2016.04.26,

Քննադատ

Ավտոբուսի պայթյունը Երևանում. հեռուստատեսությունը դեռ կարող է մրցել ինտերնետի հետ

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոբուսի պայթյունի մասին առաջինը գրեցին սոցիալական ցանցերի օգտատերերը: Հետո, տեղափոխվելով նորությունների կայքեր, պայթյունի լուրը դարձավ պաշտոնական: Այն հաստատեց արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հեռուստատեսությունը («Երկիր մեդիա»-ն, «Շանթ»-ը, «Արմենիա»-ն, Հանրայինը) սկսեց աշխատել արտակարգ ռեժիմով: Ընդ որում՝ հեռուստատեսային այս ալիքներն այնքան արագ ու համակողմանի էին լուսաբանում Հալաբյանի պայթյունը, որ առնվազն իմ շրջապատի «հեռուստացույց չդիտող» մարդիկ խոստովանում էին՝ այդ ժամերին հեռուստացույց են միացրել՝ ավտոբուսի պայթյունի մասին մանրամասներ իմանալու համար:

Սա այն դեպքն էր, երբ միայն լրատվական կայքերն ու սոցիալական մեդիան բավարար չէին, ու հեռուստատեսության աշխատանքը շատ կարևոր էր մարդկանց տեղեկացնելու համար:

«Երկիր մեդիա»-ի ու «Արմենիա»-ի լրատվական թողարկումները անընդհատ եթերում էին: Նրանք թղթակիցներ ունեին պայթյունի վայրում՝ Հալաբյան փողոցում և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, ուր տեղափոխվել էին պայթյունից տուժածները:  

«Շանթ»-ը ոչ միշտ էր եթերում, սակայն լրատվական թողարկումներում հաղորդում էր հնարավորինս թարմ տեղեկություն, ինչպես նաև դեպքի վայրում աշխատում էր ականատեսների հետ ու նրանց օգնությամբ պայթյունի մասին լրացուցիչ մանրամասներ հաղորդում:

Հեռուստատեսությունը թիմային աշխատանք է, ու այս հեռուստաընկերությունների լրագրողները իրենց աշխատանքով ապացուցում էին դա:

«Երկիր մեդիա»-ն շատ արագ պայթյունի մասին գլխագիր պատրաստեց, պարբերաբար առանց մեկնաբանության դրվագներ էր եթեր հեռարձակում, յուրաքանչյուր թողարկումն ամփոփում էր այդ պահին հասանելի տեղեկատվությունը՝ հնարավոր վարկածների, տուժածների առողջական վիճակի մասին:

«Արմենիա»-ն կարողանում էր յուրաքանչյուր նոր միացման ժամանակ նոր մանրամասն կամ նոր հյուր ունենալ եթերում (օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ով հաստատեց, որ ավտոբուսը սարքին վիճակում է եղել ու դիզելով է աշխատել):

«Ժամ»-ի լուրերը վարող Արտակ Հերիքյանի աշխատանքը հեռուստատեսային լրագրողների համար ուղղակի օրինակելի էր՝ նա ընթացքում թուղթ ու գրիչով նշումներ էր անում և յուրաքանչյուր հարցազրույցի, լրագրողի հետ ուղիղ միացումից հետո հեռուստադիտողի համար կարճ ու հասկանալի ամփոփում էր ստացված տեղեկատվությունը:

Հալաբյանը փողոց է, որը մոտ է մի քանի հեռուստաընկերությունների: Դեպքի վայրին մոտ լինելու հանգամանքը օգտագործեցին «Շանթ»-ն ու «Արմենիա»-ն:

Հալաբյան փողոցին մոտ տեղակայված մյուս երկու հեռուստատեսային ալիքները՝ «հ2»-ն ու «Կենտրոն»-ը, որոշեցին նորությունների արտակարգ թողարկումներ չունենալ ու Երևանում 2 զոհի ու 7 վիրավորի կյանք արժեցած ավտոբոսի պայթյունի լուրը հաղորդել հաջորդ օրը:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

2 Responses to “Ավտոբուսի պայթյունը Երևանում. հեռուստատեսությունը դեռ կարող է մրցել ինտերնետի հետ”
  1. Արսեն Մաթևոսյան says:

    Լավ է, որ կարող է դեռ մրցել, բայց մի քիչ օբյեկտիվ նյութ գրեք…
    Լավ է, որ կարող է դեռ մրցել, բայց մի քիչ օբյեկտիվ նյութ գրեք…
    Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
    Երեւի կասեք՝ ժամանա՞կ ես գտել, բայց ես էլ հակադարձեմ՝ իսկ դուք գիտե՞ք, թե էդ «ժամանակը» երբ է գալու։ Եվ քանի դեռ չի եկել էդ ժամանակը, էսպես թողնենք, որ մեր գերլարված ջղերը սղոցե՞ն, ինչ է թե՝ ոմանց խելքին փչել է դրանց անունը «լրագրող» դնել։ Գիշերն «Արմենիայով» հիվանդանոցից լուր են տալիս։ Լրագրողները շրջապատել են վիրավոր երեխայի՝ Էդգարի մորը։ Նախ էդ ինչ սադիզմ է՝ արցունքն աչքին, մղկտացող ծնողներին վրա տալ էն պահին, երբ նրանք կիսամեռ վիճակում բժշկից լուրի են սպասում։ Էդքան անհոգի հնարավո՞ր է լինել։ Ի՞նչ եք ուզում լսել էդ կնոջից, ի՞նչ, ախր Ի՞ՆՉ։
    Ու մեկ էլ հարցերի տարափի միջից էս հարցն է «փայլատակում».
    -Ի՞նչ է սովորում ձեր տղան։
    Անգրագիտությունը՝ մի կողմ։ Բա սա անմեղսունակ չի՞, դուք ասեք։ Էս ինչ հարց է, որ տալիս է վշտից կուչ եկած մորը։ Սա որեւէ տրամաբանության մեջ հնարավո՞ր է խցկել։
    Խեղճ կինը ապշած նայեց էդ դեբիլիկին ու չպատասխանեց։ Բժիշկը փրկեց նրան լրագրողների հետագա խոշտանգումներից։ Գրկեց էդ կնոջն ու հետը տարավ։

    Եվս մի քանի գոհարներ ստորև, որ գիշերը զայրացրել էր ֆեյսբուքյան օգտատերերին՝
    1. «Վիրավորներից երեքը արական սեռի ներկայացուցիչներ են, երեքը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են, իգական սեռի ներկայացուցիչներից մեկը հղի է»։

    2. «Համենայն դեպս` մեկ կամ երկու հոգի զոհվել են․․․»:

    3. «Տուժել է երեք տղամարդ, տղամարդկանցից մեկը 14 տարեկան պատանի է…»:

    4.«Վթարի առաջին վայրկյաններից դեպքի վայրում աշխատում է մեր գործընկերը»…

    Առաջին վարկյանների՞ ց… Հիմա ի՞ նչ մտածենք`հրթիռ էր գործընկերը,թե՞ նախապես գիտեր դեպքի մասին:

  2. Gegham says:

    Արսեն, էն սխալները, որոնց
    Արսեն, էն սխալները, որոնց մասին ասում ես, ուղղիղ եթերի շատ տարածված թերությունների շարքում են, երբ նյութերը չեն հասցնում խմբագրվել, տեխնիկական ու խմբագրական սխալները պարզ երևում են.. նման սխալները միշտ ես, ասեքն հայաստանյան ինտերնետային ուղիղ եթերներում, լինի դա ազատություն, առաջինէյէմ թե մեկ այլ լրատվականի ուղիղ եթեր, նման կիքսեր լինում են… գրածս բնավ էդ սխալների մասին չէ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *