Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հայաստանի կինոթատրոններում 2026թ․-ից ֆիլմերը պետք է լինեն հայերեն կրկնօրինակմամբ կամ ենթագրերով։ Այս առաջարկը գալիս է փոխելու վիճակը, երբ միջազգային վարձույթից ֆիլմերը հայկական կինոթատրոններում հիմնականում ցուցադրվում են ռուսերեն կրկնօրինակմամբ կամ բնօրինակ լեզվով և  առանց հայերեն թարգմանության։

Փոփոխությունը, որը նախաձեռնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանում ռուսերենով մեդիայի սպառման ծավալները կրճատելուն ուղղված քայլերից է։

Ռուսերեն բովանդակության տարածվածությունը

Միջազգային լրահոսը ներկայացնելու համար հայկական լրատվական դաշտը սովոր է օգտագործել ռուսական աղբյուրները։ Ռուսերենից թարգմանություններն ավանդաբար ավելի ընդունված են շատ հայկական խմբագրություններում։ Օրինակ, Կորոնավիրուսային համաճարակի ժամանակ մի ուսումնասիրություն պարզել էր, որ  COVID-19-ի թեմայով մեծ լսարան ունեցող հայկական կայքերում գերակշռում են ռուսական РИА Нововсти-ից (ՌԻԱ Նովոստի), ТАСС-ից (ՏԱՍՍ), ИнтерФакс-ից (Ինտեֆաքս) թարգմանությունները։

Ռուսերենով մեդիա բովանդակությունը Հայաստանում համատարած է։ Հոլիվուդյան ու այլ հայտնի ստուդիաների ֆիլմերը մարդիկ կինոթատրոններում հիմնականում դիտում են ռուսերենով։ Ըստ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024թ․-ի «Տարեկան հաղորդման», մալուխային ցանցերում հասանելի ժամանցային, ֆիլմեր ցուցադրող, ճանաչողական, մանկական, լրատավական և ընդհանուր հեռուստատեսային ալիքների 61%-ի լեզուն ռուսերենն է (այս ցանցերում անգլերենը կազմում է 18%, հայերենը՝ 15%)։

Ռուսերեն բովանդակությունը հասանելի է ոչ միայն վճարովի մալուխային ցանցերում, այլև անվճար հանրային մուլտիպլեքսում։

Ռուսական պետական «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանը հեռարձակվում է Երևանում։

Համաձայն 2020 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության ﬕջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի «РТР планета» («ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ»), «Первый канал» («Պերվիյ Կանալ») և «Культура» («Կուլտուրա») հեռուստաալիքները Հայաստանում ունեն վերգետնյա հեռարձակում։

Ռուսական ալիքները վարկանիշով Հայաստանում զիջում են տեղական հեռուստաընկերություններից շատերին, սակայն «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ»-ն, համաձայն այս տարվա օգոստոսին ՀՌՀ-ի հրապարակած տվյալների՝ լսարանի ծավալով տեղ է զբաղեցրել առաջին տասնյակում։

Ինտերնյուսի՝ 2024թ․-ին «Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման ամենամյա հետազոտության» համաձայն հարցվածների 47%-ն որպես մեդիաաղբյուր օգտագործում է ռուսական հեռուստաալիքները, 34%-ը՝ ռուսական լրատվական կայքերը և  29%-ը՝ ռուսական բլոգները, վլոգները ու փոդքասթները։ 

Հարցվածների 18%-ը նշել է, որ շաբաթական առնվազն մեկ անգամ ռուսական ալիքներ է դիտում։

Հայկական եթերում ռուսական այս ալիքների ազատ հասանելիության թեմայով վերջին երկու տարիների ընթացքում պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում։ Ռուսական ալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու հարցը քննարկվում է պաշտոնական և փորձագիտական շրջանակներում։

Ռուսական ինֆորմացիոն ազդեցություն հանրային մուլտիպլեքսով

Այս տարվա հունվարի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի հայտագիր հանձնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանին։ Առիթը, ըստ ԱԳՆ-ի, այն է, որ ռուսական «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման ժամանակ հնչեցվել են «արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։

«ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ»-ի երկու այլ ռուսական պետական քարոզչական հաղորդում՝ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ»-ն ու «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ»-ը Հայաստանի տարածքում չեն հեռարձակվում 2024թ․-ի ապրիլից։ Արգելքի որոշումը Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցին էր՝ հիմք ընդունելով «վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը»։ Զուգահեռաբար, այս հաղորդումները եթերից դուրս բերելու որոշում են կայացրել հայկական հիմնական մալուխային ցանցերը։

Հայաստանի տարածքում ռուսական ալիքների ազատ հեռարձակումն այս տարի քննարկման թեմա է դարձել Ազգային Ժողովում։ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը  հունիսի 18-ին անդրադարձել էր «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարին։ Սոլովյովը եթերում մեկնաբանել էր Երևանում ռուսաստանցի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը և Հայաստանի իշխանություններին, մասնավորապես վարչապետ Փաշինյանին, անվանել էր սրիկա, ծախու, «թուրքոլ» (թուրքամետ)։

«Սա ուղղակի միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, նրա ղեկավարության և ժողովրդի նկատմամբ ատելության ու վիրավորանքի գիտակցված տարածում»,- ասել էր Ալեն Սիմոնյանը։

Հայաստանում հեռարձակման ոլորտի կարգավորող մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանն ասում է, որ հայկական եթերում ռուսական ալիքների հեռարձակման համաձայնագրի 5-րդ կետով Հայաստանն ու Ռուսաստանը պետք է բացառեն ժողովուրդների ու ազգային արժեքների նկատմամբ վիրավորական հաղորդումների հեռարձակումը։ Նաև նշվում է, որ անթույլատրելի է համարվում նաև ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը։ «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» և «Պերվիյ Կանալ» ալիքները, ըստ Տիգրան Հակոբյանի, պարբերաբար խախտում են այս կետերը։»

2023թ․-ի դեկտեմբերի 20-ին ՀՌՀ-ն խախտումների համար 30 օրով կասեցրեց «Սպուտնիկ Արմենիա» ռադիոընկերության լիցենզիան և տուգանեց այդ կայանքը Երևանում հեռարձակող «Տոսպա»-ին 500 հազար դրամով։ Որոշման պատճառն այն էր, որ ռադիոկայանի եթերում հաղորդումներից մեկի ժամանակ «հաղորդման հեղինակն ու վարողը ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներով է անդրադարձել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին, տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի»։ Մեկ այլ հաղորդման ժամանակ «հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ առաջանցող են։ Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են ոչ հավաստի կամ հավաստիության բավարար չափ չունեցող, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ»։

Մեդիա ոլորտում տասնամյակների փորձ ունեցող Բորիս Նավասարդյանը, որը ղեկավարում է Երևանի մամուլի ակումբը, ասում է, որ Հայաստանն ուղղակի պետք է հրաժարվի ռուսական ալիքների հեռարձակումից։ «Մենք երեք կապուղի ենք տրամադրել ռուսական ալիքներին։ Հայաստանյան երեք հեռուստաընկերություններ չեն կարողանում ընդգրկվել հանրային մուլտիպլեքսում, որովհետև մենք այդ երեք կապուղիները տրամադրել ենք ռուսական ալիքներին։ Ու դրա դիմաց մեր հեռուստադիտողը լսում է վիրավորանք իր երկրի ու ժողովրդի մասին․․․
․․․Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագիրը, որով գործում են այդ հեռուստաընկերությունները պետք է վերանայվի ու խզվի։ »,- ասում է Բորիս Նավասարդյանը։

Հայաստանի կառավարությունը ռուսական ալիքների վերգետնյա հեռարձակման համաձայնագիրը չեղարկելու ուղղությամբ դեռ ուղղակի քայլեր չի արել։ Օրենսդրական մակարդակում վերջին փոփոխության առաջարկը, որը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՌՀ-ին թույլ է տալու կարգավորել նաև ցանցային օպերատորների կողմից ցուցադրվող բովանդակությունը։ Այդ օպերատորները ծրագրերում ռուսական ալիքների քանակը շատ ավելին է, քան հանրային մուլտիպլեքսում։ Փոփոխությունը կմեծացնի  Հայաստանում ռուսերենով բովանդակությանը միջամտելու ՀՌՀ-ի հնարավորությունները, սակայն չի լուծի հանրային մուլտիպլեքսում ռուսական պետական ալիքների խնդիրը։

Ռուսական մեդիա ազդեցությունը, սակայն, վերջին տարիներին աճում է սոցիալական ցանցերի, հատկապես Տելեգրամի օգնությամբ։ Հարյուր հազարավոր բաժանորդներ ունեցող ռուսական տելեգրամյան ալիքներ Հայաստանը թիրախավորող քարոզչական բովանդակություն են տարածում։ Այդ ալիքներից, օրինակ, 1.4 միլիոն բաժանորրդ ունեցող Ռիբարը (Рыбарь) այս ամիս է Հայաստանի մասին քարոզչական ֆիլմ պատրաստել ու հեռարձակել՝ «հետխորհրդային տարածքի համար պայքարի» շրջանակներում։

Ստուգված է

Հայաստանում մարդիկ ավելի շատ սոցիալական ցանցերից են քաղաքական լուրեր ստանում, քան հեռուստատեսությունից։

«Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման ամենամյա հետազոտության» համաձայն 2024թ․-ին հարցվածների 62%-ն ասել է, որ լուրերի իր հիմնական աղբյուրը սոցիալական ցանցերն են։ Հեռուստատեսությունը որպես լուրերի աղբյուր նշել է 45%-ը։ Դեռ 2024-ին էր հեռուստատեսային եթերը 17 նիշով զիջում սոցիալական մեդիային։ Այս միտումը պահպանվելու է ու ռուսական մեդիա ազդեցությունը Հայաստանում կարգավորելու խնդիրը միայն հեռարձակվող ալիքների հարցը լուծելով չի սահմանափակվելու։