Ի՞նչ դեր էր վերապահված հայկական մամուլին 20-րդ դարի սկզբին: Շրջան, երբ թերթերը լույս էին տեսնում պետություն, պետականություն չունենալու պայմաններում: Արևելահայ մամուլի մշակութային կենտրոնը Թիֆլիսն էր, արևմտահայ մամուլինը՝ Պոլիսը:
Չունեինք պետականություն, և մամուլի նյութերի առանցքում հոգևոր հայրենիքն էր՝ առանց կոնկրետ սահմանների, սակայն Հայոց պետականության վերականգնման առաջնահերթության օրակարգով:
Մամուլի աշխատանքը գնահատելու համար կարևոր է հասկանալ, թե ինչ քաղաքական, իրավական դաշտում են աշխատել թերթերը այդ շրջանում, ազատության ինչ սահմանափակումներով:
«Այո, մամուլի ազատութիւն է, քանի որ մինչև այժմ հարիւրաւոր թերթեր են դադարեցրած և դեռ դադարեցնում են: Մամուլի ազատութիւն է, քանի որ խմբագիրներին, հրատարակիչներին և՜ բանտ են նստեցնում, և՜ տուգանքի ենթարկում» («Յառաջ», 1906, N 66):
Որպես օրինակ՝ թերթը ներկայացնում է Թիֆլիսի գեներալ-նահանգապետի կարգադրությունը: Ըստ այդմ՝ «…Յայտարարում եմ ի գիտութիւն ընդհանրութեան, որ սրանից յետոյ վնասակար և վտանգաւոր ուղղութիւն ցույց տւող թերթերը փակելիս, ես ստիպւած պէտք է լինեմ նրանց խմբագիրների և հրատարակիչների հետ վարւել համաձայն 1892 թ. հրատարկւած ընդհանուր կանոնների 23-րդ յօդ. և 19-րդ յօդւածի 16 ու 17 պարագրաֆների, որոնք ինձ հնարաւորութիւն են տալիս առանձին անհատներին թոյլ չը տալ ապրելու զինւորական դրուիւն յայտարարւած տեղերում և աքսորել կայսրութեան ներքին նահանգները» (նույն տեղում): Ստորագրություն՝ Գ.- մ. Տիմօֆէեւ, 7 ապրիլ, 1905 թ., Թիֆլիս:
Եվ թերթի եզրակացությունը. «Թող հրճւեն բոլոր խմբագրներն ու հրապարակախօսները-նրանց համար արդեն պատրաստ են աքսորավայրերը: Եւ եթէ նրանց շարքերով ճանապարհ դնեն դէպի այդ կողմերը-ոչինչ. լրագիրները դարձալ պարտաւոր են յիշել, որ մեզանում մամուլի լիակատար ազատութիւն է» (նույն տեղում):
«Նոր փորձանք». սա լրագրող Հարություն Ալփիարի (1864-1919) հոդվածի վերնագիրն է՝ նվիրված մամուլին. «Հին ռեժիմի օրերուն, բռնակալութեան շրջանին, ոչ ոք տէրն էր իր ինչքին, իր պատւոյն, իր կեանքին, իր կնկանը: Նէճիպ Մէլհամէի մը մեկ քմայքը բաւական էր ձեռքեդ խլելու ինչ որ նուիրական, ինչ որ թանկագին ունեիր այս աշխարհիս վրայ: Բռնակալութիւնը գնաց և անոր տէղ եկաւ ազատ մամուլը, որ ոչինչ կը խնայէ, բան մը չի յարգեր եւ որուն յամար նուիրական բան չի կայ: … Հին ոխերն են, չարամտութիւնները, բամբասանքը, որ ամէնէն շատ նիւթ կը մատակարարէն կոր արդի զաւեշտագրութեան, որուն տրուած ազատութիւնը բան մը չաւելցուց իր արժանիքներուն վրայ, ընդհակառակը ՝ սպաննեց անոր մէջ ինչ որ կար՝ բարի, ազնիւ, գեղեցիկ» («Արեւելք», N 7024,1909 թ., Կ.Պոլիս):
«Ի՞նչ դեր ունի մամուլը. այս հարցը շատ անգամ զբաղեցրել է մամուլի մէջ աշխատավորներին, գիրք գրողներին, , մեր կուլտուրական կեանքով զբաղվածներին-սկսած «Հյուսիսափայլ»-ից՝ մինչև մեր օրերի ամենաժողովրդական հեղինակն ու գրավաճառը: Այս հարցի պատասխանը մենք գտնում ենք հայ հեղինակների, գիրք գրողների, բանաստեղծների, լրագրողների նիւթական վիճակի մէջ, թէ՜ անցեալում և թէ՜ ներկայում: Սկսած Րաֆֆու նման ամենաժողովրդական գրողից մինչև Լեօ, և Ռ. Պատկանեանից մինչև Իսահակեան, հայ մտքի ու զգացմունքի արտահայտիչների այս երկար շարքի մէջ չեք գտնի մէկին, որը կարողանար իր գրչով, իր մտաւոր վաստակով ապահովել իր և ընտանիքի կեանքի ամենասահմանափակ պահանջները»:
Ինչու՞: Հարցի պատասխանը տալիս են գրողները, լրագրողները, հրապարակոսները՝ մեզ չեն կարդում: Հայերը գիրք, լրագիր չեն կարդում ու չեն գնում.
«Դրա պատասխանն էլ պարզ է և կտրուկ: Որովհետև հայը հայերենում անգրագէտ է, սոսկալի անգրագէտ: Քանի դեռ այն բոլոր դպրոցներում, հաստատութիւններում, ուր հայը հայերէն է սովորում, հայերէն լեզուն կը լինի այս ողբալի վիճակի մէջ, ինչպէս եղել է մինչև այսօր, և՜ այսօր, և՜ վաղը , միշտ էլ հայ գրողը, հայ հեղինակը, հայ գիրքն ու մամուլը կը մնայ ողորմելի, մուրացիկ և անապահով» («Անկախ մամուլ», 1908, N 5):
«Հայ օրաթերթերը բոլորովին չեն աշխատել հետաքրքրութիւն զարթնեցնել իրենց անգիտակից ու դէպի պետական խնդիրները բոլորովին անտարբեր մնացած ընթերցողներ մէջ: Ընդհակառակը՝ նրանք, Էջմիածնում կամ մի այլ տիրացուական շրջանում տեղի ունեցած բամբասանքներին միշտ շատ աւելի նշանակութիւն ու կարևորութիւն տալով, հայ թերթերով միայն սնւող ընթերցողին միանգամայն անտարբեր են դարձրել դէպի այն գործերը, որոնց այս կամ այն ընթացքից է կախւած նույնպէս և մեր կուլտուրական զարգացումը, յառաջադիմութիւնն ու յետամնացութիւնը:…Լիովին չապրելով քաղաքական ու պետական կեանքով , մենք նաև մեր մտաւոր հորիզոնն ենք սահմանափակել: Ամեն մի հարցի մենք մօտենում ենք անձնական – անհատական, այլ ոչ թէ քաղաքական-հասարակական տեսակէտով» («Մամուլ», 1911, N2, Թիֆլիս):
«Ներկա պայմաններում մեր մամուլի դերը ստացել է բացառիկ նշանակութիւն: Լրագրական օրգաններն են, որ մեր կեանքի այս փոթորկալից շրջանում պետք է օգնութեան հասնեն ժողովուրդին տրւած հարցերի քննադատութեամբ ու լուսաբանութիւնով: Լրագրական քարոզներն են, որ յաճախ ժողովրդական զանգուածները իրար են մօտեցնում կամ անջատում: Արդ ինչպէ՞ս է վերաբերւում դէպի իւր կոչումը հայկական մամուլը և ինչ չափով է արդարացնում իւր վրայ դրուած պարտականութիւնները: Ցավելով պետք է ասել, որ մամուլը մեզանում համաժողովրդական այդպիսի ցասմնալի օրերում անկարող եղաւ ըմբռնել րոպէի լրջութիւնը և տոն, ուղղութիւն տալ ընդհանուր գործին:
Մեր լրագրական տգեղ բարքերը յաճախ քննադատութեան նիւթ են ծառայել: Տարիների ընթացքում մեր թերթերը հասարակութեանը զբաղեցրել են իրենց անմիտ, նեղ կուսակցական նկատումներից բղխող և որ ամենից գլխավորն է՝ սկզբունքային նշանակութիւնից զուրկ բանակռիւներով: Տպագրական մաքուր, շիտակ խոսքը, վիճաբանութեան վայելուչ ձևերը միշտ բացակայել են մեզանում, և դա է պատճառը, որ այսօր ժողովուրդը կորցրել է իւր հավատը դէպի մամուլի օրգանները և նրանց քարոզած մտքերի անկեղծութիւնը» («Գաղափար», 1916, N 12, Թիֆլիս):
Գովազդային նյութերի թվից և որակից ակնհայտ էր, որ ֆինանսավորման այդ աղբյուրի համար խմբագիրները պատրաստ էին թերթի՝ անգամ առաջին էջերը լցնել զանազան գովազդներով՝ բժիշկներ, հեքիմներ, արհեստավորներ, մասնավոր դասեր տվող ուսուցիչներ, ծառայություններ:
Բոլորի համար թերթում անկյուն կար, անգամ՝ հիպնոսի վարպետների.
«Օգտվեցեք հարմար առիթից՝ ձեռք բերելու Հարություն Շեքերջյանի Հիպնոտիզմի և մարդկային մտքի քաջագործության գործնական հոգեբանության կուրսերից… Հիպնոտիզմով կարելի է վերացնել վատ սովորություններ երեխաների մեջ. գողություն, ծուլություն, ծխել, մի խոսքով՝ արմատախիլ անել ինչ որ վատ է ու ներշնչել ինչ որ լավ է և օգտակար: Հիպնոտիզմով դուք կարող եք ուղարկել ձեր ենթակային հեռավոր վայրեր, ուր գտնվում են ձեր սիրելիները և բարեկամները, որ նրանցից տեղեկություն բերի ձեզ: Հիպնոտիզմով դուք կարող եք՝ բացի գաղտնիքների մեջ թափանցելուց՝ տալ և ապշեցուցիչ և ծիծաղ առաջ բերող սեանսներ» («Գաղափար», 1916, N 80):
Մամուլն՝ իր բարդ խնդիրներով՝ գրաքննություն, քաղաքական խառնակ ժամանակ, խմբագրական աշխատակազմի նյութական հյուծված վիճակ, միևնույն է, աշխատում էր:
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: