Media.am-ը հավաքել է համավարակի մասին անցած յոթ օրվա ընթացքում տարածվող միֆերն ու դավադրության տեսությունները։ Բազմաթիվ հոդվածներ, ֆեյսբուքյան լայվեր ու գրառումներ տեղավորվում էին երեք հիմնական պատումի մեջ։
Առանձնացրել ենք նաև հարևան Վրաստանում և Ռուսաստանում միֆերի տարածման մի քանի ուշագրավ դեպք։
Դիմակները չեն օգնում
Տեսակետը, թե դիմակները չեն օգնում, տարածված է շատ երկրներում, և այն դժվար է հերքել․ չէ՞ որ դեռ մի քանի ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ինչպես նաև Հայաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարում էին, որ առողջ մարդիկ դիմակ պետք է կրեն միայն հատուկ դեպքերում։
Սակայն ինչքան ավելի շատ տվյալներ էին հավաքվում այս նոր հիվանդության մասին, այնքան ավելի շատ պետություններ սկսում էին բոլորին խորհուրդ տալ կամ պարտադրել դիմակներ կրել։
Հայաստանում կառավարության այս խորհուրդները քննադատության արժանացան։ 2018թ․ հետհեղափոխական արտահերթ ընտրություններում վարչապետի թեկնածու Լուսինե Հարոյան-Դալլաքյանը 2020թ․ մայիսի 23-ին հրապարակեց դիմակների մի տուփի լուսանկար, որի վրա գրված էր, որ դրանք COVID-19 դեմ պաշտպանություն չեն ապահովի։
Առ այսօր այս նկարով կիսվել են 1,400 անգամ։ Նկարը հայտնվում էր թեմային վերաբերող տարբեր հրապարակումների մեկնաբանություններում։ Դրան հղում էր տալիս բլոգեր, դավադրությունների տեսություններով տասնյակ հազարավոր դիտումներ հավաքող Հայկ Կոստանյանը։
Համատարած դիմակներ հագնելու պարտադրանքը քննադատեցին նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Գևորգ Գորգիսյանը այս թեմայով իր ելույթը ուղեկցեց մակագրությամբ․ «Դիմակի տուփի վրա գրված է՝ չի պաշտպանում Covid 19-ից»։
Առողջապահության նախարարը Գորգիսյանի գրառման վերաբերյալ հեգնեց․ «Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու […] մասին»:
Դիմակների քննադատությունը պատկերավոր ներկայացրեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը․ «թույլ չենք տալու, որ ԱԺ֊ն Մուամմար ալ-Կադդաֆի անվան խորհրդարանի վերածեք…»։
Դիմակներ կրելու քննադատների շարքերում էին նաև բժիշկներ։ Օրինակ, դիահերձարաններում հարազատներին գումար առաջարկելու մասին կեղծ լուրը տարածող բժիշկ, Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանը (ներկայանում է որպես Նունե Ներսիսյան) մայիսի 29-ին կոչ արեց մարդկանց դիմակ չկրել։
Դավադիրները ստեղծում են նոր աշխարհակարգ
Այսպես կոչված «Նոր աշխարհակարգ» դավադրության տեսությունը տարածված է տարբեր երկրներում։ Ըստ դրա՝ զորեղ և չար ուժերը ջանում են երկրագնդի վրա նոր, տոտալիտար աշխարհակարգ հաստատել, որպեսզի հեշտությամբ վերահսկեն և կառավարեն աշխարհի բնակչությանը։
Այս պատումը ճկուն և ընգրկուն է․ հանգամանքներով պայմանավորված այն կարող է փոփոխվել, ընդլայնվել, տարատեսակ պատմություններ ծնել։
Այդպես, կորոնավիրուսի օրերին Բիլ Գեյթսը դարձավ չար ու զորեղ ուժերի մարմնավորումը, իսկ չիպավորելը կամ պատվաստումներով (Պատվաստումների մասին հավաստի տեղեկություն փնտրեք Առողջապահության նախարարության կայքում) բնակչություն կրճատելը՝ տոտալիտար աշխարհակարգ հաստատելու գործիքը։
Այս դավադրության տեսությանը հավատացողները միշտ փնտրում են դավադրությունը մատնող նշաններ։ Օրինակ, դրա գոյության նշան են տեսնում վերջերս լայն շրջանառվող «նոր նորմալը» բառակապակցության մեջ, որը օգտագործեց նաև Արսեն Թորոսյանը՝ այդպես մակագրելով դիմակով իր լուսանկարը։
«Նոր աշխարհակարգին» հավատացողները համարում են, որ համաշխարհային այս ծրագիրը բացահայտվել է, և նրանք պետք է պայքարեն՝ տոտալիտար կարգերի հաստատումը թույլ չտալու համար։
Մայիսի 26-ին բլոգեր Հայկ Կոստանյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Վարդան Պետրոսյանը միասին ֆեյսբուքյան լայվ էին անում՝ պատմելով, որ Բիլ Գեյթսն է ստեղծել համավարակը և նրան այդ գործում օգնում են միջազգային կազմակերպությունները։
Կոստանյանի, Վարդանյանի ու Պետրոսյանի խոսքում հենց միջազգային կազմակերպություններն ու մեծահարուստ Գեյթսն էին աշխարհին տիրանալ ցանկացող չար ուժերը, իսկ Հայաստանի և այլ երկրների Առողջապահության նախարարները այս ուժերի խամաճիկներն են։
Այս տեսահոլովակը հավաքեց 46,000 դիտում։ Գրեթե երկու անգամ շատ՝ 87,000 դիտում ունի Տեր Սահակ քահանա Գալստյան ֆեյսբուքյան օգտատերի լայվը, որտեղ վերջինս պատմում է նույն «բացահայտումների»՝ Բիլ Գեյթսի դավադիր ծրագրի ու Հայաստանի խամաճիկ կառավարության մասին։
Կարանտինը պետք էր գաղտնի կերպով Երևանում 5G աշտարակներ տեղադրելու համար
Սոցցանցերը ալեկոծած 5G աշխատակների մասին դավադրության տեսությունը վերջին շաբաթներին ավելի քիչ է հանդիպում մամուլում։ Փոխարենը, այն հետևողականորեն տարածում է Երևանի ավագանու նախկին անդամ, նախկինում բուժաշխատող Մարինա Խաչատրյանը։
Մայիսի 20-ին Խաչատրյանը լայվերի շարք հրապարակեց, պնդելով, որ կարանտին է հայտարարվել, որպեսզի մարդիկ փակված լինեն տանը և կառավարությունը գաղտնի կարողանա Երևանի տարբեր թաղամասերում տեղադրել 5G աշխատակներ։ Միայն Արաբկիրից արված նրա լայվը ունի 135,000 դիտում։ Չնայած դիտումների մեծ քանակի, հոլովակը ունի անհամաչափ քիչ՝ 20 մեկնաբանություն։
Մի քանի օր անց էլ Խաչատրյանը հրապարակեց կլոր սարքով մի աշխատակի լուսանկար ու պնդեց, որ այդ կլոր սարքը նոր է դրվել ու հեռարձակում է 5G: Իսկ երկու օր անց հրապարակվեցին կլոր սարքի գիշերով արված լուսանկարներ․ Խաչատրյանը պնդում էր, որ այն ինչ-որ խորհրդավոր լուսարձակում ունի։
Ի հեճուկս Խաչատրյանի պնդումների՝ Հայաստանում 5G կայաններ չկան․ այս մասին հայտարարեցին բջջային կապի երեք օպերատորները՝ միասին տարածած հայտարարության մեջ։ Ավելին՝ 5G կապի՝ առողջության համար որևէ առանձնահատուկ վնասակարություն հայտնի չէ։
Հարևանների մոտ միֆերի պակաս նույնպես չկար
Հարևան Վրաստանում ակտիվ էր «Stop 5G in Georgia» ֆեյսբուքյան խումբը. ինչպես և Հայաստանում, շատ օգտատերեր կորոնավիրուսի չարիքները բարդել էին 5G հեռահաղորդակցման ցանցի գլխին։
Միֆերի մեկ այլ փունջ էլ վերաբերվում էր ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հին ռուսական հեքիաթին։ Անցյալ շաբաթ այս պատմությունից մի նոր ճյուղ առանձնացավ․ Saqinform կայքը հայտարարեց, որ կորոնավիրուսը հաղթահարելու գործում ԱՄՆ-ից ֆինանսավորում ստացող վրացական լաբորատորիայի հաջողությունները սոսկ փիառ են։
Լաբորատորիայի էֆեկտիվությունը կասկածի տակ էր դնում նաև ռուսական քարոզչական NewsFront կայքի Վրաստանի մասնաճյուղը: Իր հոդվածում NewsFront-ը նորից կապ տեսավ լաբորատորիայի և ԱՄՆ ռազմական նախագծերի միջև։
Ռուսաստանում կառավարությանը կասկածում էր հետաքննող լրագրողների այն տվյալների վրա, որ բժիշկների շրջանում կորոնավիրուսից մահացությունը ՌԴ-ում ուրիշ երկրներից բարձր է։
Իսկ ոչ պետական, բայց Կրեմլին հարող կայքերը Բիլ Գեյթսի կնոջ կախազարդի մեջ սատանիստական խորհրդանիշ նկատեցին։ Հայտնի ռիժիսոր Նիկիտա Միխալկովն էլ շարունակում էր մի տեղ հավաքել կորոնավիրուսի մասին միֆերն ու լեգենդները։ Միխալկովի վախ ներշնչող դավադրության տեսությունները թափառում են նաև հայալեզու Ֆեյսբուքում։
Ի դեպ, Միխալկովը լավագույնս ձևակերպեց կեղծ տեղեկատվության տարածման տրամաբանությունը․ «Եթե ես ինչ-որ բան եմ պնդում, ես պարտավոր չեմ ապացույցներ ներկայացնել։ Եթե դուք հակառակն եք պնդում՝ հերքելով ինձ, այդ դուք պիտի ապացույցներ բերեք։ Այդպես չէ՞»։
Այսինքն, Միխալկովը, ինչպես և կեղծ կամ չստուգված տեղեկություն տարածող բազմաթիվ այլ գործիչներ, իրեն իրավունք է վերապահում անհիմն հայտարարություն անել և դիմացինից է պահանջում ապացուցել իր սխալը։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: