Նախորդ անգամ սոցիալական խնդիրներին ու սոցիալական թեմային անդրադառնալով` եզրակացրինք, որ սոցիալական խնդիրների վերհանումն ու արծարծումը լրատվամիջոցների ու լրագրողների նախասիրությունների մեջ առանձնապես չեն մտնում:
Բայց, այսուհանդերձ, մեր բոլոր լրատվամիջոցներն էլ ունեն սոցիալական բաժիններ ու էջեր, բնականաբար նաեւ` սոցիալական թեմաներով գրող լրագրողներ, որոնցից շատերն իրենց բուն թեմայից խուսափելով` տեղին ու անտեղի իրենց նետում են քաղաքական, իրավական եւ այլ ոլորտներ, որովհետեւ, ըստ ամենայնի, սոցիալական խնդիրների արծարծումը ոչ միայն չափազանց աշխատատար գործ է, այլեւ` չափազանց անշնորհակալ գործ:
Ինքս էլ տարիներ շարունակ տարբեր լրատվամիջոցներում աշխատելով` երբեւէ մեր քաղաքացիների սոցիալական խնդիրներին չեմ անդրադարձել, եւ եթե երբեմն-երբեմն անդրադառձել եմ, էսպես ընդհանրական ու ընդամենը ընդհանուր գծերով եմ անդրադարձել:
Իրականում այսօր տեղի ունեցող գրեթե բոլոր բացասական երեւույթների հիմքերը սոցիալական են: Ասվածը վերաբերում է քաղաքացիների (գյուղացիների) անընդհատ աճող դժգոհությանը, ընտրակաշառքին եւ այլն:
Մի խոսքով` իսկապես կեցությունն է որոշում գիտակցությունը: Ընդ որում` կեցությունը ոչ միայն աղքատների ու անապահովների գիտակցությունն է որոշում, այլեւ` հարուստներինն ու սոցիալապես ապահովվածներինը, եւ սոցիալական խնդիրներ որ ասում ենք, նաեւ հարուստների ու ապահովվածների խնդիրները նկատի ունենք, բայց քանի որ վերջիններիս սպառողական լեփլեցուն զամբյուղներն անհամեմատելի են մահկանացուների ու անապահովների օրեցօր պակասող ու դատարկվող սպառողական զամբյուղների հետ, եւ քանի որ մեր շարքային եւ նույնիսկ ոչ շարքային լրագրողները պատկերացնել անգամ չեն կարող հարուստների ու ապահովվածների սպառողական լեփլեցուն զամբյուղների ամբողջ բովանդակությունը, մենք իրավունք չունենք պահանջել, որպեսզի շարքային եւ նույնիսկ ոչ շարքային լրագրողներն ուսումնասիրեն ու շոշափեն մեծահարուստների սոցիալական խնդիրները:
Եվ ինչքան էլ գործարարներն ու մեծահարուստներն իրենց սոցիալական խնդիրներից ու հոգսերից խոսեն, միեւնույն է, լրագրողներն ու սովորական մահկանացուները նրանց հոգսերն ու խնդիրները չեն ընկալի ու չեն հասկանա, որովհետեւ իսկապես դժվար է ընկալել ու հասկանալ շատ շատերից լավ եւ շատ քչերից վատ ապրող մարդու հոգսն ու դարդուցավը` հատկապես սոցիալական առումով:
Մինչդեռ աղքատների ու անապահովների հոգսերը ոչ միայն ընկալելի են, այլեւ` միանգամայն պատկերացնելի, եւ հատկապես ու առանձնապես լրագրողների համար է ընկալելի ու պատկերացնելի, որովհետեւ մեր օրերում լրագրողները ոչ միայն միջին խավ չեն, այլեւ նրանցից շատերը հաջողությամբ կարող են անապահովների բանակը համալրել, բայցեւ իրենք անապահով լինելով եւ անապահովների վիճակը հրաշալի իմանալով` ավելի շատ ու ավելի հաճախ ապահովվածների ու մեծահարուստների մասին են գրում, քան` անապահովների, որովհետեւ, էլի եմ կրկնում, անապահով ընթերցողներին ավելի շատ մեծահարուստների կյանքն է հետաքրքրում, քան` իրենց խավինը:
Չնայած «անապահով ընթերցող» բառակապակցությունն օգտագործեցի, շատ լավ գիտեմ, որ անապահովները վաղուց արդեն ի վիճակի չեն թերթ առնել: Առավել եւս ի վիճակի չեն կայքերից տեղեկատվություն ստանալ, որովհետեւ համակարգիչ չունեն: Նրանցը հիմնականում հեռուստացույցն է` լավագույն դեպքում իհարկե:
Բայց հեռուստացույցն էլ է անապահովների վիճակին հազվադեպ անդրադառնում: Եթե անդրադառնում էլ է, էլի որեւէ դեղ ու ճար չի նշում. ընդամենը ցույց է տալիս ողբերգական պայմաններում ու աղքատության ճիրաններում հայտնված մարդկանց ու ընտանիքների, որոնց վիճակի պատկերն անապահով հեռուստադիտողին վերջնականապես է հուսահատության մղում:
Մնացյալը լռություն է:
Արմեն Շեկոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: