Կասկածներ են առաջանում, թե գրաքննության խնդիր կա, նույնիսկ եթե հավաքվածների մեջ բոլորը «վստահելի» լրատվամիջոցների ներկայացուցիչներ են
Երեկ գիշեր մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ծավալուն հարցազրույց է տվել հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին, խոսել Սահմանադրության փոփոխությունների և մայրաքաղաքում վերջերս իրականացված հատուկ գործողությունների մասին:
Եթե նախագահի՝ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պաշտոնական հաղորդագրությունը չլիներ, հարցազրույցին չմասնակցած լրատվամիջոցներն այս տեղեկությունն էլ, թերևս, չէին ունենա ու չէին տարածի: Չնայած պրոֆեսիոնալ լրագրության համար սա ամենևին էլ լուր չէ. լուրի դետալ է:
Հայաստանի նախագահի ասուլիսների ու հարցազրույցների դեպքում ավանդույթ է դառնում՝ նախ պաշտոնական հաղորդագրությունը:
Երբեմն նույն ավանդույթի ուժով նախ տարածվում է հարցուպատասխանի՝ պաշտոնական սղագրությունը: Իսկ նախագահի հնչեցրած որևէ կարևոր միտք մինչ այդ չի հրապարակվում: Իսկ եթե հանկարծ հրապարակվի, որքան էլ ապշելու բան է, կարող է դիտվել ոչ թե որպես լրագրողական պրոֆեսիոնալ մոտեցում, այլ արտահոսքի, դավաճանության պես մի բան:
Այսպիսի մոտեցումը երկրորդ պլան է մղել շատ ավելի կարևոր երկու հարց՝ ինչու՞ Հայաստանի նախագահն ասուլիսի չի հրավիրում առավել ընդարձակ ընդգրկմամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների, և ինչու՞ Հայաստանի նախագահը կամ նրա խոսնակը պարբերական ճեպազրույցների ավանդույթ չունեն. թեկուզ՝ ոչ շատ հաճախակի:
Իսկ հարցազրույցի մասնակիցնե՞րը:
Ի՞նչ են անում նման դեպքերում պրոֆեսիոնալ լրատվամիջոցներն աշխարհում: Հատկապես եթե նախագահը կամ նրա խոսնակը պարբերական ճեպազրույցների և լրագրողների հետ այլ ձևաչափի հանդիպումների ավանդույթ չունեն: Հարցազրույցի, այսպես ասած՝ թանաքը չչորացած, տեսագրված նյութին դեռ նույնիսկ չդիպած, փորձելով մեկը-մյուսից առաջ ընկնել, նրանք շատ շտապ, հրատապ, գլխապատառ տարածում են առնվազն ամենակարևոր միտքը, ամենահետաքրքիր կարծիքը, ամենաանսպասելի մտադրությունը, որը հանդիպմանը հնչեցրել է պաշտոնյան:
Հարցազրույցի հաջորդ օրվա առավոտյան անգամ այս թեմայով լռությունը խախտեց դարձյալ միմիայն նույն կեսլուրը՝ նախագահը ծավալուն հարցազրույց է տվել այսինչ թեմաներով:
Ինչպե՞ս է, որ չի պայթում մասնակից հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ համբերությունը. նման դեպքերում լրատվամիջոցներին պետք է որ կրծի՝ ժամեր չեմ ասում, րոպեներ առաջ նյութը հեռարձակելու անհամբերությունը:
Հակառակ դեպքում, կասկածներ են առաջանում, թե գրաքննության խնդիր կա, նույնիսկ եթե հավաքվածների մեջ բոլորը «վստահելի» լրատվամիջոցների ներկայացուցիչներ են եղել: Ավելի հեռուն գնացող կասկածներ են ծնվում՝ արդյո՞ք նույն վայրում մոնտաժված, բայց իրարից մի քիչ տարբեր սյուժեներ չենք դիտելու:
Պաշտոնական նույն աղբյուրի տարածած լուսանկարներից դատելով՝ «հեռուստաընկերությունների ներկայացուցիչների» մեջ պրոֆեսիոնալ առումով շատ հարգարժան դեմքեր կան, որոնք ունեն նաև լրատվական իրենց հարթակները: Հասկանալի է, թե ինչ մեծ կռիվ կա նրանց հոգում: Պրոֆեսիոնալ անհամբերության նույն կռիվը, որ կարևոր հարցազրույցից հետո գոնե մեկ տող իսկական լուր չեն հաղորդել: Գոնե նրանց պրոֆեսիոնալիզմը խնայեին:
Թե չէ, տեղեկությունը, որ նախագահը ծավալուն հարցազրույց է տվել, բացարձակապես լուր չէ: Լավագույն դեպքում, մոդերացիա է՝ հաղորդավարի բացման խոսք: Չնայած պրոֆեսիոնալ մոդերատորը երբեք կարևոր պաշտոնյայի հարցազրույցի շուրջ անդրադարձը չի բացի տեղեկությամբ, թե պաշտոնյան հարցազրույց է տվել:
Հ.Գ. Այս հոդվածը պատրաստ էր, երբ նախագահի պաշտոնական կայքում հայտնվեց նշված հարցազրույցի ծավալուն սղագրությունը: Դա նույնպես պաշտոնական հաղորդագրություն է, և այն, վերջին հաշվով, նախորդեց հեռուստատեսություններում պրոֆեսիոնալ լրատվական անդրադարձներին: Չեն խնայում, էլի, գոնե պրոֆեսիոնալներին:
Ռուզան Խաչատրյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: