստանի Դաշնության համար վերածվում է Մոլդովայի, իսկ վատագույն դեպքում՝ Ուկրաինայի»։ Իսկ հանրահայտ Սեմյոն Պեգովի անունով գործող տելեգրամյան ալիքը լուրի առիթով քվեարակություն էր սկսել, թե արդյոք արժե «ապազգայնացման» գործողություն կատարել Հայաստանում։

Մեկ այլ զուգահեռի առիթ էր դարձել նորությունը, թե Հայաստանը փոխարինելու է իր ներկայացուցիչներին ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում պաշտպանության հարցերով կցորդներով ․

«Նման մի բան 2014 թվականից նկատվում էր այսպես կոչված Ուկրաինայում, որը սնվում էր Ռուսաստանի դեմ պայքարի խոստումներով։ Եվ արդյունքում դրանք դեն են նետվում, քանի որ նյութը մշակվում է։ Նման իրավիճակներում Հայաստանին նույն բանն է սպասվում, միայն թե շատ ավելի արագ»,- գրել է  «Ռիբարը»։

«Ո՞նց, ուղղակի հանձնեցի՞ր ու վե՞րջ»։
«Ահա։ Իսկ մեղավորն, իհարկե, Ռուսաստանն է»․ աղբյուր՝  DaZbastaDraw տելեգրամյան ալիք

Անդրադառնալով 2023թ․-ի հոկտեմբերին Գրանադայում Ուկրաինայի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը՝  «Քոլոնըլքասադը» նշել է, որ Փաշինյանը «Ադրբեջանի հետ կատարված լավագույն բանն է 90-ականներին պատերազմը պարտվելուց հետո», որովհետև Փաշինյանն այնքան խղճուկ է, որ Ալիևն անգամ հանդիպման չի մեկնել, ՀՀ վարչապետը հերթական «կապիտուլացիոն փաստաթուղթն» է ստորագրել (Խոսքը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող հայտարարության մասին է)։ Գրառմանը ալիքը  կցել է  «DaZbastaDraw»-ի ծաղրանկարը Փաշինյանի ու Զելենսկու հանդիպմանը նվիրված։

Յուրի Բարանչիկի տելեգրամյան ալիքն էլ արդեն պատրաստվում է հաջորդ պատերազմին՝ պնդելով, որ Ուկրաինային հաղթելուց հետո Ռուսաստանը պետք է իրականացնի Արևմուտքի «փրոքսի երկրների» դեմ գործողություն, օրինակ՝ Լեհաստանի, Ֆինլանդիայի, Հայաստանի, Ղազախստանի, Բալթյան երկրների, Վրաստանի և այլն։

Ադրբեջանը Հայաստանը ոչնչացնելու է․ միակ փրկիչը Ռուսաստանն է

Տելեգրամյան ալիքների մյուս քարոզչական թեզը կապված է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ։ Բազմաթիվ նյութերում պնդում է կատարվում, որ ադրբեջանական ռազմական սպառնալիքի դեմ միակ դաշնակիցը Ռուսաստանն է, իսկ Արևմուտքը ներգրավվում է միայն հետխորհրդային տարածքում ՌԴ դեմ թշնամանք տարածելու համար։

«Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ հավաքական Արևմուտքի այլ ներկայացուցիչներ չեն փորձի կասեցնել Արցախում բարբարոսական ապօրինությունները, առավել ևս դա չեն անի Հայաստանի իշխանությունները, որոնք իրենք են իրենց ժողովրդին ենթարկում մշակութային ցեղասպանության։ Եվ, հաշվի առնելով հայերի նկատմամբ ադրբեջանցիների ատելության աստիճանը, ապագայում նման զտումների տակ կարող են հայտնվել նաև հայկական այլ տարածքներ»,- գրել է «Ռիբարը»։

Ըստ այս պատմույթի՝ Հայաստանի իշխանությունները ոչ միայն սադրում են Ռուսաստանին, այլև տանում երկիրը անխուսափելի ոչնչացման։ Միակ գործոնը, որն այս պահին կանգնեցնում է Ադրբեջանին, ՀԱՊԿ-ն է և ռուս զինծառայողների ներկայությունը։ Վերլուծաբան ներկայացող Յուրի Բարանչիկի ալիքը պնդում է, որ ռուս խաղաղապահները փրկել են Արցախի ժողովրդին, իսկ Արցախը պաշտոնապես հանձնել է Փաշինյանը։

Յուրի Բարանչիկի տելեգրամյան ալիք

«Քոլոնըլքասադն» էլ կանխատեսում է, որ Հայաստանին սպասվում է «թրքացում» Սյունիքի դրամատիկ կորստով, քանի որ Թուրքիայի դեմ միակ վահանը Ռուսաստանն է․ ««Առայժմ», քանի որ Հայաստանն այլևս փաստացի ՀԱՊԿ-ի մաս չէ, քանի որ չի մասնակցում կազմակերպության գործունեությանը»։

Այս իրավիճակում, ըստ ռուսական կողմի, արևմտյան երկրների օգնությունը ոչ մի նշանակալից արդյունք չի կարող ունենալ․ «Ինչպե՞ս պետք է հին «Բաստիոն» զրահատրանպորտային մեքենաները կամ մի քանի չգործող GM200 ռադարները օգնեն հայկական զորքերին Ադրբեջանի հարձակման դեպքում»։

Նմանապես Իտալիայի հետ 2023թ․-ի վերջին Հայաստանի ձեռք բերած պայմանավորվածությունը հայ-իտալական պաշտպանական համագործակցության մասին ռուսներն անվանում են «ֆիկտիվ» համագործակցություն, որի «նպատակը Հայաստանի ժողովրդի մեջ ապահովության կեղծ զգացում սերմանելն է անխուսափելի փոթորկի պայմաններում»:

Հայաստանը լրտեսում է Ռուսաստանին՝ Արևմուտքի օգտին

Բնականաբար, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը տելեգրամյան ալիքների ուշադրության կենտրոնում է։ Ալիքները ուշադրություն են հրավիրում, որ Հայաստանը թեև փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ միջոցառման, պաշտոնապես դեռ շարունակում է անդամ մնալ։

«Անկասկած, դաշինքից դուրս գալու ուղին արդեն բռնել են, բայց քանի դեռ ՀԱՊԿ-ին պաշտոնական մասնակցությունն ավելի շատ օգուտներ է բերում (օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությանը վերահսկելու հնարավորությունը՝ ելնելով կուրատորների շահերից), Հայաստանը կպահպանի պաշտոնական անդամակցությունը», – գրել է, օրինակ, «Ռիբարը»։

Իսկ ահա ըստ «ԴՏՄ»-ի՝ Ռուսաստաանին լրտեսում են ԵՄ մոնիթորինգային առաքելության միջոցով։  ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ֆրանսիայի հետախուզության ծրագիր է համարում նաև «Քոլոնըլքասադը»․ «Ֆրանսիական հետախուզության գործունեության ինտենսիվությունը Ռուսաստանի սահմանների մոտ զգալիորեն աճել է։ Գաղտնիք չէ, որ ֆրանսիական ծառայությունները Փաշինյանի Հայաստանում ստացել են ամբողջական քարտ-բլանշ՝ քաղաքացիական առաքելության (EUMA) քողի ներքո։ Միաժամանակ արձանագրվում է Վրաստանում ֆրանսիական հետախուզության աշխատակիցների ակտիվացումը»։

Այսպիսով, ակնհայտ է, որ առնվազն հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումից ի վեր ռուսական տելեգրամյան ալիքները ակտիվորեն հակահայկական արշավ են իրականացնում։ Հայաստանը դիտարկվում է զուտ որպես գոտի, որտեղ հավաքական Արևմուտքը Ռուսաստանի դեմ ծրագրեր է իրականացնում, իսկ Ռուսաստանն այս համատեքստում ներկայացվում է որպես Հայաստանի միակ փրկիչ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի։ Միաժամանակ այս տելեգրամյան ալիքները չեն խուսափում նշել, որ Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի, եթե հանկարծ Հայաստանը գնա Ուկրաինայի ճանապարհով, այդ թվում՝ «հատուկ գործողության» ձևաչափով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *