Ո՞վ պետք է … չափ դնի խոսքին և լռությանը։
Մովսես Խորենացի
Դ. Լռությունը
Արցախյան II պատերազմի սկզբից ստեղծվեց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն։ ՀՄՏԿ-ի ամփոփագրերը միանգամայն համահունչ էին թվում հեղափոխության «հռչակագրին»՝ մենք բաց ենք, հաղորդում ենք զոհերի թիվը, Ադրբեջանը չի հաղորդում, Ադրբեջանը փակել է սոցցանցերը, մենք՝ ոչ։ Դա մեծ վստահություն առաջացրեց պաշտոնական աղբյուրների հանդեպ։ Մանավանդ որ նրանք, ովքեր սովոր էին նախկինում ամեն օր նայել, թե ինչ կա-չկա հարևան երկրներում, պարզեցին՝ az, tr դոմենային տիրույթի մեդիան Հայաստանում հասանելի չէ, և սկզբնաղբյուրները բավարար չեն համեմատելու համար։
Պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին, կառավարությունը ռազմական դրության մասին որոշում կայացրեց, որի ամենաընդարձակ՝ IV բաժինը վերաբերում էր «հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներին»։
Այս իրավիճակում լրատվամիջոցների մի մասը, առանձին հեղինակներ, սոցցանցերի օգտատերեր մինչև պատերազմի վերջը բավարարվում էին պաշտոնական լրատվությամբ։ Մինչդեռ այլ ԶԼՄ-ներ, որ արդեն տասնամյակներ ստվերային ֆինանսավորմամբ ու պատվերով էին գործել, մեծ թվով զգայացունց ստեր, հերյուրանքներ, վիրավորանք ու հայհոյանքներ էին տարածում, հետ չէին մնում սոցցանցերի կեղծ կամ իրական վարձու օգտատերերը։ Ապատեղեկատվության զգալի մասը որոշ ժամանակ անց հերքվում էր, բայց հերքումները նույն ջերմեռանդությամբ չի հրապարակվում, դա նշանակում է՝ թույլ էր տրվում, որ կեղծիքը շարունակի դեգերել համացանցի անծայրածիր եզերքներում։
Պատերազմից շուրջ երկու շաբաթ անց ոստիկանությանը սկսեց տուգանել կարգազանցներին։ Արգելվեց մի քանի հարյուր հրապարակում, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մեկ ամսով դադարեցրեց «Հայելի» հաղորդաշարը, բայց մթնոլորտը էականորեն չփոխվեց։
Պատերազմից հետո ևս խուճապահարույց կեղծիքները չդադարեցին։ 2020 դեկտեմբերի 24-ին լուր տարածվեց, թե ադրբեջանցիները Սևանի ափին պարում են: Առցանց «Առավոտը» հրապարակեց կեղծիքը՝ առանց սկզբնաղբյուրները ճշտելու։ Բավական արագ, րոպեների ընթացքում պատասխանատու պաշտոնյաները հերքեցին լուրը։ «Առավոտը» չշտապեց այն հեռացնել՝ հակառակ բարեխիղճ օգտատերերի ահազանգերին, ինչը երևում է ստորև ներկայացրած էջահատույթներից։
«Առավոտին» սա չի վերաբերում, բայց պատերազմի ընթացքում ապատեղեկատվություն, մեդիաձեռնածություններ հաճախ տարածում էին նույն ԶԼՄ-ները, որոնք լուռ չէին Covid-19-ից զգուշանալու կանոնները պահպանելու պահանջների առումով՝ միասնաբար ժխտում էին համավարակի գոյությունը՝ փաստորեն քաղաքական հակառակորդի՝ իշխանության դեմ պայքարում չխնայելով ո՛չ քաղաքացիական անձանց, ո՛չ զինվորների կյանքը։
Ցավոք, մեդիայի հավաստիության չափորոշիչներին անհամեմատ ծանր հարված հասցվեց, երբ նոյեմբերի 9/10-ի զինադադարից հետո բացահայտվեց, որ պաշտոնական տեղեկատվությունը կեղծել էր… պատերազմի ամբողջ ընթացքը, լռության մատնել հայկական կողմի տարածքային կորուստները։ Արդյունքում՝ առ այսօր պարզ չէ, թե որտեղ է եղել դիմադրություն, որտեղ՝ փախուստ, որտեղ՝ մարտավարական կամ ռազմավարական սխալ։
Արցախյան I պատերազմի մեդիայում առանձնահատուկ սահմանափակումներ չեն կիրառվել։ Մամուլում եղել են բողոքներ, որ պաշտոնական տեղեկատվությունը անբավարար է, բայց ռազմաճակատի վիճակի լուսաբանման մենաշնորհ չի եղել։
Ռուսալեզու «Էպոխա» թերթը 1992-ի մի հոդվածում ներկայացնում էր, թե ինչ դժգոհություններ ունի մամուլը իշխանությունից, բայց Պնախարար Վազգեն Սարգսյանն էլ մեղադրում էր ընդդիմադիր թերթերին, որ Արծվաշենը հանձնելու մտադրությունների մասին իրենց տարփողումներով ուղղորդել են հակառակորդին։ Արծվաշենը երկու տասնյակ ադրբեջանական գյուղով էր օղակված՝ հազիվ թե հակառակորդը ինքնուրույն գլխի չընկներ, որ խոցելի է և չթիրախավորեր, բայց դա չէր ազատում մամուլը քաղաքացիական պատասխանատվությունից։
Պատկերի ամբողջականության համար հիշեմ նաև ասեկոսեները, թե Վազգեն Սարգսյան բռունցքներով էր արտահայտում իր բարկությունը ընդդեմ խմբագիրների։ Սարգսյանն ինքը նեղսրտում էր, որ մեր մամուլը կարող էր նույնիսկ տեղեկություն հրապարակել նախապատրաստվող ռազմական գործողությունների մասին, որը նվեր էր օտար բաց աղբյուրների՝ «լեգալ հետախուզություններին»։
«Բարկացկոտ» նախարարը և «նեղացկոտ» խմբագիրները» հրապարակումը («Ազգ», 25.01.91) այս հարաբերությունների հետաքրքիր օրինակ է։ 1990-ի նոյեմբերին ՀՀ Գերագույն խորհրդի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ապագա Պնախարար Վազգեն Սարգսյանը այցելում է Աթենք, ինչպես տեղական «Ժողովրդային պայքար» թերթն է գրում՝ «գաղտնի առաքելությամբ»։ Սարգսյանի ճամփորդությունը հայտնի է դառնում նաև հայաստանյան մամուլին, որոշ թերթեր այն մեկնաբանում են որպես հանգստի, զվարճությունների նպատակով ձեռնարկված ուղևորություն… Մինչդեռ Հունաստանը զենքի հայթայթման եզակի հնարավոր աղբյուրներից էր Հայաստանի համար՝ դա պետք է ենթադրեր ցանկացած արհեստավարժ խմբագիր։
Լրագրողական ու մարդկային էթիկայի ահա այսպիսի խախտումները, թվում է, ժամանակի հետ պետք է հաղթահարվեին ու վերանային, փոխարենը Արցախյան II պատերազմի մեդիայում այնքան հաճախացան, որ ծայրահեղ ուղղորդվածության պատկեր էին ստեղծում։ Արտաքին հարաբերությունների դաշտում այն օտար պետությունների շահերի մեծածավալ սպասարկման էր նման, ներքին քաղաքականության մեջ՝ կուսակցությունների, խմբերի, կլանների պատվերի, երբեմն՝ շաղկապված նույն օտար երկրների հետաքրքրություններին։ Իրավապահ մարմինները բազմիցս հայտարարեցին բացահայտումների մասին, ձերբակալություններ կատարեցին, բայց այդպես էլ բանը չհասավ ապացույցների կամ դատերի։
Հետևանքը՝ պատերազմի թե հետպատերազմյան մեդիայում տիրապետողը խոսքը չէ/չէր կամ լռությունը, այլ աղմուկը։
Վահրամ Մարտիրոսյան
Հոդվածաշարի նախորդ մասը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: