2015-ն ու 2016-ը լրագրողների նկատմամբ բռնությունների տարիներ էին: 2015-ին #ElectricYerevan-ի դեպքերի ժամանակ լրագրողների նկատմամբ հարձակումներն էին, 2016-ին՝ Սարի Թաղում:
«Խոսքի ազատության կոմիտեի» հրապարակած զեկույցի համաձայն, 2016թ-ին տեղ է ունեցել լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության 10, լրատվամիջոցների և նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 52, տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 33 դեպք: 2015թ-ին հետևյալ պատկերն էր՝ ֆիզիկական բռության 8, ճնշումների 67, տեղեկատվական իրավունքի իրացման 30 դեպք:
Անցած տարի տարբեր դատարաններում լրատվամիջոցների և լրագրողների ներգրավվածությամբ 17 նոր դատական վարույթ է ընդունվել, որից 14-ը վերաբերում է վիրավորանքին և զրպարտությանը, 2-ը՝ դրամաշորթությանը, և 1-ը՝ անմեղության կանխավարկածի խախտմանը:
«2016թ-ը մենք գնահատում ենք ծայրահեղ լարված տարի, հատկապես «Սասնա Ծռերի» կողմից ՊՊԾ գնդի վրա հարձակումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի արդյունքը դարձավ հարձակման թիրախ: Նույնիսկ երբ տեսնելով վտանգը նրանք ուզում էին հեռանալ, ենթարկվում էին հարձակման, կոտրում էին նրանց տեխնիկան, ոչնչացնում տեսաձայնագրությունները»,- նշում է կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանը, ով երեք գործ ունի դատարանում ընդդեմ ոստիկանների, Media.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին հերթին լրագրողները պետք է ուշադիր լինեն նաև իրենց մասնագիտական իրավունքի ոտնահարման դեպքերի հանդեպ, որոնք պակաս կարևոր չեն, քան հասարակության տեղեկացված լինելու իրավունքը:
«Լրագրողի աշխատանքը փողոցում չի սահմանափակվում, իմ դեպքում ես լինում եմ դատարաններում, հետևում եմ իմ գործերի ընթացքին, քանի որ չի բացառվում, որ այդտեղ ևս կարող են իմ իրավունքների խախտման դեպքեր հանդիպել»,- ասում է Թեհմինեն:
«Սիրանույշ Պապյանն ընդդեմ ոստիկանապետի» գործով հայցվորի փաստաբան Դավիթ Ասատրյանը Media.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում առավել խախտվում է լրագրողներին իրավաբանական որակյալ օգնություն տրամադրելու իրավունքը, քանի որ ոչ բոլոր լրագրողներն են ի վիճակի վճարել դրա համար:
«Այստեղ համակարգային լուծում է պետք, մի կառույց, որը մասնագիտացված կլինի լրագրողների իրավունքների պաշտպանության գործում և անվճար ծառայություններ կմատուցի նրանց»,- ասում է փաստաբանը:
Լրագրողների իրավունքների պաշտպանության դաշտում, ըստ նրա, այսօր զարգացումներ կան, սակայն ոչ այն տեսքով, որ դրանք որակվեն՝ դրական փոփոխություն:
Մեդիա դաշտում մասնագիտացած իրավաբան Արա Ղազարյանը նշում է, որ լրատվամիջոցների և լրագրողների հանդեպ բռնությունների 100-ից ավել դեպքեր կան, սակայն ոչ մի դատական գործ, պատճառներից մեկն էլ դատարանների ծանրաբեռնվածության պատճառով դատական գործընթացների դադաղեցումն է:
«Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում դատավորների թիվը երեք անգամ քիչ է , քան եվրոպական երկրներում: Դա բարդացնում է լրագրողի և լրատվամիջոցի դեմ դատական հայց սկսելու գործընթացը, քանի որ այն բավականին ծախսատար է դառնում փաստաբանին երկար ժամանակ վարձատրելու տեսանկյունից»,- ասում է Ղազարյանը:
Ինչ վերաբերում է «Սարի Թաղի» դատական գործերին, իրավաբանը տեղեկացրեց, որ 8 գործի նախաքննությունն ավարտված է, 7 դեպքում կա առաջադրված մեղադրանք:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: