Ա. Խաղաղության խոսույթը
Մաս III
1994-ի մայիսի 11-ի հրադադարի դեմ դժգոհությունը հետսամուտ է։ Այս բառն են օգտագործում ձեռագրագետները ուշ արտագրությունների ընթացքում մատյան ներմուծված տեքստերի համար։ Հրադադարին հաջորդող ամիսների մամուլում ես չեմ գտել Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրելու պահանջ։ Հրադադարին հեշտ չեն համակերպվել Բաքվում, մի քանի անգամ լուրջ խախտումներ են եղել, բայց ի վերջո հանդարտվել են։
Զիջումների, հարևանների հետ խաղաղ համակեցության գաղափարը ավելի շատ հակաճառության հանդիպել պատերազմի ընթացքում։ «Հարատև կռվի» կենսափիլիսոփայությունը»։ Սա ՀՅԴ-ի «Երկիր» պաշտոնաթերթում լույս տեսած ծավալուն հոդվածի վերնագիրն է (1992, ապրիլ 22)։ Այն հիշեցնում է Լև Տրոցկու «հարատև հեղափոխության» գաղափարը, որը նա ձևակերպել էր «Մեր հեղափոխությունը» գրքում (1905), բայց 1917-ի բոլշևիկյան հեղաշրջումից հետո մերժվեց իր իսկ կուսակիցների՝ Լենինի ու Ստալինի կողմից։
Ըստ հոդվածագիր Սեյրան Զաքարյանի, «միայն 19-րդ դարի վերջին հայ քաղաքական միտքը հասկացավ, որ ազգային նվիրական տեսլականների իրականացման, ազգի ընդարմացած գոյավիճակի հեղափոխության վճռորոշ գործոնը «հարատև կռիվն է», տևական ու անզիջում հեղափոխական գործունեությունը»։ Դատողությունը հիմնավորվում է զոհերի պակաս քանակությամբ՝ «Եթե թվաբանության վերածենք «հաշտվելու և չհաշտվելու» ժամանակ ունեցած կորուստները, ապա կտեսնենք, որ «հաշտվելու» ժամանակ ավելի շատ արյուն ենք կորցնում, քան ցանկացած գոյամարտի ընթացքում», բայց չեն բերվում ո՛չ փաստեր, ո՛չ «թվաբանություն»։
«Հարատև կռվի» թեզն էր պաշտպանում նաև դաշնակցական գործիչ Վահան Հովհաննիսյանը «Միայն հաղթանակի մեջ է խնդրի լուծումը» խոսուն վերնագրով հարցազրույցում, որ լույս է տեսնում թերթում մի քանի օր անց («Երկիր», 25.04.1992)։
Արցախի խնդիրը միայն ռազմական լուծում ունի. սա արդեն ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին ժամանակի անվանի մտավորական, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի կշտամբանքն է. «Մի՞թե հարկավոր է ևս մեկ դոկտորանտուրա ավարտել հասկանալու համար, որ Արցախի հիմնախնդրի խաղաղ լուծում չի լինելու։ Էլչիբեյը թույլ չի տա։ Ելքը մեկն է։ Միակը։ Ողջ հայ ժողովրդի հավաքագրում՝ հայրենիքը պաշտպանելու նպատակով։ Հաղթողներին չեն դատում» («Հենրիկ Իգիթյանի մենախոսությունը», լույս է տեսել նախ ռուսերեն, «Գոլոս Արմենիի» թերթում, ապա՝ հայերեն, «Անդրադարձ» շաբաթաթերթում, 18-24 սեպտեմբերի, 1992)։ Իգիթյանը խոստովանում է, որ համակրում է ՀՅԴ-ին, ինչը հաստատվում է նաև նրա խոսքում այսօր «ոչմիթիզականություն» կոչվող ազգայնականության բառամթերքով՝ «Մեզ համար թանկ է հողի յուրաքանչյուր թիզը, իսկ մենք հանձնում ենք դիրք դիրքի հետևից»։
Իսկ «Մարտնչող «խաղաղասիրությունը» առանց դիմակի» հոդվածում (13.11.1992, «Երկիր») թերթի մշտական հեղինակ, պրոֆեսոր Ռոլանդ Ավոյանը հարցնում է. «Ովքե՞ր են այսօր հայ ժողովրդի թիկունքում Բաքվի հետ համաձայնության ձգտում։ Բավական է «քերել» այսօրվա «ժողովրդավարներին», և տակից կհայտնվի երեկվա «նոմենկլատուրան»։ Ցավոք, նա չի ճշտում, թե ովքեր են «երեկվա «նոմենկլատուրայի», այսինքն՝ սովետական արտոնյալ պաշտոնեության, ներկայացուցիչները՝ 90-ականների սկզբին իշխանությունը ավելի հաճախ մեղադրվում էր նախկին «փորձառու» կադրերին չօգտագործելու համար։ Ընդ որում, «Երկրի» հեղինակը ինքը քննադատում է ժողովրդին, ենթադրաբար բարձր՝ էլիտար դիրքերից. «Հայ ժողովրդի մեծագույն դժբախտությունն այն է, որ երկար ժամանակ զրկված լինելով պետականությունից՝ վերածվել է տարբեր պետությունների թևի տակ ծվարած անմիաբան հավաքականության, հաճախ գաղթականին բնորոշ հոգեբանությամբ, Հայրենիքի ու պետության հանդեպ անտարբեր առուփախի ժողովրդի»։
Ակնհայտ է զուգահեռը մեր օրերի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը «էլիտար բունտ» համարեց իր հրաժարականը պահանջող 16+ կուսակցությունների գործողությունները, որոնց թվում է նաև ՀՅԴ-ը, ի պատասխան, «խռովարարները» վարչապետի կողմնակիցներին կոչեցին «ժեխ»։
Վիրավորանքներն ու ատելությունը սովորական են դարձել Հայաստանում՝ սնվելով հետճշմարտության իրավիճակից, երբ փաստերին համահավասար շրջանառում են դավադրության տեսություններն ու կեղծիքները։ Համավարակի առնչությամբ այս պատկերը փորձել եմ ցույց տալ իմ «Թագաժահրանգները» հոդվածաշարում։
Ցավալի է, որ պատերազմի ընթացքում էլ ընդդիմադիր մեդիան հեղեղված էր «կոմպրոմատային» նյութերով, որոնց զգալի մասը հերքվում էր ժամեր անց։ Ընդդիմադիր բնույթի հրապարակումներում գերիշխում էին գործադիր իշխանությունը ինչ-որ խորհրդի կամ բանակին հանձնելու կոչերով և Ռուսաստանի օգնությանը դիմելու աղերսների, հորդորների, պահանջների նվաստացուցիչ մրցավազքով։
Ռազմական հաղթանակի ուռճացումը կար թե՛ ընդդիմադիր, թե՛ Փաշինյանին աջակցող թևերում։ Ոմանք դա շարունակում են նաև նոյեմբերի 10-ից հետո։
Դիմատետրի օգտատիրոջ սրտառուչ տարակուսանքը ուղղված է հազարավոր հետևորդներ ունեցող Լևոն Շիրինյանին։ Լինելով գիտնական, պատմաբան՝ նա նոյեմբերի 9-ին այսպիսի գրառում է անում. «Վահրամ Պողոսյանի, Դավիթ մանվածապատ քրթմնջոցները Շուշիում ինչ-որ «վերահսկողության կորուստի մասին» ինձ թույլ են տալիս եզրակացնելու, որ Հայկական Զինուժը, ընդհակառակը, վերահսկում է իրադրությունը ստրատեգիական անառիկ ամրոցում, և Շուշին չի՛ ընկնելու, որ Շուշիի անկումը Արցախի կորուստ է նշանակում»։ Տրամաբանությունը դժվար է որսալ, բայց պարոն Շիրինյանը հավանաբար չի ընդունում, որ քաղաքը կկորցնենք, քանի որ երկու օր առաջ տված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Անդրկովկասին։
Շատ ավելի ժամանակակից է հաղթանակի քարոզիչներից Հրանտ Տեր-Աբրահամյանի լեզուն։ Նա նույնիսկ կոչ էր անում Դիմատետրում «տեղեկատվական պարզ հիգիենա պահել» (08.10.20), բայց նույն օրն էլ անվերապահ վստահությամբ գրում էր
Թեև օրըստօրե ակնհայտ էր դառնում, որ պաշտոնական տեղեկատվությունը չի արտացոլում ռազմաճակատի դրությունը, պարոն Տեր-Աբրահամյանը՝ երևակայության ու տրամաբանության մարզման առումով հիանալի «Այլընտրանքային պատմություն» շարքի հեղինակը «Մեդիամաքսում», այն անքննելի էր համարում, հավատարիմ «մեզ այսօր պետք է հաղթանակի կոնկրետ մարմնավորում՝ անունով, սիմվոլով, քառակուսի կիլոմետրերով» իր գրառման (30.09.20) ոգուն։
Նա նոյեմբերի կեսերից դադարեցրեց հրապարակային ելույթները։
Ոչ միայն թշնամու, այլև փոխզիջումների հակված ընդդիմախոսների հանդեպ էր անողոք քաղաքագետը Սարո Սարոյանը՝ նրանց տեղավորելով «միայն տհասները» շարքում (14.10.2020).
«- Միայն տհասները կարող են պնդել, որ մեզ պարտադրելով 5 շրջան վերադարձնել՝ թուրքերը կանգ կառնեն ու պատերազմը կավարտվի»,
– միայն տհասները կարող են պնդել, որ ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր կամ երբեւէ կարող է հայության անվտանգության խնդիրը լուծել»…
Նա շարունակում է պահանջված մեկնաբան մնալ մեդիայի համար, թեև պատերազմի ընթացքում հնչեցրել է մեղմ ասած իրականությունից հեռու գնահատականները.
Սա պարոն Սարոյանի 2020-ի հոկտեմբերի 7-ի մեկնաբանություններից է, Դիմատետրի սեփական գրառման տակ։
Հայաստանի պատմության մեջ քիչ չեն դրվագները, երբ պետության առաջնորդները հնարամտությամբ ելք են գտել մեր «փոքր ածուն» բարդագույն իրավիճակներից դուրս բերելու, բայց Արցախյան 2-րդ պատերազմի հրապարակախոսական նյութերում նախապատվությունը տրվում էր պատմական մեծախոսությանը։ Մեր կապիտուլյացիայի նախորդ օրը՝ նոյեմբերի 8-ին Սարոյանը գրել է.
«Մեր ազգածագման վկայականում գրված է, որ երբ Հայկը ծնվել է, նրա մի ձեռքում աղեղն է եղել, մյուսում՝ նետերի խուրձը: Դարեր շարունակ Հռոմը՝ աշխարհի այդ գերհսկան, Հայաստանին փորձում էր պարտության մատնել ու հոգեբանական ազդեցություն գործելու համար հերթական պատերազմից հետո հռոմեական դրամների վրա պատկերում էր Հայոց խորհրդանիշերը՝ Հայկյան աղեղը, նետը կամ նետերով կապարճը, ինչպես նաեւ Հայոց արքայից արքայի թագը: Իրականում հռոմեացիները դարեր շարունակ չէին կարողանում մոռանալ այն խայտառակությունը, որ կրել էին մ. թ. ա. 53 թ. Արտաշատում՝ Արտավազդ II-ի ոտքերի տակ տեսնելով իրենց պետության ղեկավար Մարկոս Կրասսոսի կտրված գլուխը»:
Կարծում եմ, ավելի պրագմատիկ հանրություն ունենալու համար կենսական անհրաժեշտություն է, որ Հանրային հեռուստատեսությունը իր կրթական ծրագրերում պատմությանը նվիրված հաղորդաշար ունենա, որտեղ մեր իրակա՛ն նվաճումերն ու աշխարհում գրաված դիրքը կներկայացվեն։ Ընդ որում, բանավեճի կամ նույնիսկ ինտելեկտուալ վիկտորինայի ձևաչափով, որպեսզի հանդիսատեսը մտովի կամ ֆիզիկապես մասնակցի քարոզչությունը գիտությունից զատելու խաղին։
Արցախյան 2-րդ պատերազմը Առաջինից կարճ տևեց, անհամեմատելի ինտենսիվության մարտերով։ Բնական է, որ «Խաղաղության ճամբարից» շատերը ևս մարտի դաշտում էին կամ զբաղված էին մեր զինվորներին քաջալերելով, օգնություն կազմակերպելով, բայց ոմանք վերացական խաղաղասիրական կոչեր հնչեցրին, եղան նաև «հետտրավմատիկ դավաճանության համախտանիշի» դրսևորումներ։
Վահրամ Մարտիրոսյան
շարունակելի
Հոդվածաշարի նախորդ մասը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: