Խմբագիրների դուռը հերթով գնալու կարիք չկար հասկանալու համար, որ Հայաստանում թերթերի խեղճացման գլխավոր պատճառը ֆինանսական է: Բա՚յց: Այդ զրույցներից պարզ դարձավ, որ քաղաքակիրթ երկրների և Հայաստանի «փող չկա»-ն այսօր հիմնականում տարբեր բաներ են՝ երբ մասնավորեցնում ես, թե որտեղի՞ց ակնկալվող փողը չկա:
Մեր «փողն» ու նրանց «փողը»
Աշխարհում էլ, Հայաստանում էլ տպագիր թերթերի ֆինանսական աղբյուրները «բարակել» են, որովհետև ինտերնետային անվճար մեդիան վճարովի թերթերից ընթերցող խլելու մեծ ներուժ ունի:
Բայց երբ Արևմուտքում են ասում՝ փող չկա, առաջին հերթին նկատի ունեն, որ մարդիկ սկսել են նրանց թերթը չգնել կամ շատ ավելի քիչ գնել ( և ինչքան փոքր տպաքանակ՝ այնքան գովազդի ցածր գին, չնայած տպագիր գովազդն ավելի մնայուն և ազդեցիկ է համարվում): Իսկ երբ Հայաստանում են ասում՝ փող չկա, հիմա արդեն ավելի շատ հասկանում են, որ թերթի՚ն փող տվող չկա, որովհետև ընթերցողի և գովազդի հաշվին թերթ պահելը Հայաստանում վաղուց է դարձել անհույս ու անհավատալի մի բան:
Դա այս պայմաններում հնարավոր է համարում միայն «Հայկական ժամանակը», որին, ի դեպ, շատ օգնում է իր տպարանն ունենալու հանգամանքը ( չնայած այս տարի ստիպված կրկնապատկեց թերթի գինը): «168 Ժամի» տպագիր տարբերակն առցանցն է պահում, «Առավոտի» դեպքում, հակառակը՝ եկամուտների մեծ մասը բերում է տպագիր տարբերակը, «Հրապարակի» տպագիրը որոշակի ֆինանսներ բերում է:
Հանրավճարի գաղափարը ( երբ թերթն իր ընթերցողներին ֆինանսական նվիրատվությունների կոչ է հղում) տպագիր թերթերի խմբագիրներն առայժմ միայն տնտղում են՝ շատ լավ հասկանալով, որ այդ մեխանիզմը կարող է և չաշխատել Հայաստանում:
Հայաստանում բավական բարձր է թերթի ինքնարժեքը՝ շրջափակման պայմաններում ներկրվող թղթի գնի պատճառով հատկապես: Իսկ տպաքանակներն այնքան փոքր են, որ «Հիմա այս 650 տպաքանակով ինքնածախսածածկում չունենք, մեր դեպքում դա կլինի առնվազն 900-1000 օրինակ տպելով» ( «Ասպարեզ»):
Չնչին տպաքանակներ
Հանրապետական տարածում ունեցող հասարակական-քաղաքական 11 թերթեր, որոնց խմբագիրների հետ զրուցել է Media.am-ը, բոլորը միասին մոտ 32 հազար օրինակով են լույս տեսնում ( ներառված չէ անվճար «Ճամփորդ» շաբաթաթերթի տպաքանակը). ամենափոքրը՝ 650, ամենամեծը՝ 7000:
Բայց ոմանք բնական են համարում նման փոքր տպաքանակները. «Հայաստանում վաճառվող թերթերի քանակը բնակչության թվի համեմատ բոլորովին էլ վատ ցուցանիշ չէ» ( «ՀԺ») :
Ամեն դեպքում, այդ 11 թերթերի տպաքանակները միասին չեն հասնում 1990-ականների առաջին կեսի հայաստանյան առաջատար անգամ մեկ օրաթերթի տպաքանակին ( «Ազգ», «Երկիր»): Չնայած այդ շրջանում էներգետիկ ճգնաժամն ինչ-որ իմաստով «ոսկե պայմաններ» էր ստեղծել տպագիր պարբերականների վաճառքի համար. մրցակից հեռուստատեսությունն ու ռադիոն հովհարային անջատումների պատճառով միշտ չէ, որ հասանելի էին:
Ստացվում է այսպիսի շղթա՝ որպեսզի թերթը շահույթ կամ գոնե ինքնածախսածածկում ունենա, տպաքանակը պետք է բարձրանա, իսկ որպեսզի տպաքանակը բարձրանա, ընթերցող պետք է ունենա:
Ու՞մ համար են տպվում թերթերը
Այս հարցին բոլոր խմբագիրների տված պատասխաններից տարբերությունները հանելուց հետո ընդհանուր երկու բան մնում է՝ ավագ սերունդ և քաղաքական-պաշտոնեական վերնախավ՝ հայացք «դեպի վեր»:
Թերթերի՝ ավելի շատ «դեպի վեր» հայացքից էլ գալիս են քաղաքաֆինանսական բոլոր պատճառներն ու դրանց հետևանքները: Հեռուստատեսային լրատվական թողարկումներն էլ Հայաստանում դեմքով շրջված են դեպի քաղաքական էլիտան, սակայն լսարան պահելուն նրանց մեծապես օգնում են սերիալներն ու զանգվածահաճո մյուս նախագծերը:
Ֆինանսավորողները՝ կուլիսների հետևում
Փոքր տպաքանակներով անշահույթ կյանքից է թերևս, որ թերթերի խմբագիրները ստիպված են նայել ֆինանսական հովանավորի ձեռքին, բայց հակված չեն նրանց անունները տալուն. «Ոչ մի թերթի խմբագիր էլ չի ասի: Կոմերցիոն գաղտնիքի մոտեցումն է պատճառը» («Իրավունք»): Հիմնականում բացատրում են այսպես՝ այդ գումարներն ուղղակի կենսական են, որպեսզի թերթը չփակվի, բայց իրենք ամեն ինչ անում են, որպեսզի լինեն անաչառ ու բազմակարծ:
Սա նաև մի բան է նշանակում՝ ծույլ մրցակցություն կամ դրա բացակայություն. «Հայաստանի մեր թերթերից որևէ մեկը մյուսի հետ մրցակցության մեջ չէ, և այդպիսի բան չի էլ կարող լինել» («Գոլոս Արմենիի»):
Իսկ մրցակցությունն առողջ բիզնեսի լավագույն խթանիչն է, չնայած Հայաստանում բիզնեսի ուրիշ կանոններ են գործում:
Խաղի ուրիշ կանոններ
Եթե թերթերը փորձեին առողջ բիզնեսի կանոններով շարժվել Հայաստանում, շատերը կսնանկանային ու կփակվեին. «Ո’չ, այդպես չէ: Բոլո՚րը կլինեին սնանկացած: Ոչ թե շատերը, այլ բոլո՚րը» («Առավոտ»): Չկա՞ Հայաստանում առողջ բիզնես վարող թերթ. «Ինձ ծանոթ չի այդպիսի բան» ( «Ազգ»):
Բայց «խաղի ուրիշ կանոնները» եթե ոմանց սրտով էլ չեն, միևնույն է, շատ խմբագիրներ հասկացել են, որ Հայաստանում ընթերցողի հաշվին թերթ պահելու գնացքն անցել է: Իսկ հայաստանյան բիզնես-խաղի կանոնները պահանջում են՝ կա’մ այսպես պիտի խաղաս, կա’մ էլ պիտի դուրս գաս խաղից: «Դա ինձ ցավ պատճառում է, այո՚: Բայց ես կարծում եմ, որ թեկուզ խաղի այս կանոնների շրջանակում՝ ավելի լավ է ինչ-որ բան ասել, քան ոչինչ չասել» («Առավոտ»):
Տպարան-տարածող-թերթ ֆինանսական հարաբերություններում ևս անհարթություններ կան, բայց լուծվում են տնավարի, և դրանց մասին ոչ մի խմբագիր չի ուզում խոսել, անգամ՝ չհրապարակելու պայմանով: Աղմուկ չի լինում, դատարան դիմել՝ չկա: Եվ միշտ չէ, որ թերթն է պարտք, երբեմն նրան են պարտք, բայց լուռ նստած՝ սպասում է:
Մեկ դժգոհության մասին՝ թերթերի տարածումից, խմբագիրները բարձրաձայնում են. այդ ընկերությունները հիմնականում շահագրգիռ չեն, որ ավելի շատ օրինակներ վաճառվեն: Մյուս կողմից՝ «Մեր քաղաքացիները շատ պահպանողական են. փորձեցինք խանութներում և բենզալցակայաններում վաճառել թերթը` չարդարացրեց: Մարդիկ սովորել են թերթն առնել կրպակներից» («Իրավունք»):
Գովազդը թերթի «յուղն ու բրինձը» չէ
«168 Ժամ» թերթի առցանցում գովազդի գինն ավելի բարձր է, քան տպագիր տարբերակում: Մյուսների դեպքում հակառակն է. «Թե ինչու՝ պետք է հարցնել գովազդատուներին: Միայն տեղական գործիչները չեն, որ իրենց դիմանկարը տպագիր վիճակով են ուզում տարածել: Հայաստանում աշխատող միջազգային խոշոր բրենդներն էլ են գերադասում տպագիրի գովազդը» ( «Առավոտ»): «Գովազդ ունենու՞մ ենք, որ տեղադրենք: Շատ հազվադեպ է պատահում, որ մեզ գովազդ տան» («Սևան»): « Մենք ունե՞նք գովազդային շուկա: Հայաստանում գովազդային շուկա կոչվածը խայտառակ վիճակում է: Եթե այդպես չլիներ, մեր մի քանի տասնյակ հեռուստակայաններից շատ-շատերն արդեն չէին լինի» («Ազգ»):
«Ասպարեզ», «Չորրորդ իշխանություն» և «Ժողովուրդ» թերթերի խմբագիրների փոխանցմամբ, «անհաճո» թերթում գովազդ տեղադրելը կարող է վնասել գովազդատու գործարարին:
Իշխանությունները եթե չուզեն՝ այսինչ թերթը չի տպագրվի
Անկախ Հայաստանի մոտ 25-ամյա պատմության մեջ ամենաշատ հարձակումները եղել են թերթի մարդկանց և թերթերի խմբագրատների վրա: Եվ ամենաշատը՝ 1990 -ականներին. թերևս պատճառն այն է, որ թերթն էր ամենաազդեցիկը և կարող էր շատ ավելի ազատ լինել: Բայց: Բռնությունները, թերթ փակելը հակադարձում էին առաջացնում, ու հասարակությունը կանգնում էր ազատ խոսքի կողքին:
Այժմ թերթերի դեմ միակ «բռնությունը» ֆինանսական է և անտեսանելի, որոշ խմբագիրների կարծիքով՝ իշխանությունների վերահսկողության համար ավելի արդյունավետ:
Ձևավորում, բովանդակություն, և «աստղային հեղինակներ»
Գունավոր տպագրությունը բավական կմեծացնի թերթի ծախսերը, ձևավորման գայթակղիչ այլ տարրեր հավելելու փորձը ևս ռիսկային են համարում խմբագիրները և միաձայն խոսում են միայն բովանդակային որակի բարձրացման հնարավորության մասին:
1990-ականների կեսերին, երբ լուր կար, որ Հայաստանում մի նոր թերթ է ձևավորվում, մեդիայից լավ հասկացող ընկերներիցս մեկն ասաց՝ տեսնու՞մ ես, թե ինչ խելոք են՝ անունով լրագրողներ են հավաքում: Իրոք, այդ թերթը բավական թափով մտավ ընդհանուր դաշտ ու միանգամից առաջատար դիրք զբաղեցրեց:
«Արմենտելի» մենաշնորհը մի քիչ «օգնեց» տպագիր մեդիային
Այդ թերթն այդպես առաջատար էլ կմնար, եթե չլիներ ինտերնետը: Այս առումով կարելի է դառը կատակ անել, թե «Արմենտելի» մենաշնորհը, որքան էլ բացասական, մյուս կողմից հետաձգում էր Հայաստանում տպագիր մեդիայի փլուզումը ( եթե աշխարհում 1990-ականների կեսերից տպագիր մեդիան սկսեց նահանջել՝ զանգվածաբար ճամփա տալով ինտերնետայինին, ապա Հայաստանում դա սկսվեց 2000-ականների կեսերին):
Իսկ այդ՝ «անունով լրագրողների» մի մասը տպագիր մեդիայից կամաց-կամաց հեռացավ. պատճառները տարբեր կարող են լինել. գլխավորը, թերևս, ֆինանսական է, չնայած խմբագիրներից ոմանք ժխտում են դա: «Այնպես չի, որ թանկ ու որակյալ աշխատուժ կա, որին կարող ես բերել խմբագրություն ու չես բերում: Ես փորձում եմ, ինչքան հնարավոր է՝ նոր մարդիկ բերել: Եղածի վրա էլ դողում եմ: Բայց, միևնույն է՝ լրագրողական դաշտը կայուն չի, շատ հոսուն է» ( «Հրապարակ»): «Ունեմ լրագրող, որը թղթակցում է մեզ և ուրիշների, երբեմն՝ 7 լրատվամիջոցի՝ ամեն տեղից շատ փոքր հոնորար ստանալով» («Ասպարեզ»):
Հայաստանի տպագիր մեդիան, ասես, ժամանակավոր է զգում իրեն, զարգացման համար ներդրումներն՝ ի սկզբանե դատապարտված, և ընդամենը գոյատևման խնդիր է լուծում: Իսկ ինչու՞ են ուզում ամեն գնով գոյատևել. չէ՞որ բոլոր 12 թերթերն էլ, որոնց խմբագիրների հետ 2016 թվականին զրուցել է Media.am-ը, ունեն նաև ինտերնետային տարբերակ:
Ուրեմն ինչու՞ չեն փակում թերթի տպագիր տարբերակը
«Եթե շուկայական մոտեցում ցույց տանք, ոչ, չարժի 7-8 հարյուր հոգու համար թերթ տպել: Բայց թերթ փակելը դժվար բան է. ոնց որ ինքդ քեզ դաշունահարես» («Ազգ»): ««Առավոտի» եկամուտների մեծ մասը բերում է թերթը, դրա համար էլ չի փակվում»: «Թերթն այնքան հեղինակություն ունի, որ դա մեզ որոշակի ֆինանսներ բերում է» («Հրապարակ»)։
Այս ամենին մի բան ընդամենը պետք է ավելացնել՝ քանի դեռ կա թերթ սպառողը: Մինչդեռ ավագ սերնդի ընթերցողը հավերժ չէ:
Ի՞նչ անել
Թերևս, տպագիր թերթերը Հայաստանում կփրկի միավորումը՝ խոշորացումը: Առնվազն այն թերթերի միավորումը, որոնք նույն դաշտում են: Դրանով նաև կլուծվի նույն ու առանց այդ էլ շատ փոքր լսարանը, ֆինանսներն ու գովազդատուներին իրար մեջ «բզիկ-բզիկ» չանելու հարցը: Տեխնիկական որոշ ծախսեր կկրճատվեն:
Միավորումը կկենտրոնացնի նաև լրագրողական ռեսուրսները. աշխատավարձի բարձրացումը կխրախուսի լրագրողական որակը ( ամենուր համարվում է, որ թերթերի լրագրողներն են ամենապատրաստվածը): Սա իր հետ կբերի այնպիսի բովանդակություն, որը լրատվական որևէ այլ հարթակում չկա. հակառակ դեպքում, մարդն ինչու՞ պիտի վճարի և թերթ գնի, եթե նույն բանն, օրինակ, ինտերնետում անվճար կգտնի:
Չնայած, Հայաստանում անգամ երկու թերթերի միավորումը չափազանց անհավանական է թվում, շատ ավելի բարդ բան, քան նույնիսկ թերթի համար ֆինանսներ հայթհայթելն է:
Այնպես որ, «Հայաստանի թերթերի ապագան» հարցազրույցների շարքի համար ամիսներ շարունակ հավաքածս թերթերը խնամքով կդարսեմ և կպահեմ արխիվում. եթե որևէ լուրջ քայլ չարվի, ու գոյատևման այս փիլիսոփայությամբ շարժվեն տպագիր թերթերը, առավելագույնը տասը տարի հետո հավաքածս տրցակը թանգարանային արժեք կունենա:
Ռուզան Խաչատրյան
Հ.Գ. Սա ամփոփիչ հոդվածի հակիրճ տարբերակն է: Առավել մանրամասն տարբերակը այստեղ կհրապարակենք ավելի ուշ:
«Հայաստանի թերթերի ապագան» շարքի առանձին հարցազրույցները տեսնելու համար ստորև բերված ցանկում սեղմել տվյալ թերթի անվան վրա.
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: