2013.02.22,

Քննադատ

Սոցիալական թեման մոդայից դուրս

Գաղտնիք չէ, որ Հայաստանի բնակչության զգալի մասն այսօր դժգոհ է իր կյանքից: Գաղտնիք չէ նաեւ, որ դժգոհության հիմնական պատճառները սոցիալական բնույթի են:

Գաղտնիք չէ նաեւ, որ մեր լրատվամիջոցները հնարավորինս քիչ են անդրադառնում մեր քաղաքացիներին օրուգիշեր հուզող ու հանգիստ չտվող սոցիալական հարցերին:

Նույնիսկ մեր ամենաընդդիմադիր լրատվամիջոցներն են քիչ անդրադառնում մեր ժողովրդին ամենից շատ հուզող եւ ամենից շատ անհանգստացնող սոցիալական խնդիրներին:

Մեր լրատվամիջոցներն ու լրագրողներն ավելի սիրով ու ավելի սրտանց անդրադառնում են Ազգային ժողովի առօրյային, Ազգային ժողովի ֆրակցիաների ու առանձին պատգամավորների կենցաղին ու վարքին, մարդու իրավունքների հարցերին, արտաքին ու ներքին քաղաքական խնդիրներին, ինչպես նաեւ զանազան այլ հարցերի, քան մեր երկրի ու մեր ժողովրդի սոցիալական խնդիրներին:

Եթե նույնիսկ անդրադառնում էլ են, որեւէ ելք ու դեղամիջոց չեն առաջարկում ու մատնանշում: Չենք ասում, որ վերոնշյալ հարցերը պակաս կարեւոր են, այլ ընդամենը ուզում ենք հիշեցնել, որ սոցիալական հարցերը, անկախ մեր ցանկությունից եւ ի հեճուկս մեր ցանկության, կան ու գոյություն ունեն, եւ դրանք աչքաթող անելն ու չտեսնելու տալն ամենեւին չեն կարող իրավիճակը մեղմացնել:

Ասվածը հավասարապես վերաբերում է նաեւ մեր քաղաքական կուսակցություններին: Նույնիսկ մեր սոցիալական ուղղվածության կուսակցությունները` ՀԿԿ-ն ու ՀՅԴ-ն են մեր քաղաքացիների սոցիալական խնդիրներին հազվադեպ անդրադառնում, եւ եթե երբեմն-երբեմն անդրադառնում են, վերստին որեւէ ելք ու դեղատոմս չեն առաջարկում:

Լավագույն դեպքում ՀԿԿ-ն փառաբանում է խորհրդային տարիները՝ մոռանալով, որ Հայաստանի խորհրդայնացումը ոչ անցյալում է մեզնից կախված եղել եւ ոչ էլ ապագայում է մեզնից կախված լինելու:

Դաշնակցությունն ու մյուսներն էլ մեր ժողովրդի սոցիալական խնդիրներին հիմնականում նախընտրական ժամանակաշրջանում են անդրադառնում: Երբեմն-երբեմն նույնիսկ մեր իշխանական ու իշխանամետ կուսակցություններն են մեր քաղաքացիների սոցիալական խնդիրներին թռուցիկ անդրադառնում` վերստին որեւէ ելք չմատնանշելով ու վերստին համաշխարհային ճգնաժամը մատնանշելով:

Իսկ ՕԵԿ-ն առ այսօր հպարտանում է, որ ժամանակին Ազգային ժողովում ինքն անձամբ բարձրացրեց ու լուծեց քաղաքացիների` ԽՍՀՄ խնայդրամարկղերում փոշիացած գումարների հարցը: Հարցն իսկապես կարելի է լուծված համարել` ոչ միայն փոխհատուցման ծիծաղելի չափը հաշվի առնելով, այլեւ հաշվի առնելով, որ փոխհատուցում ակնկալողներից շատերն էս ընթացքում մահացան, եւ մյուսներն էլ որեւէ կերպ չեն խուսափելու բնական ու անբնական մահերից, եւ հիմնականում դա է պատճառը, որ ժողովուդն այդ փոխհատուցման թեմայով արդեն չի էլ խոսում:

Բայց վերադառնանք սոցիալական խնդիրներին անդրադարձող ու չանդրադարձող մեր լրատվամիջոցներին: Չնայած՝ ինչքան վերադառնանք, այնքան ավելի ու ավելի ենք աբսուրդի մեջ խրվելու:

Բանն այն է, որ լրատվամիջոցներում սոցիալական խնդիրների արծարծումը նույնիսկ սոցիալական խնդիրների մեջ տապակվող մեր քաղաքացիներին չի հետաքրքրում: Նրանց ավելի շատ հետաքրքրում են մեր պատգամավորների, պաշտոնյաների ու մեծահարուստների կյանքի ու վարքի նկարագրությունները, Դեդ Հասանի մահվան հանգամանքները եւ այլն:

Ստացվում է, որ մեր լրատվամիջոցները լավ էլ հետամուտ են ընթերցողի պահանջներին: Հակառակը պահանջելու իրավունք չունենք, որովհետեւ լրատվամիջոցներն էլ իրենց սոցիալական խնդիրներն ունեն, ընդ որում` այդ խնդիրներն օրեցօր ավելի ու ավելի են թեժանում` առաջին հերթին հենց ժողովրդի սոցիալական վիճակի հետ կապված:

Այսինքն՝ միանգամայն փակ շրջան է ստացվում:

Եվ հենց էդ փակ շրջանի մեջ էլ ապրում ու գոյատեւում ենք: Առայժմ:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *