do-not

Լրագրողներս աշխատանքում որքանով ենք հաշվարկում, թե մեր քայլերի հետևանքով հոգեկան, բարոյական ինչ վնաս կամ տառապանք կարող ենք պատճառել

Անցած շաբաթ լուսաբանելով սուր շնչառական հիվանդությունների ու մասնավորապես H1N1 վարակի վերաբերյալ տվյալները՝ «Առավոտ»-ը էթիկական սխալ թույլ տվեց՝ նյութի հետ, որի վերնագրում շեշտված էր հենց այդ գրիպից մահանալու փաստը, տեղադրված էր կենդանի մարդու լուսանկար, որը ֆոտոգործակալությունն ուղարկել էր «գրիպ» անվամբ:

Կարող էինք փորձել արդարանալ, թե լուսանկարը կայքում կարճ ժամանակ մնաց ու հեռացվեց հոդվածի հեղինակի ահազանգից հետո: Կարող էինք հիշատակել, որ նույն լուսանկարը գործածել էին նաև այլ ԶԼՄ-ներ: Ի դեպ, խոզի գրիպից մահվան վերաբերյալ լուրերը մեր ԶԼՄ-ները հաճախ են ուղեկցում կենդանի, բայց դիմակավոր մարդկանց նկարներով:

Այլ հարց է, որ առավել հաճախ ընտրում են ոչ տեղացիների նկարներ: Ի վերջո, մեր այդ լուսանկարում դեմք էլ կարգին չէր երևում՝ գլխարկ էր, վերարկու, դիմակ… Եվ լուրն իրոք միայն մահվան մասին էլ չէր: Բայց այս ամենը միայն արդարացումներ կլինեին՝ անհերքելի փաստ է, որ արվածը կոպիտ սխալ էր, որի համար և ներողություն խնդրեցինք:

Սա առիթ է նաև անդրադառնալու, թե ընդհանրապես լրագրողներս աշխատանքում որքանով ենք հաշվարկում, թե մեր քայլերի հետևանքով հոգեկան, բարոյական ինչ վնաս կամ տառապանք կարող ենք պատճառել:

Այս անդրադարձը քիչ ուշացումով ենք կատարում, քանի որ ցանկություն կար սպասելու, մինչև փոքր-ինչ մեղմանար հուզական ֆոնը: Հիշու՞մ եք, թե 2015 թվականի աշնանը ինչ հեղեղ հաջորդեց ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի ազատ արձակմանը, հետո մահվանը:

Դեռ մի կողմ թողնենք, որ Սողոմոն Քոչարյանին հետմահու սկսեցին «մեծ մարդ» անվանել, իսկ նրա կատարած թալանն ու սպանությունը գրեթե արդարացնել՝ այն հանգամանքով, որ սպանվածը թեև Իրանի քաղաքացի էր, բայց ծագումով՝ ադրբեջանցի: «Ադրբեջանում նրանք, ովքեր հայ են սպանում, մեդալներ և նյութական պարգևներ են ստանում երկրի նախագահից։ Իսկ Սողոմոն Քոչարյանը, որն ադրբեջանցի էր սպանել, անողոքաբար ոչնչացվեց հանուն Հայաստանի Հանրապետության»,- գրեց մի ԶԼՄ:

Մի ուրիշ ԶԼՄ հաղորդեց Սողոմոն Քոչարյանի բարեկամի ասածը, թե նա Իրանի քաղաքացի ադրբեջանցուն սպանել էր` նրան նմանեցնելով իր հորը սպանողին։

Դե, հասկանալի է, որ այդ զոհի հարազատները տեղացիներ չէին ու չբողոքեցին այս հրապարակումների դեմ ու պատասխան չպահանջեցին:

Սակայն խնդիրը չսահմանափակվեց միայն Սողոմոն Քոչարյանով: Հանկարծ տպավորություն ստեղծվեց, թե ցմահ ազատազրկման են դատապարտվում բացառապես անմեղները, որոնց անպայման պետք է վաղաժամկետ ազատ արձակել: «Մարդկային լինելու խնդիր կա: Նրանք մարդիկ են: Նրանք ապրում են: Ինչքա՞ն կարելի է նրանց պահել այդ փակ տարածությունում»,- վրդովված ասում էր լրագրող իրավապաշտպանը:

Ի վերջո, ինչ-որ մեկը պետք է հիշեցներ, թե նրանք, այնուամենայնիվ, ապրում են, թեկուզ և փակ տարածությունում: Ի տարբերություն նրանց զոհերի:

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը կոչ արեց չմոռանալ նաև զոհերի հարազատների զգացումների մասին. «Թող մասնատված ու սպորտային պայուսակի մեջ լցված տղայի մոր գիրքն էլ կարդան…»:

Ի դեպ, նման հորդորներ նոր չէ, որ արվում են: Ժամանակին, երբ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ցմահ ազատազրկման դատապարտված հայտնի զույգի փախուստի գործի քննությունը, մեղադրող Հարություն Հարությունյանը դիմել էր ԶԼՄ-ներին կոչով՝ «սրտաճմլիկ» պատմություններ հրապարակելու փոխարեն թերթի էջերում զետեղել 19-ամյա Իոսիֆի քարկոծված դիակի պատկերը…

Կթվա, թե երկու խիստ տարբեր բաներ համեմատեցի՝ մի դեպքում ընդամենը մի լուսանկար է, մյուսում՝ զոհերի հարազատների զգացումներ: Սակայն իմ համոզմամբ՝ ընդհանրությունը մեր չկշռադատված մոտեցումն է ու չխորհելը, թե գրչի մի հարվածով կամ համակարգչի ստեղներին մի քանի հպումներով ինչ վերք կարող ենք բացել կամ, թեկուզ, փորփրել չսպիացող հին վերքերը:

Աննա Իսրայելյան