Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն ասել է, որ Ամանորի և Սուրբ Ծննդի օրերին Հայաստանում անալոգային հեռարձակումը չի անջատվի: «Տոնական օրերին հեռուստատեսությունը չի անցնի թվային հեռարձակման, այնպես որ քաղաքացիները կարող են վայելել տոնական եթերը»,- «Ժամանակ»-ին ասել է Առաքելյանը:
Անալոգային հեռարձակումը հասանելի կլինի այնքան ժամանակ, քանի դեռ սոցիալապես անապահով ընտանիքները անվճար չեն ստացել թվային հեռարձակման ազդանշանն ընդունելու համար անհրաժեշտ DVB-T2 կցուրդները:
Կառավարությունը վճարել է 365 միլիոն 497 հազար 500 դրամ և գնել է 48 հազար 733 DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարք: Դրանք անվճար տրամադրվելու են սոցիալապես անապահով ընտանիքներին:
«Անապահովները արդեն իսկ պետք է դիմեն թաղապետարաններ ու գյուղապետարաններ՝ թվային հեռարձակման սարքը պետությունից անվճար ստանալու համար»,- ասել է փոխնախարար Առաքելյանը:
DVB-T2 կցուրդները անվճար բաշխելու մասին որոշումը կառավարությունն ընդունել է դեկտեմբերի 24-ի նիստում: Դրանք տրամադրվելու են 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 35.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքներին:
Կառավարությունը նախատեսում է նման DVB-T2 կցուրդներով ապահովել 150 հազար ընտանիքների: Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրեն Գրիգոր Ամալյանը Media.am-ին տեղեկացրել էր, որ նախատեսել են 150 հազար անապահով ընտանիքի տրամադրել թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր տրամադրել: Մնացած 100 հազարից ավելի կցուրդները դեռ գնված չեն: Դրանք գնելն ու բաշխելը ժամանակատար է: Օրինակ արդեն բաշխման ենթակա 48 հազար 733 DVB-T2 կցուրդների գնման մասին որոշումը կառավարությունը կայացրել էր 2015թ.-ի հոկտեմբերի 8-ին՝ մոտ երկուսուկես ամիս առաջ:
Այսպիսով 2016թ.-ի հունվարի 1-ից նախատեսված թվային հեռարձակման անցումը կիրականացվի փուլ առ փուլ, ըստ անվճար կցուրդների ժամանման եւ հայտնի չէ, թե երբ կավարտվի:
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: