2016.01.19,

Քննադատ

Փորձիր հաշվի առնել, թե ինչ ցավ կարող ես պատճառել՝ թեկուզ ակամա

Լրագրողներս աշխատանքում որքանով ենք հաշվարկում, թե մեր քայլերի հետևանքով հոգեկան, բարոյական ինչ վնաս կամ տառապանք կարող ենք պատճառել

Անցած շաբաթ լուսաբանելով սուր շնչառական հիվանդությունների ու մասնավորապես H1N1 վարակի վերաբերյալ տվյալները՝ «Առավոտ»-ը էթիկական սխալ թույլ տվեց՝ նյութի հետ, որի վերնագրում շեշտված էր հենց այդ գրիպից մահանալու փաստը, տեղադրված էր կենդանի մարդու լուսանկար, որը ֆոտոգործակալությունն ուղարկել էր «գրիպ» անվամբ:

Կարող էինք փորձել արդարանալ, թե լուսանկարը կայքում կարճ ժամանակ մնաց ու հեռացվեց հոդվածի հեղինակի ահազանգից հետո: Կարող էինք հիշատակել, որ նույն լուսանկարը գործածել էին նաև այլ ԶԼՄ-ներ: Ի դեպ, խոզի գրիպից մահվան վերաբերյալ լուրերը մեր ԶԼՄ-ները հաճախ են ուղեկցում կենդանի, բայց դիմակավոր մարդկանց նկարներով:

Այլ հարց է, որ առավել հաճախ ընտրում են ոչ տեղացիների նկարներ: Ի վերջո, մեր այդ լուսանկարում դեմք էլ կարգին չէր երևում՝ գլխարկ էր, վերարկու, դիմակ… Եվ լուրն իրոք միայն մահվան մասին էլ չէր: Բայց այս ամենը միայն արդարացումներ կլինեին՝ անհերքելի փաստ է, որ արվածը կոպիտ սխալ էր, որի համար և ներողություն խնդրեցինք:

Սա առիթ է նաև անդրադառնալու, թե ընդհանրապես լրագրողներս աշխատանքում որքանով ենք հաշվարկում, թե մեր քայլերի հետևանքով հոգեկան, բարոյական ինչ վնաս կամ տառապանք կարող ենք պատճառել:

Այս անդրադարձը քիչ ուշացումով ենք կատարում, քանի որ ցանկություն կար սպասելու, մինչև փոքր-ինչ մեղմանար հուզական ֆոնը: Հիշու՞մ եք, թե 2015 թվականի աշնանը ինչ հեղեղ հաջորդեց ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի ազատ արձակմանը, հետո մահվանը:

Դեռ մի կողմ թողնենք, որ Սողոմոն Քոչարյանին հետմահու սկսեցին «մեծ մարդ» անվանել, իսկ նրա կատարած թալանն ու սպանությունը գրեթե արդարացնել՝ այն հանգամանքով, որ սպանվածը թեև Իրանի քաղաքացի էր, բայց ծագումով՝ ադրբեջանցի: «Ադրբեջանում նրանք, ովքեր հայ են սպանում, մեդալներ և նյութական պարգևներ են ստանում երկրի նախագահից։ Իսկ Սողոմոն Քոչարյանը, որն ադրբեջանցի էր սպանել, անողոքաբար ոչնչացվեց հանուն Հայաստանի Հանրապետության»,- գրեց մի ԶԼՄ:

Մի ուրիշ ԶԼՄ հաղորդեց Սողոմոն Քոչարյանի բարեկամի ասածը, թե նա Իրանի քաղաքացի ադրբեջանցուն սպանել էր` նրան նմանեցնելով իր հորը սպանողին։

Դե, հասկանալի է, որ այդ զոհի հարազատները տեղացիներ չէին ու չբողոքեցին այս հրապարակումների դեմ ու պատասխան չպահանջեցին:

Սակայն խնդիրը չսահմանափակվեց միայն Սողոմոն Քոչարյանով: Հանկարծ տպավորություն ստեղծվեց, թե ցմահ ազատազրկման են դատապարտվում բացառապես անմեղները, որոնց անպայման պետք է վաղաժամկետ ազատ արձակել: «Մարդկային լինելու խնդիր կա: Նրանք մարդիկ են: Նրանք ապրում են: Ինչքա՞ն կարելի է նրանց պահել այդ փակ տարածությունում»,- վրդովված ասում էր լրագրող իրավապաշտպանը:

Ի վերջո, ինչ-որ մեկը պետք է հիշեցներ, թե նրանք, այնուամենայնիվ, ապրում են, թեկուզ և փակ տարածությունում: Ի տարբերություն նրանց զոհերի:

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը կոչ արեց չմոռանալ նաև զոհերի հարազատների զգացումների մասին. «Թող մասնատված ու սպորտային պայուսակի մեջ լցված տղայի մոր գիրքն էլ կարդան…»:

Ի դեպ, նման հորդորներ նոր չէ, որ արվում են: Ժամանակին, երբ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ցմահ ազատազրկման դատապարտված հայտնի զույգի փախուստի գործի քննությունը, մեղադրող Հարություն Հարությունյանը դիմել էր ԶԼՄ-ներին կոչով՝ «սրտաճմլիկ» պատմություններ հրապարակելու փոխարեն թերթի էջերում զետեղել 19-ամյա Իոսիֆի քարկոծված դիակի պատկերը…

Կթվա, թե երկու խիստ տարբեր բաներ համեմատեցի՝ մի դեպքում ընդամենը մի լուսանկար է, մյուսում՝ զոհերի հարազատների զգացումներ: Սակայն իմ համոզմամբ՝ ընդհանրությունը մեր չկշռադատված մոտեցումն է ու չխորհելը, թե գրչի մի հարվածով կամ համակարգչի ստեղներին մի քանի հպումներով ինչ վերք կարող ենք բացել կամ, թեկուզ, փորփրել չսպիացող հին վերքերը:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

4 Responses to “Փորձիր հաշվի առնել, թե ինչ ցավ կարող ես պատճառել՝ թեկուզ ակամա”
  1. Վահան Իշխանյան says:

    Մի Ստիր
    Հարգելի media.am, եթե դուք կոչված եք լրագրողական էթիկայի և մասնագիտական հարցեր քննարկել, ապա կոռեկտ չի այդ խնդիրների անվան տակ լրագրողական ոչ պրոֆեսիոնալիզմը արդարացնելը և միակողմանի տեղեկություն տալ դատարանում ընթացող մի զրպարտության գործի վերաբերյալ: Խոսքը այս տողի մասին է «Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը կոչ արեց չմոռանալ նաև զոհերի հարազատների զգացումների մասին. «Թող մասնատված ու սպորտային պայուսակի մեջ լցված տղայի մոր գիրքն էլ կարդան…»: Նախ, նշեմ հեղինակը հակասում է իր նախորդ դատողության մեջ արված սկզբունքին(«Ինչպես օգտագործել սոցցանցերի ինֆորմացիան մեդիայում» նյութում)՝ թե ֆբ-ից տեղեկություն չի վերցնում, քանի որ դա «ծույլ լրագրություն» է, երբ այս նախադսությունը վերցված է հենց ֆբ-ից:
    Հաջորդը.ուրեմն, եթե տեղյակ չեք, տեղեկացնեմ որ ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը դատի է տվել Աբգարյանին այս խոսքերի համար, քանի որ քրեական գործում չկա այդպիսի փաստ թե սպանվածի դիակը մասնատել են, այդպիսի բան չի եղել: Կարծում եմ, որ դուք կտեսնեք տարբերությունը ՝ սպանության և առանձնակի դաժանությամբ կամ սադիստաբար սպանության միջև, տեղեկացնեմ որ սպանությունը և դիակը անարգելը տարբեր քրեական հոդվածներ են: Եվ եթե սպանության համար դատապարտվածին վերագրում են, թե նա մասնատել է սպանվածի մարմինը ու լցրել պայուոսակի մեջ, այսինքն նաև մեկ այլ քրեական հանցանք կատարել՝ անարգալ է դիակը, բայց իրականում այդպես չի եղել, ապա դատապարտյալը կարող է զրպարտության համար դիմել դատարան: Սակայն Աննա Իսրայելյանը անում է այն ինչ փորձում են անել դատարանում պատասխանող կողմը՝ զրպարտությունից խնդիրը տեղափոխել Ենոքայանի անեմղության և մեղքի քննարկման դաշտ:
    Ուրեմն, media.am-ը խախտում է լրագրողական էթիկան՝ սուտը, թե իբր Ենոքյանը մասնատել է սպանվածի մարմինը, տարածելով ու մասնակցելով զրպարտությանը: Եթե Մհերը կարդա այս նյութը, կարող է media.am-ին էլ ներգրվել դատավարության մեջ, որպես զրպարտությունը տարածողի:

  2. Gegham says:

    Հարգելի Վահան, հոդվածի
    Հարգելի Վահան, հոդվածի հեղինակը ընդամենը մեջբերում է արել Իզաբելա Աբգարյանի գրառումից…

    1. Վահան Իշխանյան says:

      Մի ստրի 2
      Հարգելի Գեղամ, եթե ձեր պատկեացրած լրագրության կանոնների մեջ մտնում է մեջբերման միջոցով կեղծիք տարածելը, ապա թյուրմացության մեջ եք, դա լրագրություն չի:
      Բայց այդ մեջբերումը միակ կեղծիքը չի այս նյութի. մեկ այլ կեղծիք էլ ուղղակի մեջբերում չի. հեղինակը գրում է . մեղադրող Հարություն Հարությունյանը դիմել էր ԶԼՄ-ներին կոչով՝ «սրտաճմլիկ» պատմություններ հրապարակելու փոխարեն թերթի էջերում զետեղել 19-ամյա Իոսիֆի քարկոծված դիակի պատկերը… »: Իոսիֆի դիակը քարկոծված չի եղել, ըստ դատաբժշկական փորձաքննության հետմահու վնասվածքներ չեն եղել, ահա սա էլ մյուս սուտը, որ media.am-ը տարածում է:
      Եվ եթե ձեզ պրոֆեսիոնալ լրատվամիջոց եք համարում՝ ներողություն խնդրելով հերքում կտայիք կեղծիք տարածելու համար, և ոչ թե կարդարացնեիք այն:

      1. Gegham says:

        Հարգելի Վահան, «Իոսիֆ»-ի
        Հարգելի Վահան, «Իոսիֆ»-ի հատվածն էլ մեջբերում է…
        սուտ տարածելու, ներողության ու հերքման մասին՝ խմբագրական որոշումներ են, որ այս մեկնաբանությունների ու դրանց հիմքերն ու ճշմարտացի լինելը պարզելուց հետո քննարկելով կկայացնենք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *